Հուլիսի 2 –ին տեղի ունեցավ Ակադեմիական վարժարանի 30 – ամյակին նվիրված տոնական երեկոն, որին մասնակցեցին կրթօջախն ավարտած բոլոր սերունդների ներկայացուցիչները, նախկին և ներկայիս ուսուցիչները, տարբեր կրթօջախների տնօրեններ, Գյումրու քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ և այլ պաշտոնական անձինք: Այս միջոցառումը տեղի ունեցավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում, որը նախատեսած 220 – ի փոխարեն ընդունեց մոտ 300 հյուրի:
Իրականում վարժարանը 32 տարեկան է, ուղղակի կորոնավիրուսի, պատերազմի ու այլ իրադարձությունների պատճառով հանրապետության մակարդակով այս եզակի կրթօջախի տարեդարձը նշվեց այս տարի հուլիսի 2 –ին, ասել կուզի 2 տարի անց միայն:
Տեսակապով ԱՄՆ-ից հավաքվածներին ողջունեցին վարժարանի հիմնադիր և տնօրեն Զոհրապ Չաղայանն և դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Տիգրան Փաշաբեզյանը:
Բացման խոսքով հանդես էր եկել գործող տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նախկին տնօրեն, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Լևոն Սեխպոսյանը, նախկին շրջանավարտներ ու գործող ուսուցիչներ: Տոնական երեկոյի ժամանակ առանձնահատուկ ուշադրության արժանացան վարժարանի հերոսացած զինվորներն և 44 – օրյա պատերազմի մասնակից ու շքանշաններով և պատվոգրերով պարգևատրված զինվորները: Ցուցադրվեցին նաև նախկին շրջանավարտների շնորհավորական ուղերձներն աշխարհի տարբեր երկրներից:
Ես որպես այս կրթօջախի երկրորդ շրջանավարտ տոնական երեկոյին ուղարկեցի իմ ուղերձն ու շնորհավորանքները:
Ներկայացնում ենք Ակադեմիական վարժարանի հիմնադրման հակիրճ պատմությունը:
1990 թ. աշնանը երկրի հյուսիսային հատվածում դպրոցական կրթության առաջընթացը խրախուսելու, ուսումնառության գիտականությունը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիային կից հիմնադրվեց հատուկ միջնակարգ դպրոց՝ ներկայիս «Ակադեմիական վարժարան» -ն, որի հանդիսավոր բացմանը ներկա էր նշանավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը: Հիմնադիր անհատներին, ի դեմս Զոհրաբ Չաղայանի, Արթուր Հովսեփյանի, Տիգրան Փաշաբեզյանի, հաջողվեց կարճ ժամանակամիջոցում հավաքել ուսուցչական փորձառու կազմ և հրավիրել հանրապետության բուհերի և քաղաքի դպրոցների հայտնի ուսուցիչների, որակավորված մասնագետների: Վարժարանը շուտով դարձավ շատ գյումրեցիների հպարտության առարկան, քաղաքի լավագույն կրթական դարբնոցներից մեկը:
1990-1994թթ. դասերն անցկացվել են Գյումրու թ. 10-րդ դպրոցին կից մասնաշենքում
1994-2003թթ.՝ Վ. Սարգսյան՝ նախկին Գերցենի անունը կրող փողոցի տնակներում
2003-2015թթ՝ Գյումրու թ. 19-րդ դպրոցին կից մասնաշենքում
2015թ.-ից նախկին 17-րդ դպրոցի շենքում, որի ուսուցչական համակազմը ևս միացավ մեր մեծ ընտանիքին: Դպրոցի շենքը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջությամբ հիմնանորոգվեց 2021թ., իսկ մինչև այդ, երկու տարով տեղափոխվեցինք նախկին Գյումրու պետական մանկավարժական քոլեջի շենք: Եվս մեկ փորձություն, ևս մեկ ստուգում դպրոցի կարծրության: Վերջապես, երկար դեգերումներից հետո Ակադեմիական վարժարանին ամրագրավեց իր անվանն ու գործունեությանն արժանի կառույց:
Հաղթահարելով իր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները՝ դպրոցը մնաց կանգուն, իր բարձր կոչմանն արժանի՝ շնորհիվ իրենց գործին անմնացորդ նվիրված, մանկավարժական և մասնագիտական մեծ վարպետություն ունեցող ուսուցիչների:
Վարժարանը, իր գոյության տարիների ընթաքցքում վերածվել է, իրական ընտանիքի, որտեղ սերնդափոխությունը կատարվում է ամենաուղիղ իմաստով: Երակվա աշակերտները դառնում են ուսուցիչներ կամ՝ արդեն ծնողներ:
Իր գոյության տարիների ընթացքում դպրոցը կյանքի ուղեգիր է տվել մեծ թվով շրջանավարտների՝ այդ թվում պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, ձեռնարկությունների ղեկավարներ, ճանաչված բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, գիտության և մշակույթի գործիչներ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված մարդիկ:
Ձեռքը պահելով կրթական բարեփոխումների զարկերակին` վարժարանի ուսուցչական կազմը ազդարարեց ակտիվ գործունեության մեկնարկը` դպրոցական կրթության ոլորտը նոր հարթության վրա բերելու համար:
Ակադեմիականցիները երկրին և քաղաքին պարգևել են հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցներ և մրցանակակիրներ, մանկվարժների մեծ բանակ, ովքեր պարբերաբար արժանացել և արժանանում են պետական պարգևների և մրցանակների: Ակադեմիականը բարձր է պահել և պահում կրթության գիտականությունը, կյանքի հետ սերտորեն կապը, մարդկային անգնահատելի արժեքների կարևորությունը:
Կրթօջախը տվել է մոտ 1700 շրջանավարտ և 70 մեդալակիր:
«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը միանում է բոլոր շնորհավորանքներին ու մաղթում կրթօջախին նորանոր ուսումնական հաջողություններ ու ձեռքբերումներ, իսկ վարժարանի Գյումրեցի աշակերտներին էլ՝ անել հնարավորն, որպեսզի «մենեջերների» դպրոցի պատիվը բարձր պահեն: