«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը իր ցավակցություններն է հայտնում Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահվան կապակցությամբ

0
412

Ի Տեր ննջեց

Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը

———————————

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 3-ին, կյանքի 90-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են բազմավաստակ եկեղեցականի՝ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր եկեղեցու կարգը։

Հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողությունը, ապա հուղարկավորությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

————

Գերաշնորհ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը (ավազանի անունով` Արմենակ) ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմյան Իսրայելի տարածք): Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:

1952-1957 թթ. ուսանել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ անդամագրվելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությանը:

1964թ. ուսանել է Դարեմի (Անգլիա) համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան:

1964 – 1966 թթ. ուսանել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

1954 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1957 թ. – կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի:

1964թ. մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:

1972 թ. – ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի:

1974 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2006թ. – արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

  • Պաշտոնավարություն

1957թ. – Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս։

1958թ. – հոգևոր հովիվ Ամմանի (Հորդանան) Ս. Թադեոս հայկական եկեղեցու։ Տնօրեն Հեթումյան հայկական դպրոցի:

1966թ. – Լոս Անջելեսի (ԱՄՆ ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:

1972 – 1974թթ. – դասախոս, փոխտեսուչ, ապա` տեսուչ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի։

1975 – 1979թթ. – Կանադայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:

1979 – 1980թթ. – Կալկաթայի հայկական ճեմարանի տեսուչ։

1998 – 1999 թթ. – Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ:

2012թ․ – Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ։

2013թ․ – Երուսաղեմի Հայոց Պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն և մամլո խոսնակ:

Աղբյուրը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ


Խմբագրության կողմից՝

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը իր ցավակցություններն է հայտնում Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահվան կապակցությամբ

Աստված հոգիդ լուսավորի Սրբազան, 10 տարի միասին աշխատել ենք` տասնյակ հարցազրույցներ ունենք մեր արխիվներում։ Արիս սրբազանն այն եզակի, չափազանց գրագետ ու համեստ, մարդկային, մտավորական հոգևորականներից էր, որ այժմ գրեթե չկա։ Թող լույս իջնի հոգուդ վրա, շատ ցավում ենք սրբազանի կորստյան հետ կապված։

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը իր ցավակցություններն է հայտնում ընտանիքի անդամներին ու բարեկամներին: