Իսրայելում վարակով պայմանավորված կոշտ միջոցներ են ձեռնարկվում. հայերի շրջանում խուճապ չկա

0
706

Իսրայելում կորոնավիրուսով վարակված 200 հիվանդ կա պաշտոնապես, իսկ թե որքանն են գտնվում կարանտինի մեջ, չի հաղորդվում: Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է: Նրանցից 2-ի վիճակը ծայրաստիճան ծանր է, 11-ինը` միջին ծանրության:

Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խստացրեց պայմանները երկրում: Բոլոր միջոցառումները, որոնց մասնակցելու է ավելի քան 10 մարդ, չեղարկվել են, այսօրվանից չեն գործում սրճարաններն ու բառերը, փակ են կինոթատրոնները, բոլորին ուղարկում են հարկադրված արձակուրդի, հյուրանոցներն ու զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններն ու ավիափոխադրողները հազարավոր մարդկանց են ուղարկել արձակուրդ:

Չնայած երկիրը կորոնավիրուսի դեմ վճռական միջոցներ է ձեռնարկում, շատերը շարունակում են աշխատել, դպրոցականներն ու ուսանողներն էլ համացանցի միջոցով դասեր են անցկացնում: Ընդհանուր խուճապ չկա:

«Ազատության» հետ զրույցում Հայֆայի ՀՄԸՄ-ի ատենապետ Եփրեմ Լափաջյանը նշեց` իրավիճակը հանգիստ է երկրի հյուսիսում ու մասնավորաբար Հայֆայում: Հայֆայահայերը համացանցում հատուկ խմբեր ունեն, որոնցով ոչ միայն պատերազմների ու հրթիռահարումների ժամանակ են իրար հետ կապ հաստատում, այլև այժմ էլ օգնում են միմյանց կարիքի դեպքում:

«Մեզ մոտ վիճակը լավ է, հանդարտ է, լավ ենք մենք, խնդիր չունենք», – նշեց նա` հավելելով, որ կարանտինի մեջ գտնվող հայերից տեղյակ չեն, սակայն ըստ իրենց ունեցած տեղեկությունների` վարակակիրներ չունեն:

Առողջապահության նախարարությունն արգելում է մեքենայով ավելի քան 2 հոգով երթևեկել, 10 անձից ավելի մի վայրում կուտակվել, և այս պարագայում անհայտ է, թե ինչ իրավիճակ կլինի ապրիլին Իսրայելում, արդյոք կկայանան ապրիլի 24-ի ցույցերը Թել Ավիվում և Երուսաղեմում: Այս պահի դրությամբ դրանք իրականացնել օրենքով արգելված է:

Լափաջյանը նշեց` իր մեծ հայրը Ցեղասպանությունից մազապուրծ եղած զավակներից է, ու իր պարտքն է թեկուզ փոքր խմբով միջոցառման անցկացումը:

Ամենահայաշատ Պետախ Տիկվայում առավոտյան եռուզեռ էր, չնայած որ երեխաները տանն են, սակայն նրանց ծնողների մեծ մասը դրսում էր, «Ազատության» այցելած մի քանի մթերային խանութներն էլ լի էին մարդկանցով: Ռոշ Հաայն քաղաքի բնակիչ, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ Տիգրան Մամաջանյանը փոխանցեց. – «Պետական մարմիններն իրենց կոչերով, իրենց աշխատանքով, բժշկությունը և բժշկական հաստատությունները կոչ են անում մարդկանց շատ ուշադիր լինել նախ շփման միջոցների հետ կապված, որպեսզի միշտ հիգիենան պաշտպանվի, մենք բոլորս պետք է գնանք դրան ընդառաջ»:

Նրա համոզմամբ` Իսրայելում շատ են քաղաքացիները, որոնք այնքան էլ շուրջ չեն վերաբերվում կարանտինում գտնվելուն: Հայերի շրջանում կարանտինում գտնվող մարդիկ չկան, հիվանդներ չկան: Սոցիալական ցանցերում մի քանի խմբեր ունեն, առայժ ոչ մի տեղեկություն կորոնավիրուսով հիվանդ որևէ հայի մաս չունեն:

Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց դեռևս անորոշ իրավիճակ է քաղաքական դաշտում, քանի որ չի լուծվել նոր կառավարություն կազմելու հարցը, և մինչև օրս անհայտ է, թե ում է հանձնարարելու նոր կառավարություն ձևավորել երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինը: Երկրում նույնիսկ լուրեր կան չորրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որը, ըստ քաղաքագետների, շատ լուրջ ֆինանսական խնդիրներ կստեղծի:

Աղբյուրը՝  https://www.azatutyun.am/a/30488937.html