Երկնքում ճախրող սպիտակ հրեշտակները ոչ միայն դատապարտում են ազգակուլ ազգերին , այլև մերժում են նրանց , – գեղանկարիչ Վաչագան Պողոսյան:

0
1264
Գեղանկարիչ Վաչագան Պողոսյան
Գեղանկարիչ Վաչագան Պողոսյան

– Քայլառքայլ անցնում եմ Հոլոքոստը պատկերող նկարներից նկար, և գլխումս միայն մի միտք է ինձ տանջում. Ինչու՞ և ինչ՞ նպատակների   համար միլիոնավոր  հրեաներ զոհաբերվեցին  գերմանական ֆաշիզմին և պատմության էջերը « Արյունոտ Հոլոքոստ» անվամբ  ներկվեցին , – մտորում է Գյումրեցի գեղանկարիչ, մանրանկարիչ ու արվեստաբան  Վաչագան Պողոսյանը:

Նրա բոլոր   առնաձնահատուկ ու կոնկրետ մարդկային վիշտն ու ցավը կտավներում պատկերող  թվով 14 անհատական ցուցահանդեսները բացվել են մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Գյումրիում, Երևանում, Ռուսաստանի  Դաշնության  Չելյաբինսկ, Մոսկվա քաղաքներում: Նրա կտավների ու յուրահատուկ աշխատանքների մեջ առանձնանում են հատկապես  նկարների մի մեծ շարք՝ նվիրված  Հայոց Ցեղասպանությանը, Հոլոքոստին և Ռուանդայի Ցեղասպանությանը:

Հիմնականում Ցեղասպանությունների զոհերի ու անմարդկային դաժան փորձությունների ենթարկված մարդկային ճակատագրերն են իր կտավների «հերոսներն», որնոնք ներկայացվել են իր անհատական և բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներում : Վաչագան Պողոսյանի կտավները մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, քանի որ չի կարելի զատել նկարների այն մեծաթիվ շարքը, որում ընդգրկված են ոչ միայն Հայոց Ցեղասպանությունն, այլև Հոլոքոստը, Ռուանդայի Ցեղասպանությունն և այլ ազգերի Ցեղասպանություններն ու կոտորածները:

– Կացինը կացնահարում է հսկա կաղնին, անկյանք սաղարթները և կացնահարված ճյուղերն ու տերևները թափվում են անխնա, սակայն կացինն անկարող է կտրել հրեա, հայ և այլ ազգերի արմատներն, որոնք այնքան խորն են և այնքան անհասանելի կացնի շեղբին: Այս ազգերն, որոնք զոհ են գնացել Ցեղասպանությանը, բոլոր ազգերի նման ունեն այս երկնքի տակ ապրելու  իրավունք:  Ուրեմն  ինչու՞ չկտրել հենց սրածայր կացինն իրենց ձեռքին ամուր բռնած մարդասպանների դաստակն, որոնք վայրենի գազանների նման հրեաներին այրում էին վառարաններում, նրանց ենթարկում աննկարագրելի ու քստմնելի  կտտանքների, իսկ հա-մակենտրոնացման ճամբարներն ազատագրելուց հետո, զինվորները միայն քայլող դիակների հանդիպեցին, – ասում է Գյումրեցի արվեստաբանն ու զուգահեռներ անցկացնում Հայոց Ցեղասպանության ու Հոլոքոստի միջև:
Նրա կտավները խոսուն են , բայց ոչ մռայլ ու  ոչ գունազուրկ: Նրանք շնչում են պայծառ գույներով: Նորածիլ ծաղիկները, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է Ցեղասպանությանը զոհ գնացած մի կյանք, հավաստիացնում են, որ երկնքում ճախրող սպիտակ հրեշտակները ոչ միայն դատապարտում են ազգակուլ ազգերին, այլև մերժում են նրանց՝ այլ ազգերի մասսաայական ոչնչացման ստոր գաղափարները՝ ասելով.   Ո՛չ, Ցեղասպանություններին: Ժամանակին Հայոց Ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունն ու ժխտողականության բացակայությունը ծնեցին նոր Ցեղասպանություններ ու կոտորածներ, որոնք կարելի էր կանխել եթե 20-րդ դարի սկզբին կանխվեին հայկական կոտորածներն ու Ցեղասպանությունը:

Նրա աշխատանքները շատ ջերմ ընդունվեցին հատկապես Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության հրեական համայնքների կողմից, որոնք երկու ողբերգությանը նվիրված միջոցառումների շարքում ընդգրկեցին նաև հայ արվեստասերի աշխատանքներն, որոնք գրավեցին արվեստասեր հասարակությանն իր պարզությամբ ու անմիջականությամբ:

Նկարիչը մտադիր է նաև իր աշխատանքները ներկայացնել Իսրայելում ու կազմակերպել անհատական ցուցահանդեսներ Սուրբ Երկրում:  Ահա այսպիսին է երիտասարդ նկարիչ Վաչագան Պողոսյանի ՝ Ցեղասպանության զոհերին հարգանքի իր  տուրքը մատուցելու մարդկային դիմանկարը: