Հուլիսի  3 և 4  –ին  Իսրայելում համերգային ծրագրերով հանդես եկավ հայ տաղանդավոր երգիչ ու երգահան Արա Մարտիրոսյանը

0
650

Հուլիսի 3  – ին Իսրայել էր ժամանել հայ տաղանդավոր երգիչ ու երգահան Արա Մարտիրոսյանը: Նա նույն օրն երեկոյան համերգով հանդես եկավ Իսրայելի Սդերոտ քաղաքում: Մեր շատ սիրելի երգչի համերգներն Իսրայելում կազմակերպել էր Իսրայելյան հայտնի «ITL Production» կազմակերպությունը՝ Ռոման Իմանիլովի գլխավորությամբ, որը նաև հայ երգիչների Իսրայելում համերգներ կազմակերպելու ծրագրեր է իրականացնում:

Հուլիսի 4 – ին կեսօրին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հայ տաղանդավոր երգիչ-երգահան Արա Մարտիրոսյանին ընդունեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում,  որի ժամանակ Պատրիարք Հայրն ընդգծեց, որ չափազանց կարևոր է ուխտագնացությունների կազմակերպման հարցն ու ամենուր պետք է հայերին ներկայացնել այն ժառանգությունն, որը պահպանում է հայկական պատրիարքարանը:

Պարոն Մարտիրոսյանն այցելեց հայկական թանգարան, որն վերանորգման փուլում է, Սուրբ Հրեշտակապետաց վանքում նրան վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը ներկայացրեց վանքի ու մասնավորաբար Տիրոջ ձերբակալման ու բանտ նետելու պատմությունը:

Նույն օրն երեկոյան Աշդոդ քաղաքում տեղի ունեցավ շատ գեղեցիկ համերգ, որին մասնակցեցին տաղանդավոր ջութակահար Գերման Նագդիմաևն, որի կատարումներն ամբողջական հայկական երգերի մշակումներ էին,  կովկասյան հրեաների շրջանում հայտնի երգիչ ու ակարդեոնիստ Զախար Գիլյադովը, տաղանդավոր երգչուհի Էլեոնորա Սոկոլն, իսկ հայ ճանաչված երգիչ ու երգահան, բազմաթիվ փառատոնների մրցանակակիր Արա Մարտիրոյսանին դահլիճը շատ ջերմ ընդունեց: Հայ տաղանդավոր երգահանն իր կատարումների հետ մեկտեղ նաև զվարճալի պատմություններ էր պատմում հայ-հրեական հարաբերությունների վերաբերյալ, իր մանկության որոշ դրվագներ հիշելով՝ առավել ջերմացնելով ու հումորով համեմելով համերգը:

Դահլիճից հրեա հանդիսատեսից մեկը կարծիք հայտնեց, թե Աշդոդը գեղեցիկ ու հերոս քաղաք է , որին մեր հանճարեղ երգիչը պատասխանեց թե.

– Իրոք Աշդոդը գեղեցիկ քաղաք է ու հերոս քաղաքներ շատ կան օրինակ Նովորոսիյսկը, բայց իմ համար հերոս քաղաք է Շուշին:

Պատասխանն իրոք լավ իմաստով ցնցեց հավաքվածներին ու ցնծությամբ ու ծափողջույներով ընդունվեց դահլիճում ներկա հայ հանդիսատեսի կողմից:

Երբ մի քանի ռուսերեն լեզվով կատարումներից հետո մեր սիրելի Արան դահլիճին դիմեց հայերեն լեզվով ու ռուսերեն բացատրեց թե ինչ է նշանակում ցավը տանելն, ու որին հաջորդեց հայերեն ուրախ կատարումներն, ապա մի պահ տեղափոխվեցինք Հայաստան ու նրանից առանք այն կարոտն, որ անկախ Հայաստան հաճախելու հնարավորությունից այրում է մեր սիրտը:

Ողջ դահլիճը հայկական կատարումների ընթացքում կարծես վերածնվեց ու պարող հայերին միացան նաև տասնյակ հայկական երաժշտության սիրահարներ:

Մոտ երկուս ու կես ժամ տևած այս գեղեցիկ համերգի ավարտից հետո հայ երկրպագուները հանդիպեցին իրենց սիրելի   Արա Մարտիրոսյանի հետ ու մտքեր փոխանակեցին և խնդրեցին վերադառնալ Իսրայել ավելի մեծ ծրագրով ու ավելի մեծ դահլիճում ելույթ ունենալ:

Իսրայելահայեր թերթի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին՝ ջերմ ընդունելության համար, պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանին, հատուկ շնորհակալություն Սուրբ Հարության տաճարի միաբան հայր Գեղամին ու Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ  Հովհաննիսյանին բացառիկ աջակցության համար, ինչպես նաև Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությանն ու  «ITL Production» – ին և հատկապես նրա ղեկավար Ռոման Իմանիլովին: