Փրկված մի կյանքի պատմություն

0
1150
Լուսանկարում՝ մեջտեղում Խաչատուր Ազնավուրյանն է, որը գրկել է իր թոռնուհուն՝ Կարինե Հունանյանին, ձախից Սուսաննա Անանիկյանն, աջից Խաչատուրի մայրը՝ Բաբայանց Սուսաննան, վերևում ձախից առաջինը՝ Արամ Ազնավուրյանն է ու Սուսաննա և Ամալիա Ազնավուրյաններն և Խաչիկ Հունանյանը, 1953թ. Քաղաք Ստալինո (Դոնեցկ, ՈՒկրաինա)
Լուսանկարում՝ մեջտեղում Խաչատուր Ազնավուրյանն է, որը գրկել է իր թոռնուհուն՝ Կարինե Հունանյանին, ձախից Սուսաննա Անանիկյանն, աջից Խաչատուրի մայրը՝ Բաբայանց Սուսաննան, վերևում ձախից առաջինը՝ Արամ Ազնավուրյանն է ու Սուսաննա և Ամալիա Ազնավուրյաններն և Խաչիկ Հունանյանը, 1953թ. Քաղաք Ստալինո (Դոնեցկ, ՈՒկրաինա)

2014թ.-ի սեպտեմբերին, Հայաստանում  հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացանք իրենց «Մագեն Դավիդ» թերթում  տպագրված մի հոդվածի մասին, որը պատմում էր մի հանրաճանաչ ընտանիքի այնպիսի չլուսաբանված ու հերոսական մի դրվագի մասին, որ ուղղակի մեղք կարելի էր համարել  ու չզբաղվել հետազոտական աշխատանքներով:

Խոսքն երջանկահիշատակ, աշխարհահռչակ երգիչ, շանսոնյե,  Շառլ Ազնավուրի ազգականների մասին է: Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ երբ հանրաճանաչ Ազնավուրյանների գերդաստանի մի մասը Թբիլիսիից տեղափոխվեց ՈՒկրաինա և մշտական բնակություն հաստատեց Յուզովկա քաղաքում, որն այնուհետև1924թ.-ին վերանվանվեց Ստալինո: Ահա այս քաղաքում էր ապրում Խաչատուր Ազնավուրյանն, որին ուկրաինացիներն  անվանում էին Խրիստաֆոր Ազնաուրով:

Նա ծնվել էր  1890թ. –ին Թբիլիսի քաղաքում: Նրա հայրը՝ Սեդրակը, հացթուխ էր, իսկ մայրը՝ Սուսաննա Բաբայանցը, տնային տնտեսուհի: Ընտանիքն ուներ չորս երեխա. Ավագ որդին՝ Հայկը, Խաչատուրը(Խրիստաֆոր) և դուստրերը՝ Արաքսյան ու Արփենիկը: Բոլոր երեխաներն էլ հոյակապ ձայնային տվյալներ ունեին և կիրակի օրերին տեղի հայկական եկեղեցում էին երգում:

Խրիստաֆորը(Խաչատուրը) առաջինը տեղափոխվեց  ՈՒկրաինա, որից հետո Ստալինո քաղաք տեղափոխվեց նաև նրա եղբայր Հայկն ու քույրերն՝ Արփենիկն ու Արաքսյան: Բոլորը միասին ապրում էին մի բակում: Ազնաուրովները սովետական մյուս քաղաքացիների նման ապրում էին համեստ, այլ կերպ էլ հնարավոր չէր պատկերացնել Ստալինյան ռեպրեսիանների տարիներին:

Սակայն Խրիստաֆորը կարողացավ մի փոքրիկ ռեստորան-սրճարան բացել այդ տարիներին ու այն համընկավ Երկրորդ Աշխարհամարտի ու Ստալինո քաղաքի ֆաշիստների կողմից օկուպացիայի հետ:

1941թ. Հոկտեմբերի  21-ին գերմանացիները մտան քաղաք ու անմիջապես ձեռնամուխ եղան հրեական բնակչության հալածանքներն ու սպանությունները:   Ազնաուրովները սկզբում բնակվում էին Լառինկա փողոցի վրա իսկ այնուհետև տեղափոխվեցին  Դեսյատի Լինյայի փողոց: Հայ հերոսի թոռնուհին՝ Կարինե Հունանյանը, մեր հետ հանդիպման ժամանակ պատմեց փրկված մի հրեա աղջնակի կյանքի  այս պատմությունը:

Նա չէր հիշում թե, որ փողուցում՝ Լառինկայի թե Դեսյատի Լինյայի Ազնաուրովների հենց տան բակի դիմաց ապրում էր մի հրեա ընտանիք:  ՈՒ երբ «Սև ագռավ» կոչվող մեքենաները հայտնվում էին ու թաքստոցներից ու ռմբահարված քաղաքի ավերակներից հավաքում էին հրեաներին,  հայերը չէին կարող օգնել մահվան ճիրաններում հայտված հրեաներին, քանզի անմիջապես առանց դատ ու դատաստանի մահապատժի կենթարկվեին:

1942 թ.-ի մարտին  ֆաշիստները Գետտո ստեղծեցին ու ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում սկսվեցին հրեաների մասսայական սպանություններն Ստալինոյում: Ամբողջությամբ վերացվեց հրեական Գետտոն ապրիլի 30-ի լույս մայիսի  1-ի  գիշերը՝ մարդկանց նետելով  4 – 4 Բիս ածխահանքը:

Այս օրերին էր, որ «Սև ագռավ» կրկին  հայտնվեց Ազնաուրովների փողոցի վրա: Նրանց տան դիմաց ապրող հրեաները հայերի մտերիմ հարևաններն էին, իսկ նրանց կրտսեր դուստրը՝ 15 տարեկան Նինոչկան, Խրիստաֆորի դստեր՝  իրեն հասակակից Ասյայի ընկերուհին էր ու այդ օրն երեխաները միասին խաղում էին Ազնաուրովի բակում:

Խրիստաֆորը նկատելով, որ նացիստներն իրենց հարևան հրեաներին են տանում, անմիջապես Նինոչկային թաքցրեց իր նկուղում: Այն ժամանակ գերմանացիներն իրենց զինվորներին պահում էին քաղաքի բնակիչների բնակարաններում՝ ստիպելով կերակրել նրանց: Հայերի ընտանիքում երկու գերմանացի էին բնակվում:

Ահա կյանքի գնով ու նաև վտանգելով ոչ միայն սեփական, այլև ողջ գերդաստանի կյանքը, Ազնաուրովը փրկեց հրեա աղջկա կյանքը: Կինը թաքուն այս երեխային կերակրում էր 10 օր շարունակ, իսկ նրանց բնակարանում բնակվող երկու գերմանացի զինվորներից  մեկը՝ Վալտեր անունով,  կանչում է և հասկացնում, որ Ազնաուրովն իր նկուղում «Յեհուդա» է պահում և պետք է անհապաղ նրան հեռացնել տանից, քանզի նացիստ զինվորներն ու հայտնի «ԷՍԷՍ» -ի ջոկատները փնտրում են հրեաներին:

Շվարած մնալով, որ այս գերմանացին իմացել է հրեա աղջկա ներկայության մասին և չի պատժել հայերին, ստիպված գիշերով, կրկին վտանգելով իր կյանքը, հայ հերոսը երխային տարել է Գոռլովկա, իր քրոջ՝ Արփենիկի մոտ, որտեղ մեկ ամիս մնալուց հետո Նինոչկային թաքցնում են իրենց բարեկամների մոտ մինչև Ստալինոյի ազատագրումը 1943թ.-ի սեպտեմբերի 7-ը:

Պատերազմի ավարտից հետո Խրիստաֆոր Ազնաուրովին 1946թ.-ին Սովետական իշխանությունները ձերբակալեցին՝ մեղադրելով նրան դավաճանության և նացիստներին և ուկրաինացի պոլիցայներին իր ճաշարանում կերակրելու մեջ: Դատարանի դահլիճում դատապարտված ու գործով վկա պոլիցայներից մեկն ասել էր, թե չի հասկանում թե որն է Ազնաուրովի մեղքը, նրա մոտ միշտ սնունդը համեղ էր, իսկ ճաշարանն էլ շատ մաքուր:  Դատարանի դահլիճ շատ անսպասելի հայտնվում է մի անծանոթ տղամարդ, ցույց տալիս դատավորին իր պարտիզանի վկայականն և պատմում, որ Խրիստաֆորն իր կիսաճտկավոր կոշիկի մեջ պահում էր պարտիզանների գաղտնի հաղորդագրություններն ու դատարանում նրան ազատ արձակեցին կես տարի տևած ծանր հարցաքննություններից  ու տանջանքներից հետո:

1961թ.- դեկտեմբերի  31-ին 71 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց իսկական հերոս ու Ազնավուրյանների ցեղի ամենահարգված անդամներից մեկը Խաչատուր Ազնավուրյանն, որի գերեզմանը գտնվում է Դոնեցկ քաղաքի քաղաքային գերեզմանատանը: Նրա կինը՝ Սուսաննա Անանիկյանն միացավ իր ամուսնուն 1975թ.-ին ամուսնու մահվանից 14 տարի անց և հանգչում է նրա կողքին:

Կարինե Հունանյանի, նրա մոր Ամալյա Ազնավուրյանի և Նինոչկայի հանդիպումը տեղի էր ունեցել 1970թ.-ին Դոնեցկում(Ստալինո): Շատ անսպասելի նրանց մոտեցել էր մի կին և սկսել էր գրկել ու համբուրել նրանց: Այնուհետև Ամալյան և Նինան սկսել էին հիշել անցյալն ու արտասվել:  Տիկին Կարինեյին իր մայրը պատմել էր, թե այս կինը Նինան է, որին պապիկը պահել էր նկուղում:

– Կարինոչկա, եթե քո պապիկն ու տատիկը չլինեին, ապա ես էլ իմ ծնողների նման ողջ չէի լինի ու չէի փրկվի: Ինձ էլ գերմանացիները կնետեյին ածխահանքի մեջ: Ես նրանց այնքան եմ երախտապարտ: Նրանք ինձ կյանք պարգևեցին վտանգելով սեփականը: Ես շնորհակալ եմ…….նրանց:

Կարինե Հունանյանի մորաքույր Ասյա Ազնաուրովան ապրում էր Կիսլովոդսկ քաղաքում: Նա որոշակի առողջական և ցավոք սրտի հիշողության հետ կապված խնդիրներ ուներ և արդեն 2014թ.-ին կնքեց իր մահկանացուն, այդպես էլ չհիշելով իր ընկերուհու՝ Նինոչկայի հասցեն:

2013թ.-ին ուղղակի վիդեո արխիվի համար տեսագրեցինք Կարինե Հունանյանին:

2014թ.-ից ակտիվորեն մեր ունեցած բոլոր հնարավորություններով ՈՒկրաինայի Դոնեցկ քաղաքում փնտրում էինք Նինային: Կապ էինք հաստատել Դոնեցկ քաղաքի հրեական համայնքային կենտրոնի տնօրեն Տամարա Նատանովնայի հետ և նրանց  էինք ուղարկվել մեր ձեռքի տակ գտնվող ողջ արխիվը:

Արդեն անցել է 5 տարի, սակայն գիտակցելով գործի կարևորությունը շարունակում ենք մեր աշխատանքները, չնայած, որ մինչև օրս որոնումներն անարդյունք են, քանզի Օդեսայում ՈՒկրաինայի ու Դոնբասի և Լուգանսկի միջև տեղի ունեցող եղբայրասպան հակամարտության արդյունքում խիստ նոսրացել է Դոնեցկի հրեական համայնքն ու հնարավոր չէ այնտեղ նման պայմաններում արխիվային նյութեր փնտրել: