Իսրայելում գիշերը տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստը շատ լրատվամիջոցներ շտապեցին «դրամատիկ» անվանել, քանզի կրկին հավաքների սահմանափակում` մինչև 50 հոգի, մտցվեց և բազմաթիվ այլ սահմանափակումներ կյանքի կոչվեցին, որոնք ուժի մեջ մտան արդեն այսօր առավոտյան:
Երեկոյան կրկին արտահերթ նիստ է տեղի ունենալու, և սպասվում են նոր սահմանափակումներ: Արդեն 3,5 ամիս է, ինչ երկրում դիմակներ կրելը պարտադիր է, ու տուգանքը 200-ից 500 շեկել է դարձել, այսինքն` մոտ 144 դոլար: Այսօր նաև տուգանքների ու վարչական պատասխանատվության ենթարկելու ավելի խիստ միջոցներն են քննարկվելու:
Նոր տիպի կորոնավիրուսի 2-րդ ալիքը նոր թափ է հավաքում. ըստ Առողջապահության նախարարության տվյալների` երեկ գրանցվել է 621 նոր դեպք, իսկ հունիսի սկզբին օրական միայն 18-20 նոր վարակակիրներ էին ախտորոշվում: Բուժում են ստանում 6 հազար 160-ը, որոնցից 45-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 318 մարդ մահացել է: Համաճարակի սկզբից վարակվել է 23 հազար 497 մարդ:
Եթե նախկինում Covid-19-ը ներթափանցել էր Իսրայել արտասահմանից, ապա այսօր արդեն այն տարածվում է շատ արագ ողջ երկրի տարածքում, և հնարավոր չէ բացահայտել դրանց օջախները, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այսօր Իսրայելում աշխատակիցների դրական ախտորոշման դեպքում` լինի հանրախանութ, հյուրանոց, թե գործարան, գործատուներն աշխատանքը չեն դադարեցնում, և եթե շփումը վարակակրի հետ եղել է ավելի քիչ քան 30 րոպե, և երկուսն էլ դիմակով են եղել ու պահել են սոցիալական հեռավորություն, ապա այդպիսի աշխատակցին նույնիսկ չեն թեստավորում և 14-օրյա կարանտինի չեն ուղարկում, եթե իհարկէ հիվանդության նախանշաններ նրա մոտ չեն հայտնաբերվել:
Մայիսի 4-ից, հիշեցնենք, բացվեցին տարրական դասարանները դպրոցներում, իսկ մայիսի 18-ից արդեն ողջ ուսումնական համակարգը վերագործարկվեց, ու արդյունքներն էլ մտահոգիչ են: Հունիսի 30-ին ուսումնական տարին ավարտվում է դպրոցներում, սակայն Իսրայելն այն եզակի պետություններից էր, որ կարանտինից ու համընդհանուր սահմանափակումներից հետո վերադարձրեց աշակերտներին դպրոցներ, որն ըստ նույն կառավարության որոշ պաշտոնյաների` ամենամեծ սխալն էր:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա պաշտոնապես մինչև օրս վարակակիրների մասին Երուսաղեմից հաղորդագրություններ չկան, սակայն ինչպես նախկինում, այսօր ևս չկա վստահություն, որ երկրի կենտրոնական հայաշատ քաղաքներում չկան վարակված հայեր: Տարբեր քաղաքների համայնքային պատասխանատուներն առաջին ալիքի ժամանակ վստահաբար հերքում էին հիվանդների առկայությունն, իսկ այսօր գաղտնի են պահում հիվանդության առկայության փաստը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայկական թաղամասը դեռ շարունակում է փակ պահել:
Աշխարհում առաջավոր համարվող հրեական բժշկության մոտ 9 մլն բնակիչ ունեցող երկրում կորոնավիրուսից մահերի (318) թվի, հայ գործընկերների հետ փորձի փոխանակման հարցերի շուրջ «Ազատությունը» զրուցել է «Քլալիտ» բժշկական ցանցի New Medical Choice կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Ասլանյանի հետ. – «Հիվանդանոց մտնելիս նախապես պիտի ստանա ժամ հիվանդը, պայմանավորվում է և ստանում է այդ ժամը և ըստ թույլատրության մտնում է հիվանդանոց: Եթե ոչ ծանր վիճակում է, այսինքն` եթե ֆիզիկապես կարողանում է մենակ քայլել, այդ դեպքում ինքը մենակ պիտի մտնի, եթե ի վիճակի չէ, իրեն պիտի ուղեկցող լինի, ապա մեկ ուղեկցողից ավելի չի կարելի»:
Հետևաբար, հիվանդանոցներ ոչ մի հարազատ չի կարող մուտք գործել, խոսքը նաև ոչ կորոնավիրուսով հիվանդների մասին է: Ինչ վերաբերում է 2-րդ ալիքի մեկնարկին, ապա Լուսինե Ասլանյանը շեշտում է. – «Առաջին ալիքի ժամանակ շատ խիստ էր, քանի որ սա նորություն էր, բնականաբար բոլորս անցանք շատ խիստ կարանտինի, կարանտինից դուրս գալու նպատակը դա էր, որպեսզի փուլ-փուլ բացեին, երկու կամ մեկ շաբաթը մեկ ինչ-որ փոփոխություններ կատարվեն: Ինձ թվում է, դա իմ անձնական կարծիքն է, որ շատ մեծ սխալ եղավ, և աշխարհում միակ պետությունն է, որի դպրոցներն սկսեցին աշխատել: Եվ բնականաբար հենց այդտեղից էլ սկսվեց մեր երկրորդ փուլը»:
Երեկ 23 հազար 497 թեստ է անցկացվել Իսրայելում, ու նրա կարծիքով` նաև ստուգումների արդյունքում է զգալի ավելացել հիվանդների թիվը: Մարտին Իսրայելում ավելի շատ ստուգումներ էին անցկացվում, քան 52 մլն բնակչություն ունեցող Հարավային Կորեայում, իսկ այսօր դրանց թիվը կրկնապատկվել է: Լուսինե Ասլանյանը համոզմունք հայտնեց, որ մյուս փոքր պետություններում էլ եթե այդքան թեստավորումներ անցկացվեն, ապա այնտեղ ևս վարակակիրների թիվը խիստ կավելանա: Պետք է փաստել, որ Իսրայելում 5 օրվա ընթացքում ավելի շատ թեստավորում է անցկացվում, քան Հայաստանում համաճարակի գրանցման առաջին օրվանից ի վեր:
Լուսինե Ասլանյանը թեև 2003թ.-ից աշխատում է Իսրայելի առողջապահության ոլորտում, բայց միևնույն ժամանակ տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանի առողջապահության նախարարության հետ: Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ խոսելով` նա առանց գնահատականներ տալու միայն կոչ արեց զգոն լինել և այս անտեսանելի պատերազմում հաղթելու համար նախարարության բոլոր ցուցումները կատարել. – «Շատ-շատ ցավում եմ, դիմում եմ մեր հայ ազգին` շատ զգույշ եղեք: Ես հասկանում եմ, որ տոկոսային հարաբերություններն անընդհատ փոխվում են, որ վիրուս չկա, վիրուս չկա, դուք տեսնում եք կորուստները: Ես ինքս անձամբ արդեն շատ մտերիմ մարդկանց եմ կորցնում, ովքեր ապրում են Հայաստանում` Երևանում: Պահպանեք հիգիենան, կրեք դիմակներն ամեն տեղ, ես ձեզ խնդրում եմ` փողոցում, խանութում»: