Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը: Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակը:
Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս տարի Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակության արարողություններ են անցկացվելու, ծաղկեպսակներ են դրվելու Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ, ջահերով երթ և ամենագլխավոր իրադարձությունը՝ թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:
ԱՊՐԻԼԻ 24
Երկրի կենտրոնի, հարավի և հյուսիսի հայերը Թել Ավիվի ոստիկանության թույլտվությամբ հավաքվելու են Թել Ավիվի ծովափնյա Բեյտ Օպերայի շատրվանների դիմաց, որտեղից ժամը 15:00 – ին կմեկնարկի ոստիկանների ուղեկցությամբ բողոքի երթը դեպի թուրքական դեսպանատուն:
Ժամը՝ 16:00 – ին կմեկնարկի արտոնված ցույցն, որը կավարտվի ժամը 17:00 – ին:
Այնուհետև Թել Ավիվ -Յաֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում 17:30 տեղի կունենա աղոթք՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին՝ ոգեկոչելով Ցեղասպանության 104 – րդ տարելիցը:
Պետախ տիկվայի քաղաքապետարանը հրեական տոների պատճառով ավտոբուս այս տարի չի տրամադրելու: