Երուսաղեմի պատրիարքարանը շահել է դատը Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար

0
24

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը շահել է 2021 թվականին ներկայացված հայցը՝ տասնամյակներ առաջ բռնագրավված Թուրքիայում իր հսկայական ունեցվածքը վերականգնելու համար, հայտնում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Շուրջ 12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր իրավական գործընթացներ անցնելուց հետո Պատրիարքարանը վերջապես նախորդ շաբաթ մեծ հաղթանակ տարավ։

Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը (GDF) 1973 թվականին բռնագրավել էր Երուսաղեմի պատրիարքարանի կալվածքները՝ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուբ հայկական եկեղեցու հիմնադրամը ներկայացնելով որպես այլևս չգործող։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել էր ինչպես Անկարայի ստորին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագույն դատարան, որը որոշել է, որ ստորին ատյանի դատարանը խախտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի իրավունքները։ Ստորին դատարանն այնուհետև չեղյալ է հայտարարել Հայոց պատրիարքարանի կալվածքների սառեցված կարգավիճակը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Ակոս» թերթին ասել էր, որ Պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի․ կա՛մ Թուրքիայի քաղաքացու է նշանակելու որպես իր ներկայացուցիչ Թուրքիայում՝ կալվածքները տնօրինելու համար, ինչպես դա եղել է մինչ դրանց բռնագրավումը, կա՛մ էլ դրանք կառավարվելու են Երուսաղեմից։

Տարիների ընթացքում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բռնագրավված կալվածքների մեծ մասը վաճառվել է երրորդ անձանց՝ առանց Պատրիարքարանին որևէ փոխհատուցում վճարելու։

Պատրիարք Մանուկյանն այս տարիների ընթացքում երբեք հրապարակային հայտարարություն չի արել Թուրքիայում իր ներկայացրած հայցի մասին։ Լրատվամիջոցների միակ հաղորդագրությունները վերաբերել են անհայտ պատճառներով նրա բազմաթիվ այցելություններին Ստամբուլ։

Թեև փաստաբան Էլբեյօղլուն «Ակոս»-ին ասել է, որ Երուսաղեմի պատրիարքարանը 100-ից ավելի կալվածքներ ունի Թուրքիայում, սակայն պատրիարք Մանուկյանը բացառիկ հարցազրույցում 2019-ին ասել էր, որ Պատրիարքարանը 1200 կալվածք ունեցել է միայն Ստամբուլում և մի քանի տասնյակ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Պատրիարքը նաև տեղեկացրել էր Սասունյանին, որ նախկինում Ստամբուլի մաս կազմող Յալովայում, Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք թուրքահայի կողմից 1950-ականներին վաճառվել է մի թուրքի, և այնուհետև փախել է Միացյալ Նահանգներ։ Պատրիարքն ասել է, որ շահագրգռված է հայց ներկայացնելու այդ թուրքահայի ժառանգների դեմ։

Փաստաբան Էլբեյօղլուն անցյալ շաբաթ «Ակոս»-ին ասել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին է պատկանում «Կուզգյունչուք [Ստամբուլում] բարձրարժեք առանձնատունը, որի իրավունքը հաստատող փաստաթուղթը փոխանցվել է Ստամբուլի քաղաքապետարանին, այնուհետև այն քանդել են»։ Փաստաբանը նաև ասաց, որ «Հայոց պատրիարքարանի հիմնադրամից բռնագրավվել է 21 կալվածք Ալթունիզադեում [Ստամբուլում], Ստամբուլի [հայտնի] Իսթիքլալ բուլվարում, Ֆաթիհում [Ստամբուլի շրջան] և Ադանա քաղաքում»։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ է անելու Երուսաղեմի հայոց պատրիարքարանը վերականգնված կալվածքների հետ և ինչ փոխհատուցում կստանա այն կալվածքների համար, որոնք վաղուց վաճառվել են երրորդ անձանց:

Այս կալվածքների ակնկալվող վերադարձը շատ դրական զարգացում է, քանի որ թուրքական կառավարությունը հազվադեպ է համաձայնել հայ սեփականատերերին վերադարձնել տասնամյակներ առաջ բռնագրավված նրանց կալվածքները: 2011 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ հայկական, հունական և հրեական բարեգործական հիմնադրամներից բռնագրավված կալվածքները կա՛մ կվերադարձնի նրանց, կա՛մ փոխհատուցում կվճարի կալվածքների արժեքի համար, եթե դրանք վաճառվել են երրորդ անձանց։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ մի շարք կալվածքներ վերադարձվեցին այս փոքրամասնություններին, կառավարությունը դադարեցրեց գործընթացը, թեև որոշ դատական գործեր դեռևս ընթացքի մեջ են:

Աղբյուրը՝  Երուսաղեմի պատրիարքարանը շահել է դատը Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար — Հայաստանի Հանրային Ռադիո (armradio.am)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here