Իսրայելում քաղաքական ճգնաժամն ու հայերի դիրքորոշումը

0
598
09.04.19թ. Պետախ Տիկվայի ընտրատեղամասերից մեկը, ապրիլ 2019
09.04.19թ. Պետախ Տիկվայի ընտրատեղամասերից մեկը, ապրիլ 2019

Օգոստոսի 1 – ին ավարտվեց Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 22-րդ գումարման Քնեսետի ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցումը: Պաշտոնապես գրանցվել է 32 կուսակցություն և բլոկ ամիսներ առաջ տեղի ունեցած ընտրություններում գրանցված  47-ի փոխարեն: Էական փոփոխություններ քաղաքական ու նոր խոշոր բլոկներ ի հայտ չեկան ու գրանցվեցին արտասովոր անուններով կուսակցություններ, որոնցից մեկը «Պիրատիմ» թարգմանաբար ծովահեններն անունով կուսակցությունը: «Ծովահեններ»՝  քանզի բոլոր մարդիկ Իսրայելում մի նավակի մեջ են գտնվում: Այսպես էր բացատրում իր անվանումն այս կուսակցությունը:

Չնայած ամառային արձակուրդներին, քաղաքական ամառը բավական թեժ է, քանզի սեպտեմբերի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ մի տարվա կտրվածքով երկրորդ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Հայկական համայնքը հետևում է այս իրադարձություններին, երկրի կենտրոնում գործող կազմակերպությունները դեռ չեն հայտարարել թե ո՞ր ուժին են սատարելու, իսկ Երուսաղեմահայերի 30%  էլ կմասնակցի ընտրություններին, սակայն մինչ մասնակցելը՝  հրեա քաղաքական կուսակցությունների ղեկավարների ու նախկին պատգամավորների հետ էին հանդիպել: Նախ զրուցեցինք Քնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել –Հայաստան  միջազգային ֆորումի հրեական կողմից համանախագահ, «Ընտրական գործընթացների միջազգային ինստիտուտի Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ:

– Առաջին հերթին իսկապես մեկ տարվա ընթացքում երկու անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նույնիսկ շատ հարուստ երկիր չի կարող իրեն թույլ տալ ու ցավոք սրտի այն տեղի ունեցավ ու այս ամիսների ընթացքում էական քաղաքական փոփոխություններ քաղաքական կյանքում տեղի չունեցան, իսկ կոալիցիոն կառավարություն Բիբին չկարողացավ կազմել, քանզի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցության ղեկավար Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը չցանկացավ միանալ կոալիցիային, – ասաց քաղաքագետը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը բաղկացած է հիմնականում նախկին խորհրդային հանրապետություններից Իսրայել տեղափոխված ռուսախոս հրեաներից ու ավելի քան 12 տարի առաջ որոշ ձայներ այս կուսակցությունը ստանում էր նաև հայերից, երբ հայ ժողովրդի բարեկամ երջանկահիշատակ Յուրի Շտեռնն էր այս կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահը Քնեսետում: Այն տարիներին հենց նա էլ ղեկավարում էր Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը ու նրա մահվանից հետո Ադրբեջանի լավ «բարեկամ» ծնունդով Մոլդովայի հրեա Ավիգդոր Լիբերմանի «թեթև ձեռքով», երբ նա պաշտպանության նախարար էր միլիոնավոր դոլարների գեր ժամանակակից զինատեսակներ վաճառեց Իսրայելն Ադրբեջանին: Այս կուսակցության որոշ անդամներ նաև ղեկավարում են «Ազիզա» – Իսրայել Ադրբեջան միջազգային ասոցիացիան, որը սնվում է Բաքվում գործող Հեյդար Ալիևի անվան ֆոնդից:

«Լիքուդի» ղեկավար Բիբիի ու «Կախոլ Լավան» թարգմանաբար կապույտ-սպիտակ կուսակցության ղեկավար Բենիի միջև պայքարը շարունակվում է, ընտրություններից հետո պարզ կդառնա թե՞ ձախ կենտրոնամետ թե՞ աջակողմյան ուժերը կղեկավարեն երկիրը: Բիբի Նեթանյահուն կասկածվում է կաշառակերության մեջ, իսկ նրա կինը Սառա Նեթանյահուն արդեն մի գործով մեղավոր է ճանաչվել, Հնարավո՞ր է կոալիցիոն կառավարություն ստեղծվի եթե Նեթանյահուին մեղադրանք առաջադրվի ու քննարկվի նրան անվստահություն հայտնելու հարցը,- հարց ուղղեցինք պարոն Ցինկերին:

– Որոշ կուսակցությունների ղեկավարներից լսել ենք, որ եթե մեղադրանքներ ներկայացվեն Բիբի Նեթանյահուին, նրանք պատրաստ են լինել «Լիքուդի» հետ կոալիցիայի մաս այն պայմանով, որ ղեկավարը Բիբի Նեթանյահուն չլինի, – փոխանցեց քաղաքագետը: Եթե սեպտեմբերյան ընտրություններից հետո էլ նախատեսված մեկ ամսվա ընթացքում կառավարություն չձևավորվի քաղաքագետի կարծիքով ժողովուրդը փողոց դուրս կգա:

Շարունակելով թեման տեղափոխվենք Երուսաղեմ ու զրուցեցինք «Հոմենընդմենի» նախկին ատենապետ Սերոբ Սահակյանի հետ:

Մոտ մեկ ու կես ամիս առաջ համայնքը մեծ կորուստ ունեցավ: Հիվանդության պատճառով իր մահկանացուն կնքեց պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր, «Հայ Դատի» Երուսաղեմի պատասխանատուներից մեկը, Ժորժետ Ավագյանն ու նրա հետ միասին նաև «Հայ Դատի» տեղի մասնաճյուղը փաստացի դադարեց գոյություն ունենալ, քանզի ամիսներ շարունակ հիվանդության պատճառով նա չէր աշխատում, իսկ գրեթե մեկ տարի ատենապետ Հակոբ Սևանը դադարեցրել է քաղաքական գործունեություն: Այսքանը մեր ունեցած տեղեկությունների համաձայն: Մինչ սակայն «Հայ դատի» ու համայնքային մյուս հիմնախնդիրներին անդրադառնալը զրուցակիցս տեղեկացրեց, որ ձախակողմյան քաղաքական ուժերի հավաքին նաև հայերն են մեկնել ու Հակոբ Սևանը ևս երեք օր առաջ հանդիպումներ էր ունեցել «Մերեց» ու մյուս ձախակողմյան կուսակցությունների ղեկավարության հետ: Հանդիպումը նախընտրական չէր եղել, այլ ընդհանուր հիմնախնդիրների շուրջ: «Մերեց» կուսակցությունը բավական երկար տարիներ նույնիսկ հայերին չի էլ դիմում Երուսաղեմում, որովհետև վստահ են, որ հայերն իրենց են տալիս իրենց ձայները: Զրուցակցիս տեղեկացմամբ սաղեմահայերի ընդհամենը 30% քաղաքացիություն ունի և միշտ նրանք քվեարկել ըն հոգուտ «Մերեց»-ի: Հայ դատի աշխատանքների դադարեցման մասին ու հիմնախնդիրների մասին հարցրեցի:  Ի պատասխան ասաց թե, սեպտեմբերին նոր հանձնախումբ է ձևավորվելու և ներգրավվելու են մեծ թվով երիտասարդ ու պատրաստ կադրեր, ովքեր թարմություն կմտցնեն աշխատանքների մեջ: Ի դեպ այս նոր հանձնախումբը պատրաստ է իր շարքերն ընդունել ոչ միայն բոլոր ցանկացող հայերին այլև օտարներին ու դաշնակցական լինելը պարտադիր պայման չէ:

Ոչ պաշտոնական այցով Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել էր նաև արձակուրդում գտնվող Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Խոսել էին հայրենադարձության, Արևմտահայերենի պահպանության, երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Հանդիպումից ստացված տպավորությունները շատ լավն էին, սակայն հայրենադարձության ծրագիր Հայաստանը չունի, –  ասաց պարոն Սահակյանը: Երկրում տրամադրությունները լավ են, բայց տնտեսական տեղաշարժեր չկան ու երկիրը դեռ սեփական միջոցներով չի կարող հայրենադարձություն կազմակերպել, իսկ սեփական ունեցվածքը վաճառելով ու Հայաստան տեղափոխվելով հայրենադարձությունն անհատական է ու խնդրի լուծում չէ, – եզրափակեց նախկին ատենապետը: