Արխիվային հաղորդագրություն
Վերջին անգամ Պետախ Տիկվայում հայկական համերգ տեղի էր ունեցել անցյալ տարի 2015թ.-ի հոկտեմբերի 7-ին: Այդ օրը ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել քաղաքում: Արաբ ահաբեկիչը դանակահարել էր պատահական անցորդների: Չնայած այս հարձակմանը, համերգը քաղաքապետարանի «Շարետ» դահլիճում տեղի ունեցավ ու քաղաքապետն էլ չնայած քաղաքում հայտարարված արտակարգ իրավիճակին, մասնակցեց համերգին: Հայ-հրեական հարաբերություններն ապրիլյան պատերազմից հետո շատ լարված էին ու երկուստեք քայլեր չեն ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար, սակայն Իսրայելում կա մի քաղաք՝ Պետախ Տիկվան, որտեղ շատ ջերմ հարաբերություններ ու լուրջ համագործակցություն կա տեղի քաղաքային իշխանությունների հետ:
Ավելի քան 12 տարի քաղաքում համայնք ձևավորելուց հետո, շատ ջերմ հարաբերություններ ու համագործակցության մեծ հեռանկարներ բացվեցին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության և տեղի իշխանությունների միջև: 3 տարի առաջ «Նաիրիին» միացավ նաև «Նոյան Տապան» հայկական մշակութային միությունն ու անկախ թե ինչպիսի հարաբերություններ ունեն երկրներն, այս քաղաքում հայ-հրեական մշակութային հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են ու 2016թ.-ի օգոստոսի 25-ին հայ իրականության մեջ կրկին բացառիկ մի հայկական համերգ տեղի ունեցավ, որին մասնակցեցին 370 կմ հեռու գտնվող հարավային Էլիատից մինչև հյուսիսային Հայֆա քաղաքի հայ բնակիչները:
Հայկական համայնքին Մայր Հայրենիքից հյուր էր եկել Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը: Ամիսներ առաջ Պետախ Տիկվայի քաղաքապետին Պետախ Տիկվայի հայերը հրավիրել էին Երուսաղեմ ու սրան ի պատասխան պարոն Բռավերմանը հրավերք էր ուղարկել Երուսաղեմի Հայոց պատրիարքին: Հանդիպում էր տեղի ունենալու քաղաքապետարանում պատրիարքի ու քաղաքապետի և հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն պատրիարքի վատառողջության պատճառով հոգևոր առաջնորդը չժամանեց Պետախ Տիկվա: Հայ հավատացյալներին իր խոսքով դիմեց նաև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն, ով ուրախ էր դահլիճը լեցուն տեսնելով և իր բարեմաղթանքներն հղեց հավաքվածներին ու համախմբվածության և միասնության կոչերով հանդես եկավ:
Երեկոն բացվեց հաշվետվությամբ, որի ժամանակ մի փոքրիկ տեսաֆիլմ ցուցադրվեց՝ հայկական համայնքի Արցախ ուղարկած օգնության մասին, այնուհետև քաղաքապետ Իցխակ Բռավերմանն ողջունեց ներկա գտնվողներին ու կարևորեց քաղաքում գործող կազմակերպ ու միասնական հայկական համայնքի գոյությունն ու նրա մասնակցությունը քաղաքի հասարակական-մշակութային կյանքում: Ներկա էին նաև շատ պաշտոնյաներ քաղաքապետարանից, ովքեր իհարկե հայերեն չէին հասկանում, բայց հրճվանքով էին ունկնդրում հայկական երաժշտությունը:
Համերգի ժամանակ ելույթ ունեցան նաև դաշնակահար Սերգեյ Թարխանյանն ու «Նոյան Տապան» հայկական մշակութային կենտրոնի դպրոցականները:
– Մի պահ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ գտնվում էինք Հայաստանում ու հերթական հայկական համերգին էինք մասնակցում, – իր տպավորությունների մասին մեր թերթին պատմեց Պետախ Տիկվայի բնակչուհի Թամարա Ավետիսյանը:
Համերգը մոտ երկու ժամ տևեց և հայ հանդիսատեսը չէր ուզում հրաժեշտ տալ սիրելի երգչուհուն: Տիկին Լևոնյանը ներկայացրեց իր նոր երգաշարը նվիրված հայ զինվորներին, Արցախյան վերջին հերոսամարտին նվիրված նոր տեսահոլովակն ու բազմաթիվ հայրենասիարական և ժողովրդական երգեր, որոնցից հմայված մարդիկ ուղղակի պարում էին դահլիճում: Մեր խմբագրությանը տիկին Լևոնյանը փոխանցեց, որ առափին անգամը չէ, որ Իսրայելում է, բայց առաջին անգամն է Պետախ Տիկվայում ու ոչ միայն հայ մշակութասեր հասրակությունն է ցնծության մեջ, այլև շատ հրեաներ մոտեցել են նրան և իրենց հիացմունքն արտահայտել հայկական երգի նման գեղեցիկ ներկայացման համար: Նա նաև բարձր էր գնահատում քաղաքային իշխանությունների հետ համայնքի համագործակցությունն ու տպավորված էր հայկական միությունների նկատմամբ քաղաքապետի տածած հարգանքով:
Հայ երգչուհին ծանոթ էր Իսրայելում ու ընդհանրապես Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող հայկական համայնքների հիմնախնդիրներին: Դրանք գրեթե ամենուր նույնն են: Հայապահպանման հիմնախնդիր, հայ ժողովրդին հայկական եկեղեցու շուրջ համխմբելու, հայկական կրթոջախների ու ժառանգության պահպանում, սակայն Իսրայելում հիմնահարցերն ավելի ընդարձակ են: Գտնվելով արաբա-հրեական հակամարտության կիզակետում, այստեղ ոչ միայն թվարկված հիմնախնդիրներն են կարևորվում, այլև Հայոց Պատրիարքության հողերի ու քրիստոնեական իրավունքների պահպանումն է ու փոխանցումը հաջորդ սերունդներին փոքրաթիվ ու նոսրացող հայկական համայնքի ուժերով: