Բաց դաս Պետախ Տիկվայի հայկական դասարանում

0
2226
Էմիլի Չերնամորյանը դասի բացման ժամանակ

Ապրիլի 18 – ին Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանի  Բեյտ Օլեյում տեղի ունեցավ հայկական առաջին բաց դասը՝  նվիրված հայկական Զատիկի տոնին: Մոտ ամիս ու կես առաջ վերաբացված դպրոցն այժմ ունի մեկ դասարան: Բեյտ Օլեյում տեղի ունեցած հրդեհի պատճառով ավելի քան մեկ տարի դրսում էր մնացել ոչ միայն համայնքի դպրոցն, այլև տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների ու համայնքների խմբակներ ու դպրոցներ: Նախորդ տարիներին Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ դպրոցը միշտ ստացել է հայկական այբբենարաններ ու դասավանդման մեթոդաբանական ձեռնարկներ: Նախարարության լուծարումը չնայած չխանգարեց շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների հետ ու նախարարության կրթության վարչությունից ստացվել է գրքերի ցանկն ու այժմ ուսուցչական կազմն ըստ պահանջի ուսումնասիրում է գրքերի ցանկն և թե աշնանը բացվելիք նոր դասարանի համար կազմակերպում է ընդունելություն:

Հայկական դպրոցը հիմնադրվել է Պետախ Տիկվայում 2004թ.-ին ու արևելահայերենով դասավանդվող միակ կառույցն է Իսրայելում: Մինչև 25 աշակերտ ունեցող դասարաններում դասավանդվում էր ոչ միայն Հայոց Լեզու, այլև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի շնորհիվ նաև հայկական երգ և երաժշտություն, ինչպես նաև գործում էր հայկական պարի խմբակը: Այս տարիների ընթացքում սերընդափոխություն տեղի ունեցավ ու աշակերտների թվի պակասի պատճառով որոշակիորեն տուժեց նաև դպրոցը: Այժմ դպրոցն ունի մեկ դասարան՝ 5 աշակերտով, սակայն դպրոցը պատրաստ է աշխատել նաև մեկ աշակերտի համար:

Քնարիկ Վարդանյանին փոխարինել է այժմ նոր ուսուցչուհին՝  Անի Հարությունյանն, ով էլ ապրիլի 18- ին կազմակերպել էր բաց դասն, որին մասնակցեցին ոչ միայն դասարանի աշակերտներն, այլև Պետախ Տիկվայի ավելի փոքրիկ երեխաներն, ովքեր արդեն գրանցվել են նոր դասարանում:

Ընդհանրապես դասարաններում սովորել են ոչ միայն տեղի համայնքի աշակերտներն, այլև տարբեր քաղաքներից երեխաներ:

Դպրոցը հայտարարում է նոր ուսումնական տարում երեխաների ընդունելություն 6 տարեկան երեխաներից սկսած մինչև 12 տարեկան հասակը՝ մեկ դասարան բացվելու երեխաներին տառաճանաչ դարձնելու համար, իսկ 2-րդ դասարանը շարունակելու է Հայոց պատմության, մշակույթի ու կրոնի ուսումնասիրությունները:

Ավելի քան 6 տարի Պետախ Տիկվայում միասին աշխատող «Նաիրի» և  «Նոյան Տապան» միությունների համատեղ ջանքերով ավելի արդյունավետ է դարձել դպրոցի աշխատանքն ու յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու անգամ դպրոցականները մեկնում են  Երուսաղեմ կամ մեկօրյա ճամբարներ են կազմակերպվում նրանց համար: Կազմակերպությունները քննարկում են սեփական սկաուտական կազմակերպությունը ստեղծելու ծրագիրը: Արդեն մասամբ լուծվել է համազգեստների հարցը:

Թերթի խմբագրությունը հաջողություններ է մաղթում դպրոցին ու կոչ անում երկրի կենտրոնում բնակվող հայ ընտանիքներին շաբաթական գոնե մեկ անգամ դպրոց բերել  իրենց երեխաներին: