ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ

0
857
Հեղինակ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ, Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյան

Հեղինակ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ, Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյան

Հոդվածը գրված է դասական ուղղագրությամբ:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի համար տասնիներորդ դարը եղել է ձեռքբերումների,  առաջընթացի ու զարգացման, Սուրբ Տեղեաց մէջ իրաւունքների վերականգնման եւ նոր կրթական ու մշակութային հաստատութիւնների կառուցման դարաշրջան: Տասնիններորդ դարի առաջին կարեւոր յաջողութիւնը կարելի է համարել Սուրբ Գերեզմանի վրայ Հայ Եկեղեցու պատարագ մատուցելու իրաւունքի վերականգնումը: 1808 թուականի հրդեհից  յետոյ գերեզմանի նորոգութիւնը յաձնւում է յոյներին: Նորոգութեան աւարտից յետոյ միայն յոյններն ու կաթոլիկներն են պատարագ մատուցում Ս. Գերեզմանի վրայ, իսկ հայերը զրկւում են իրենց դարաւոր իրաւունքից:

Հայ Եկեղեցու իրաւունքը վերականգնելու նպատակով 1829 թուականին Կ. Պոլսոյ Երուսաղէմի պատրիարքական փոխանորդ Զաքարիա Վարդապետը դիմում է Մահմուդ Բ. Սուլթանին, ինչպես նաեւ Սուլթանի խորհրդական Միքայէլ Ամիրա Փիշմիշեանին: Նոյն տարուայ մայիսին Սուլթանը ստորագրում է հրովարտակ, որով Ս. Գերեզմանի վրայ պատարագ մատուցելու հայերի իրաւունքը վերականգնւում է: Երկար ընդմիջումից յետոյ Ս. Գերեզմանի վրայ առաջին պատարագը մատուցում է Պօղոս Արքեպիսկոպոս Գրիգորեանը՝ սեպետեմբերի երկուսին:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի յաջորդ ձեռքբերումը եղել է տպարանի հիմնադրումը: Թէեւ տպարանը հիմնւում է Գաբրիէլ Զմիւռնացի Պատրիարքի օրոք, 1833 թուականին, սակայն տպարան հիմնելու գաղափարը պատկանում էր  Զաքար Եպիսկո-պոսին, որի ջանքերի շնորհիւ էլ եգիպտահայ Մահտեսի Ալիքսան Եղիազարեանի նուիրատութեամբ  Հայոց Վանքում հիմնւում է տպարան՝ հանդիսանալով Երուսաղէմ քաղաքի առաջին տպարանը: Նոյն տարում արդէն տպարանից լոյս է տեսնում առաջին գիրքը՝ Տետրակ Աղօթամատոյց: Ըստ Տիգրան Սաւալա-նեանց պատմիչի մինչեւ 1841 թուականը տպարանից լոյս է տեսնում թուով քսան գիրք, որը փաստում է տպարանի արդիւնա-ուէտ աշխատանքի մասին: 1833  թուականին հիմնուած տպա-րանը գործում է մինչեւ օրս, որտեղից լոյս են տեսնում բազմաթիւ հոգեւոր, պատմական, մշակութային եւ գեղարուեստական գրքեր: Աւելի քան 180 տարի Երուսաղէմի տպարանը մատակարարել է հոգեւոր եւ պատմամշակութային գրականութիւն թէ Երուսաղէմի հայ համայքին եւ թէ սփիւռքի կարեւոր հայ գաղթօճախներին:

Զաքարիա Տեր Պետրոսյան(Գոփեցի) 24 հոկտեմբեր 1841- 8 մայիս 1846

Զաքարիա Տեր Պետրոսյան(Գոփեցի) 24 հոկտեմբեր 1841- 8 մայիս 1846

1841 թուականին Զաքարիա Եպիսկոպոսը ընտրւում է Երուսաղէմի Հայ Պատրիարք: Գահակալութիւնից անմիջապէս յետոյ նա լցւում է իր միւս երազանքի իրականացմանը: Ընդամէնը երկու տարի անց՝ 1843 թուականին  Ռամլէ քաղաքի Ս. Գեւորգ վանքում Զաքարիա Պատրիարքը հիմնում է Ժառանգաւորաց վարժարան ապագայ եկեղեցականներ պատրաստելու եւ կրթելու համար: Երկու տարի անց վարժարանը տեղափոխւում է Երուսաղէմ:  1855 թուականին Յովհաննէս Զմիւռնացի Պատրիարքը վարժարանի համար կառուցում է նոր շէնք: Վարժարանի ներկայիս շէնքը կառուցուել է 1976 թուականին՝ Ալեքս Մանուկեանի առատաձեռն նուիրատւութեամբ:

Եսայի 4-րդ Կարապետյան(Թալաստցի) 14 օգոստոս 1864 – 22 օգոստոս  1885
Եսայի 4-րդ Կարապետյան(Թալաստցի) 14 օգոստոս 1864 – 22 օգոստոս 1885

Հովհաննես Մովսեսյան(Զմյուռնացի)  4 հուլիս 1850 –  23 դեկտեմբեր 1860

Աւելի քան 170 տարի Ժառանգաւորաց վարժարանը եւ Ընծայարանը ջամբել է հոգեւոր եւ ազգային կրթութիւն հազարաւոր սաների, որոնցից մի մասը զգալով եկեղեցական կոչում զինուորա-գրուել են Սրբոց Յակոբեանց միաբանութեանը եւ իրենց անսա-կարկ ծառայութիւնը բերել Սուրբ Երկրում եւ Հայ Եկեղեցւոյ տարբեր թեմերում: Սաների մի զգալի մասն էլ համալրել են արուեստի, կրթութեան, գիտութեան եւ այլ բնագաւառների մշակների շարքերը եւ իրենց գիտելիքներն ի սպաս դրել հայ ժողովրդի զարգացմանը եւ բարգաուաճմանը: Այսօր եւս, Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանը անթերի կատարում է իր առաքելութիւնը եւ արդարացնում իր մեծ հիմնադրի ակնկալիքները:

Այս շրջանի յաջորդ ձեռբերումը պէտք է վերագրել Յովհաննէս Զմիւռնացի Պատրիարքին: Գահակալելով Ղրիմի պատերազմի տարիներին՝ Յովհաննէս Պատրիարքը հասկանում է, որ պատրիարքարանի ֆինանսական կայունութիւնը ապահովելու համար պէտք է որդեգրել նոր քաղաքականութիւն: Մինչ այդ, պատրիարքարանի ֆինանսական եկամուտը միայն ուխտա-ւորների կողմից եղած նուիրատւութիւններն էին:  Պատերազմի պատճառով մի քանի տարի հայ ուխտաւորի հոսքը կտրւում է Սուրբ Երկրում: Պատիարքարանը յայտնւում է ֆինան-սական լուրջ ճգնաժամի առջեւ: Ըստ Տիգրան Սաւալանեանցի՝ Երուսաղէմի հայ միաբանութիւնը երկու տարի գոյատեւում է միայն սոխից պատրաստուած ապուրով: Յովհաննէս Պատիրարքը հասկանում է, որ պատրիարքարանի համար պէտք է ֆինանսական տարբեր աղբիւրներ ապահովել: Պատերազմից յետոյ ուխտա-ւորների կատարած նուիրատութիւններով նա գնում է կալուածքներ Երուսաղէմում եւ Սուրբ Երկրի տարբեր քաղաքներում եւ դրանց վրայ կառուցում շէնքեր եւ խանութներ: Վարձակալութեան տալով այդ շէնքերը պատրիարքարանը ապահովւում է նոր ֆինանսական աղբիւրով, որով եւ վերջ է դրւում պատրիարքարանի ֆինանսական կախուածութիւնը ուխտաւորներից: Յովհաննէս Պատրիարքի որդեգրած այս քաղաքականութեանը հետեւում են իրեն յաջորդած բոլոր պատրիարքները, ովքեր տարիների ընթացքում գնել են նոր կալուածքներ եւ կառուցել նոր շէնքեր:

Յովհաննէս Զմիւռնացի պատրիարքը պատմութեանը յայտնի է նաեւ իբրեւ շինարար պատրիարք: Հակառակ իր գահակալութեան կարճ տարիներին, Երուսաղէմում նա հասցրել է կառուցել մի շարք կարեւոր շէնքեր: 1853 թուականին  նա կառուցում է Ժառանգա-ւորաց վարժարանի եւ Ընծայարանի շէնքը եւ ուսանողներին օժտում ընդարձակ եւ հարմարաուէտ լսարաններով եւ ննջա-սենեակներով: Այժմ այդ շէնքը ծառայում է որպէս թանգարան:

1851 թուականին Յովհաննէս Պատրիարքը օրհնում է պատրիարքարանի նոր շէնքի հիմքերը, որի շինարարութիւնը աւարտւում է 1855 թուականին: Շէնքը կառուցւում է Սուլթանի հայ ճարտարապետ Իջմէտցի Սարգիս Կալֆայի պատրաստած հատակագծով եւ անմիջական հսկողութեան ներքոյ: Շատերն են իրենց հիացմունքը արտայայտել Երուսաղէմի հայոց պատրիար-քարանի շէնքի վերաբերեալ՝ համարելով այն «Հին քաղաքի հոյակապ կառոյցներից մէկը»: Մինչեւ իր վախճանը, 1860 թուականը՝ Յովհաննէս Պատրիարքը շարունակում է նորոգել եւ կառուցել շէնքեր Ռամլէում, Եաֆայում, ինչպէս նաեւ Սիոն լեռան կալուածքներում: Վերջին ձեռբերումը, որին ուզում եմ անդրա-դառնալ այս յօդուածում դա լուսանկարչութեան արուեստն է: Ի՞նչ է հայերի կապը այդ արուեստի հետ Սուրբ Երկրում:

Ըստ Մաղաքիա Օրմանեանի՝ Երուսաղէմում լուսանկարչութեան արուեստը մեծ զարգացում եւ տարածում է գտել Եսայի Վարդա-պետի շնորհիւ, ով 1864 թուականին ընտրւում է Երուսաղէմի Հայ Պատրիարք: Սակայն, մինչ այդ լուսանկարչութեան արուեստի հանդէպ ունեցած իր հետաքրքրութեան պատճառով, Եսայի Վար-դապետը 1862 թուականին ճամփորդում է Անգլիայի Մանչեստր քաղաք, ուր սովորում է այդ արուեստի գաղտնիքները եւ խո-րացնում իր գիտելիքները: Անգլիայից նա անցնում է Փարիզ, ուր եւս աշակերտում է յայտնի լուսանկարիչների եւ հմտացած լուասնկարչութեան արուեստում վերադառնում է Երուսաղէմ:

Եսայի 4-րդ Կարապետյան(Թալաստցի) 14 օգոստոս 1864 – 22 օգոստոս  1885

Հասնելով Սուրբ Երկիր՝ Եսայի Վարդապետը բացում է լուսա-նկարչութեան իր անձնական ստուդիոն, ուր այդ արուեստի գաղտնիքներն է սովորեցնում հայ երիտասարդներին: Պատմիչները պնդում են, թէ հայերը տասնամյակներ շարունակ մոնոպոլիա ունէին Երուսաղէմում լուսանկարչութեան արուեստում:  Եսայի Պատրիարքի նկարները մինչեւ օրս մեծ արժէք են ներկայացնում թէ Սուրբ Երկրի հայերի եւ թէ օտարների պատմութեան լուսաբանման առումով: Հարկ է նշել, որ Եսայի Պատրիարքը շարունակել է զբաղ-ուել իր սիրած արուեստով նոյնիսկ Երուսաղէմի Հայ Պատրիարք ընտրուելուց յետոյ: Ընդառաջելով Եսայի պատրիարքի խնդրանքին՝ միաբանութիւնը արտօնում է նրան Պատրիարքարանի սենեակ-ներից մէկը վերածել ստուդիոյի, որտեղ նա զբաղուել է իր սիրած արուեստով մինչեւ իր մահը:

Երուսաղէմի Հայոց Պատիարքարանի ձեռքբերումները շատ են տասնիներորդ դարում: Այս յօդուածում ներկայացուեցին դրանցից միայն ամենակարեւորները: Համոզուած ենք, որ ներկայացուած ձեռբերումները կը հարստացնեն մեր ընթերցողի գիտելիքները Երուսաղէմի վերաբերեալ եւ նրան կը հաղորդի ազգային հպարտութիւն: