Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան

0
306
Լուսանկարում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը
Լուսանկարում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը

Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել: «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ խորհրդակցությունների համար դեսպանը հետ է կանչվում Հայաստան, ԱԳՆ-ն նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Դեսպանից հետաքրքրվեցինք, թե ինչ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ին խորհրդակցության ժամանակ: «Մենք դժգոհություններ ունենք, որ զենք են ուղարկում, փորձում ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք: Տարբեր ճանապարհներով փորձում ենք ազդել, որպեսզի նրանք զենք չմատակարարեն՝ գոնե այս պատերազմական իրավիճակում: Հասկանում ենք, որ սա 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում, բայց պատերազմական իրավիճակում խնդրում ենք, որ չուղարկեն, այժմ այդ բանակցություններն են գնում»,- ասաց նա: Ադրբեջանը Իսրայելից միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք է գնել: 2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցության արդյունքում Բաքուն ձեռք է բերել Skystriker և Hermes 900 հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Հրեական առաջատար Jerusalem Post-ը 2017-ին հայտնել էր, որ Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործարքի արժեքը 137 միլիոն դոլար է եղել: Իսկ ահա ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպությությունը 2018 թվականի մայիսի 1-ին հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն Ադրբեջանը Իսրայելից գնել է 15 Hermes 900 ԱԹՍ: Որպես մեկ հատի միջին գին նշվում է 30 միլիոն դոլարը: Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

www.factor.am