Դեկտեմբերի 7-ին հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում

0
646
Լուսանկարում՝ հայ հավատացյալները Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում պատարագի ժամանակ
Լուսանկարում՝ հայ հավատացյալները Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում պատարագի ժամանակ

Վերջին երկու տասնամյակի ընթացքում նախկին Խորհրդային Հանրապետություններից ու այդ թվում նաև Հայաստանից Իսրայել մշտապես բնակության տեղափոխված հայկական ընտանիքները ստեղծելով իրենց հասարակական գրանցված կազմակերպություններն Իսրայելի կենտրոնական Պետախ Տիկվա քաղաքում առաջին հերթին ձեռնամուխ եղան բացի համայնքաշեն գործունեությունից նաև երկրի կենտրոնի Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքի շուրջ բոլոր հայերի միավորման բարդ գործը: 2005թ. –ից Իսրայելի Արդարադատության նախարարությունում գրանցված ու միակ գործող Իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն, որին 5 տարի առաջ միացավ նաև Պետախ Տիկվայում ստեղծված «Նոյան Տապան» հայկական, կրթական-մշակութային միությունն այսօր շարունակում են տեղական իշխանությունների հետ համագործակցելով իրականացնել զանազան հայանպաստ ձեռնարկներ: Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն արդեն ավանդույթ է դարձրել 15 տարի շարունակ Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում  Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան, մշակութային երեկոների և հոգեհացի մատուցման Աստվածահաճո ձեռնարկների իրականացումը:

Շատ հազվադեպ է ստացվում, որ դեկտեմբերի 7 – ն ոչ աշխատանքային է լինում Իսրայելում և այս պարագայում հայերը սուրբ պատարագի են ժամանում առավոտյան: Երեկ ավելի քան  200  հայ էր հավաքվել հայկական վանքում, որտեղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան, Գյուլբենկյան մատենադարանի տնօրեն հայր Գևորգ աբեղա Հայրապետյանը հոգեհանգստյան արարողություն անցկացրեց: Մարդիկ եկել էին նույնիսկ հարավային Բեեռ Շևա և Կիրյատ Գատ քաղաքներից՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողություններին:

Վերջին տարիներին այս հավաքների ժամանակ սովորաբար նաև հանգանակություններ են տեղի ունենում: «Նաիրի» միությունը վեց տարվա ընթացքում 580 գյումրեցիների է օգնել, ովքեր հաշվառված են որպես ծայրահեղ աղքատ, բազմազավակ ու գրանցված են տնակներում բնակվող ընտանիքների ցուցակներում:

Աղետից 31 տարի է անցել, սակայն հիշողություններն անմոռանալի են: Երևանից հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Մանուկյանն ութ տարի առաջ էր Հայաստանից տեղափոխվել Իսրայել: Մեզ փոխանցեց, որ շատ է կարևորում նման հավաքների անցկացումն, արդեն երկրորդ անգամն է մասնակցում և գտնում է, որ չափազանց կարևոր է ոչ միայն Իսրայելում, այլև սփյուռքի բոլոր գաղթօջախներում Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելու արարողությունների անցկացումը: Քանի որ մանկավարժ է, համոզված է, որ մեր օրերում հատկապես երեխաների վրա մեծ ուշադրություն պետք է դարձնել: Անհրաժեշտ է երեխաների մեջ մեր ավանդույթներն ու սովորույթները սերմանել, առավել կարևոր է հայկական դպրոցներ երեխաներին բերելն ու հայ դաստիարակելը:

Երկրի կենտրոնում երկու կիրակնօրյա դպրոց է գործում: Մեկը Յաֆոյում արևմտահայերեն ուսուցանմամբ, իսկ երկրորդը Պետախ Տիկվայում՝ արևելահայերեն լեզվով: «Նաիրի» և «Նոյան Տապան» միություններն են իրենց միջոցներով և ծնողների հանգանակությունների շնորհիվ պահում այդ դպրոցն, որի ուսուցումն իրականացվում է Հայաստանի կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեթոդաբանական ձեռնարկներով: Զրուցակիցս ցանկանում էր, որ նման կիրակնօրյա դպրոցներ բացվեն նաև երկրի կենտրոնի մյուս  հայաշատ վայրերում, ինչպես օրինակ Ռիշոն Լեցիոնում, Բատ Յամում և այլ հայաշատ կենտրոններում:

Զրուցակիցս Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան, Գյուլբենկյան մատենադարանի տնօրեն հայր Գևորգ աբեղա Հայրապետյանն է:

Նա իր խոսքում նշեց, որ Սպիտակի երկրաշարժը հայության համար, ի հակառակ այլ պետությունների սպասումների, ունեցավ հայերի միավորման համար կարևոր ազդակ և այս նաև համախնբման արդյունքը դարձավ Արցախյան հերոսմարտում տարած մեր հաղթանակը:

Շուրջ երկու ամիս է ինչ երկրի կենտրոնի համայնքը հոգևոր հովիվ չունի և հայր Գևորգն է Երուսաղեմից գալիս ու պատարագներ մատուցում, մինչև նոր տեսուչ նշանակվելը: Նա ամիսը երկու անգամ գալիս է Յաֆո և պատարագներ մատուցում, քանզի իր պարտքն է համարում համայնքի հետ հաղորդվելը:

Ընդհանրապես երկրի կենտրոնում հայերը միայն տարբեր եկեղեցական տոների կամ համահայկական միջոցառումների ժամանակ են եկեղեցի հաճախում: Հայր Գևորգի համոզմամբ այս ապաեկեղեցական նորագույն իրադրության մեջ շատ կարևոր է հոգևոր քարոզն ու մարդկանց եկեղեցի գալու անհրաժեշտության մասին պետք է անընդհատ բարձրաձայնել: