«Դպրոցը սնունդ, ամեն ինչ տրամադրում է». Իսրայելում սովորող ուսանողները դեռ չեն կարողանում վերադառնալ Հայաստան

0
431

Իսրայելում արդեն 10-րդ օրն է, ինչ կարանտինի մեջ են հայտնվել Գիվատ Խավիվա միջազգային դպրոցի հայաստանցի ութ ուսանողներ և մեկ ուսանողուհի Քֆար Հայարոկում գտնվող EMIS կրթօջախում: Մինչև օրս չի հաջողվել նրանց վերադարձնել Հայաստան՝ կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակի պատճառով:

Իսրայելը, հիշեցնենք, ավելի քան երկու շաբաթ գտնվում է կարանտինի մեջ: Այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցվել է 8018 հիվանդ, մահացել է 47 մարդ: Ծայրահեղ ծանր վիճակում են 106, ծանր 127 և միջին ծանրության 173 քաղաքացի:

Լուսանկարում՝ Գրիգոր Պետրոսյանը
Լուսանկարում՝ Գրիգոր Պետրոսյանը

«Ազատության» հետ զրույցում Գիվատ Խավիվա միջազգային դպրոցի ուսանող, գյումրեցի 18-ամյա Գրիգոր Պետրոսյանը նշեց, որ համավարակի պատճառով ուսումը վերջացրել են սպասվածից երկուսուկես ամիս շուտ.- «Ուզում էինք վերադառնալ Հայաստան, գնեցինք տոմսեր, տոմսերը Իսրայելից Ռուսաստան, Ռուսաստանից Հայաստան, այսինքն` Ռուսաստանում` Մոսկվայում մենք ունեինք կանգառ, բայց քանի որ ՌԴ նախագահն այդ օրը ընդունել էր նոր օրենք, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի, ոչ միայլ քաղաքացի չի կարող մուտք գործել երկիր, մեզ թույլ չտվեցին, որ այդ թռիչքից օգտվենք ու թռչենք Մոսկվա: Այդ պատճառով ստիպված էինք վերադառնալ դպրոց ու հիմա դպրոցում ենք գտնվում»:

Դպրոցի տնօրինությունը հետ էր ընդունել բոլոր, նույնիսկ ուսումն ավարտած ու միջազգային բակալավրի քննությունները հանձնած ուսանողներին: Նաև հայ ուսանողուհու Քֆար Հայարոկի դպրոցի տնօրինությունն էր թույլատրել մնալ դպրոցում:

«8 աշակերտից 4-ը սովորում էին 2-րդ կուրսում, արդեն ավարտել են դպրոցը, 4-ն էլ վերադառնալու են Հայաստան, ես` նույնպես, ու սեպտեմբերին կվերադառնանք Իսրայել` մեր ուսումը շարունակելու»,- նշեց Գրիգոր Պետրոսյանը:

Նրանք կապի մեջ են Իսրայելում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, որը, Պետրոսյանի փոխանցմամբ, փորձում է գտնել ելքեր նրանց վերադարձի կազմակերպման համար:

Դպրոցում միայն հայ ուսանողներ չէ, որ մնացել են, կան տասնյակ այլ երկրներից ուսանողներ ևս.- «Երևի մնացել է 20-30 աշակերտ, ովքեր այս պահի դրությամբ հնարավորություն չունեն իրենց երկրներ վերադառնալու, տարբեր երկրներից ունենք աշակերտներ, ինչպես նաև մենք` հայերս: Դպրոցի կողմից ամեն ինչ տրամադրվում է մեզ, որ այստեղ կարողանանք նորմալ ապրել, մեր սենյակներում թե՛ սնունդ է տրամադրվում, թե՛ մնացած ամեն ինչը, ինչպես և սրանից առաջ»:

Հայաստանի արտգործնախարարությունն այս մասին ապրիլի 3-ին հանդես է եկել հաղորդագրությամբ. «Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ:

Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան:

Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ»:

Ի դեպ, ըստ հաղորդագրության, Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով է հետաձգվել ՀՀ քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը, սակայն ռուսական ավիափոխադրողն է իր քաղաքացիներին տարհանել մարտի 27- ին, իսկ հայ պատանիները մնացել են օդանավակայանում:

Գիվատ Խավիվա միջազգային դպրոցի կրթական գծով տնօրեն Հադաս Տալմոնը և միջազգային բաժնի տնօրեն Նորիտ Գերին «Ազատությանը» տեղեկացրին, որ աշակերտները հուսալի ձեռքերում են և համացանցով դասեր են հիմա անցկացնում:

Հադասի խոսքով` երեխաների մոտ ամեն ինչ կարգին է, սննդով ապահովված են, իսկ Գերին հավելեց` իրենք բոլոր խնդիրներով զբաղվում են ու կապի մեջ են ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների հետ:

«Ինչ-որ մի պահ մեզ տեղեկացրին, որ բոլոր երեխաներին իրենց երկրներ պետք է վերադարձնել: Բոլոր այն երեխաները, ովքեր տուն վերադառնալու խնդիրներ ունեին, կա՛մ երկիրն էր փակ, կա՛մ տարբեր տեսակի հիմնահարցեր ունեին, կա՛մ օնլայն կրթության փոխարեն ուզում էին մնալ դպրոցում և տեղում սովորել, որոշեցինք դպրոցը չփակել: Երեխաներն զգում են` ինչպես իրենց տանը»,- հայտնեց միջազգային բաժնի տնօրեն Նորիտ Գերին:

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե երբ և ինչպես է լուծվելու աշակերտների վերադարձի հարցը:

Աղբյուրը՝  https://www.azatutyun.am/a/30532630.html