Գաղտնիք չէ՛ որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի հանրապետության դեմ իրականացրած «հակաահաբեկչական» ռազմական օպերացիայի մասին տեղեկացվել էին նախօրոք Ադրբեջանի ռազմական դաշնակիցներ Թուրքիան ու Ռուսաստանը: Բայց բացի այս երկու դաշնակից ու բարեկամ երկրից, հրեական լոբիի ու լրատվամիջոցների ու դիվանագիտական կորպուսի ջանքերի շնորհիվ տեսադաշտից դուրս է մնում Իսրայելը: Միշտ էլ Ադրբեջանն իր սիրելի բարեկամին՝ Իսրայելին, ով այդքան օգնեց հաղթանակ տանելու ռուսական ծիրում գտնվող ու երրորդ սերնդի՝ չորորդ սերնդի «չձգող» ռուսական հետամնաց զինատեսակներով զինված Արցախի բանակի նկատմամբ, ինչպես կարելի էր տեղյակ չպահել:
Սեպտեմբերի 18-ին Բաքու ժամանեց Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ – մայոր Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակությունը։ Ազերական մի քանի պաշտոնական լրատվական գործակալություններ ընդհամենը մի քանի կծկտուր տեղեկություններ էին հաղորդում, նշելով որ պաշտոնյաները քննարկել էին երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունն ու գոհունակություն հայտնել համագործակցության ներկայիս մակարդակով: Սեպտեմբերի 19-ին Իսրայելյան «Կան 11» հեռուստալիքի ինտերնետային կայքում կարդացի, որ Իսրայելյան կողմը տեղեկացված է եղել նախատեսված հարձակման հետ կապված, իսկ այնուհետև կայքը մի քանի անգամ թարմացվել էր ու այդ հաղորդագրությունը հանվել: Մնում է ենթադրել, որ նոր ցեղասպանության ու հայրենազրկման, էթնիկ զտումների ազերական քաղաքականությունն Իսրայելի «դիկտատոր» Նեթանյահուի այդքան էլ «սրտով» չէ կամ ավելի ճիշտ հակասում է Իսրայելի պետական շահին, ուստի անթույլատրելի է ճշմարտությունը հրեական հեռուստատեսությամբ հաղորդելը:
Այս վերջին օրերին հրեական հեռուստատեսությունն ու մամուլը լայնորեն լուսաբանում է Արցախից բռնի տեղահանվածների տառապանքներն՝ մոռանալով շեշտել նաև այդ «սև գործին» իրենց մասնակցության փաստը: Լրատվական վերլուծություններում չի ներկայացվում պատճառները՝ հայերի իրենց հայրենիքը լքելու, չեն կատարվում կոնկրետ վերլուծություններ:
Իսրայելում սակայն մտավորականության ու լրագրողների շրջանում կան այնպիսի անհատներ, որոնք անձնուրաց պայքար են մղում ազերական լոբիի դեմ՝ հրեական լրատվամիջոցները փողով գնելու մասին ներկայացնելով ու վերլուծելով Իսրայելի արտաքին քաղաքականության ձախողումներն Կովկասում:
«Դավար» թերթի լրագրող ու վերլուծաբան, «Ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման» հասարակական կազմակերպության ղեկավար ՈՒրիել Լևին երեկ շատ մի հետաքրքիր վերլուծությամբ հանդես եկավ իր մեկնաբանությամբ՝ «Իսրայելի աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված կարող է վնասել Իսրայելին» խորագրով:
Ներկայացնում եմ թարգմանաբար այդ հոդվածն ամբողջությամբ:
«Իսրայելի աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված կարող է վնասել Իսրայելին»
Իսրայելի լրատվական հարթակն ուղղակի համակրում է Ադրբեջանին և Իսրայելի հետ նրա ունեցած տնտեսական և անվտանգության կապերը, սակայն անտեսում է Իրանի հետ Ադրբեջանի ունեցած սերտ կապերն և Ասիայում իր ազդեցության գոտին ավելացնելու Թուրքիայի հավակնությունները, – գրում է հայ ժողովրդի բարեկամ մտավորականը:
Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ իսրայելական նարատիվը վերաբերում է մարտի դաշտում պարտված հայերի դժբախտ ճակատագրին, բայց հիմնականում ներկայացվում է Ադրբեջանի հզորացումից բխող Իսրայելի ստացած շահույթները։ Բայց երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ Իսրայելը նույնպես պարտվի դրանից, և նույնիսկ կարող է տուժել անվտանգության առումով, – կարծիք է հայտնում վերլուծաբանը:
Վերջին տասնամյակում, իսրայելական զենքի Բաքու օդային փոխադրմանը զուգահեռ, Իսրայելում բազմաթիվ ձայներ են հնչել, ըստ որոնց՝ Ադրբեջանն Իրանի թշնամին է, իսկ Հայաստանը՝ նրա դաշնակիցն, և հետևաբար Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած հաղթանակ անխուսափելիորեն մեծացնում է Իրանին խեղդամահը անելու իսրայելական քաղաքականությունը։ Բոլոր իսրայելական լրատվամիջոցները նշում են կամ մեկնաբանում, որ Ադրբեջանը ծառայում է որպես իսրայելական «հզոր բազա» Իրանի սահմանին և օգնում է Իսրայելին խորը ներթափանցել Իրանի տարածք:
Բացի այդ, Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին և, ըստ տարբեր հրապարակումների, նրանից վառելիք է գնում այն ծավալներով, որ Ադրբեջանին դարձնում է Իսրայելի էներգիայի հիմնական մատակարարնն, ինչը կրկնապատկում է Իսրայելի շահագրգռվածությունը նրա հետ հարաբերությունների խստացման հարցում, նույնիսկ՝ բարոյական սխալների գնով, – եզրահանգում է ՈՒրիելը:
Իրանը, Ադրբեջանը և անվտանգության հարաբերությունները
Անվիճելի է, որ Իսրայելին Ադրբեջանը պետք է որպես էներգակիրների մատակարար երկիր, սակայն անվտանգության մասին հիմնահարցերը կարող են քննարկվել: Իսրայելական բոլոր քննարկումներում մեկ հարց անպատասխան է մնում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանը դավաճանի Իրանին՝ իր հարևանին, Իրանին թշնամի պետությանը օգնելու նպատակով, – հարցնում է վերլթուծաբանն իսրայելցիներին։ Ադրբեջանի ու Իրանի միջև վերջին տարիներին մի քանի քաղաքական ճգնաժամեր տեղի ունեցան, բայց միևնույն ժամանակ երկու հարևանները պահպանում են լայնածավալ ռազմական, առևտրային և դիվանագիտական համագործակցությունը։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Բաքուն հյուրընկալել էր իրանական բանակի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական արշավի մեկնարկից մի քանի օր առաջ, որտեղ Ղարաբաղի հայկական ուժերը պարտվեցին: Ադրբեջանական և իրանական բանակի բարձրաստիճան սպաների նման հանդիպումները պարբերաբար անցկացվում են։ Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումներն ավելի հաճախ են անցկացվում, քան Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, – տեղեկացնում է ՈՒրիել Լևին:
Իրանի և Ադրբեջանի միջև կա անշուշտ հակամարտություն և լարվածություն, բայց իսրայելական նարատիվում, որն Ադրբեջանին դարձնում է Իրանի թշնամի, կա մի մեծ բաց, որը իսրայելական լրատվամիջոցները գերադասում են անտեսել: Սա վերաբերում է հավասարման մյուս կողմին. Հայաստանը, ի տարբերություն իսրայելյան կողմի ներկայացման, Իրանի կենտրոնական դաշնակիցը չէ: Թեև նա լայնածավալ առևտրային հարաբերություններ է պահպանում Իրանի հետ և թույլ է տալիս Իրանին ապրանքներ փոխանցել իր տարածքով: Նույն հարաբերություններն ունի Իրանի հետ Ադրբեջանն, որը այս առումով Հայաստանից չի տարբերվում:
Իսրայելական մի շարք լրատվամիջոցներում հրեա լրագրողներն ուռճացրել էին և պնդել, որ հայերի և ադրբեջանցիների պատերազմը՝ պատերազմ է իսրայելյան և իրանական զենքերիի միջև, բայց Լեռնային Ղարաբաղում հայերը օգտագործում են հնացած խորհրդային զենք, իսկ հայկական բանակը՝ ռուսական զենք։ Առայժմ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում իրանական զենքի կիրառություն չի արձանագրվել։
Իսրայելական լրատվամիջոցներ, ադրբեջանական փողեր
Իսրայելական քննարկումներում՝ Ադրբեջանին աջակցող անվտանգության և աշխարհառազմավարական հիմնավորումների հետ մեկտեղ, ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ներդրել իսրայելական լրատվամիջոցներում, որպեսզի «կաթիլային քարոզչություն» անեն, ըստ որի ղարաբախցիների նկատմամբ արդարադատություն է իրականացվում, և որ Լեռնային Ղարաբաղում իրականացվող գործողությունները լեգիտիմ են Ադրբեջանի կազմում, չնայած այն հանգամանքին, որ պատմության ցանկացած պահի տարածաշրջանի բնակիչների մեծ մասը հայեր էին։ Ըստ այդ քարոզչության՝ հայ անջատողականներն են պատասխանատու 1992 թվականին Խոջալու քաղաքում տեղի ունեցած ջարդի համար, որի ժամանակ առնվազն 161 ադրբեջանի քաղաքացի է սպանվել։ Այս պնդումը հակասում է այն ամենին, ինչ ասել է Ադրբեջանի նախկին նախագահը բուն ջարդի ժամանակ, և, իհարկե, կոչված է նվազագույնի հասցնելու կամ ժխտելու ցեղասպանությունն, որի միջով անցել են հայերը 20-րդ դարասկզբին, ի թիվս այլ փորձությունների՝ իրենց ադրբեջանցի հարևանների ձեռքով նաև:
Վերջերս ադրբեջանական քարոզչությանն ավելացավ մի նոր փաստարկ, այն է, որ հայերը ապօրինաբար օգտագործում են «Հոլոքոստ» և «Ցեղասպանություն» տերմինները՝ նկարագրելու դարասկզբին իրենց հետ տեղի ունեցած ողբերգությունը, քանի որ դա, իբր, էժանացնում է հրեա ժողովուրդի Հոլոքոստը։ Ադրբեջանական քարոզչական համակարգի այս փաստարկը ներկայացվել է Հայաստանի ղեկավարներին և նախագահ Հերցոգին «Եվրոպական ռաբինական կենտրոն» կոչվող ռաբինական կազմակերպության անունից ուղարկված նամակներում, որոնք կոչ են անում Հայաստանին դադարեցնել այդ տերմինների օգտագործումը։ Բացառված չէ, որ այդ նամակներն ուղարկելու նախապատմությունը կապված է այն փաստի հետ, որ նոյեմբերին նախատեսված Եվրոպական ռաբբիների համաժողովի առաջիկա հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Ադրբեջանական քարոզչությունը հաջողված է. Տասնյակ հազարավոր հայերի ձայնը, ովքեր ներկայումս իրենց պատմական հայրենիքից Հայաստան են փախչում՝ վախենալով սպանվել, շատ քիչ է լսվում քննարկումներում և իսրայելական լրատվամիջոցներում: Հայերը կարեկցանք չեն ստանում՝ չնայած իրենց և հրեա ժողովրդի միջև գոյություն ունեցող ապշեցուցիչ նմանություններին, օրինակ՝ ha3yri քրիստոնյա փոքրամասնություն լինելու փաստը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հիմնականում մուսուլմանական միջավայրում, և այն փաստը, որ նրանք հալածվել են 150 տարի շարունակ իրենց կրոնի պատճառով: Նույնիսկ այն փաստը, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մինչդեռ Ադրբեջանը աշխարհի ամենամութ բռնապետություններից է, Իսրայելի հանրությանը չի ստիպում աջակցել հայերին։ Անվտանգության և աշխարհառազմավարական հիմնավորումների ձայնն ավելի բարձր է հնչում և, հետևաբար, դրանք ավելի նշանակալից է դարձնում սովորական իսրայելցու աչքում:
Բայց, երևի թե, ժամանակն է հարցնելու. Ադրբեջանը կարևոր տնտեսական գործընկեր է Իսրայելի համար, բայց արդյոք նրա հետ դաշինքն անվտանգության այնպիսի մեծ նշանակություն ունի, ինչպես նկարագրվում է իսրայելական լրատվամիջոցներու՞մ, իր հոդվածում հարցնում է հրեա մեկնաբանը:
Պանթուրքմենական տարածությունը և թուրքական նկրտումները պատերազմից հետո
Ստամբուլի և Չինաստանի միջև, Արաբական թերակղզու, Իրանի և Հնդկաստանի հյուսիսային լայնություններում ապրող բնակչության մեծ մասը թուրքմենական ժողովուրդների ընտանիքի անդամներ են։ Մի քանի հարյուր միլիոն մարդ, ովքեր Անկարան և Ստամբուլը համարում են մշակութային աշխարհի կենտրոն և խոսում են թուրքերեն լեզվի ընտանիքի միավորման մասին: Ադրբեջանն այդ երկրներից մեկն է. երկիր, որը Թուրքիային տեսնում է որպես իր մեծ քույր, ըստ Ադրբեջանի 20 տարվա նախագահ Իլհամ Ալիևի։
Հայաստանը և Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի անկլավում ստեղծված անկախ հանրապետության անվանումը) միակ սեպն է, որը բաժանում է Թուրքիան Կենտրոնական Ասիայի մյուս թուրքմենական պետություններից։ Արցախի Հանրապետության կրած հետընթացի ցանկացած աշխարհառազմավարական վերլուծություն պետք է վերաբերի այն փաստին, որ Թուրքիան կկարողանա շարունակական ցամաքային միջանցքի հասնել Ստամբուլի և Չինաստանի սահմանների միջև, ինչը կամրապնդի իր դիրքերը որպես տարածաշրջանային տերություն, որպես Արաբական թերակղզուց Եվրոպա կենտրոնական էներգակիր փոխանցող երկիր, և որպես մեկը, ով իրեն պատմական առումով տեսնում է որպես կենտրոնական հանգույց Արևելքի և Արևմուտքի միջև, ինչպես նաև ապագայում:
Այն, ինչ սկսվեց չինական «Գոտի և ճանապարհ» ծրագրով և շարունակվեց Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջոցով «երկաթուղային և նավագնացության միջանցք» ստեղծելու ԱՄՆ այլընտրանքային ծրագրով, ուժեղացնում է թուրքական շահը իրենց և Արևելքի միջև վերահսկողության տակ գտնվող ցամաքային միջանցք ստեղծելու հարցում։ Թուրքիան ամբողջովին դուրս մնաց ամերիկյան ծրագրից, և նա չինական նախագծում ոչ մի դեր չի խաղում, ոչ էլ կենտրոնական դերակատարում, և միևնույն ժամանակ դուրս եկավ ներդրումային քարտեզից։
Էրդողանը նախկինում արդեն հայտարարել է թուրքմենական երկրների դաշինք ստեղծելու իր ցանկության մասին, որը կմրցակցի տարածաշրջանային մյուս դաշինքների հետ, և դրա ճանապարհը Կենտրոնական Ասիայի երկրների և Թուրքիայի միջև առևտրի և ապրանքաշրջանառության ավելացումն է։ Լեռնային Ղարաբաղի գրավումն այս առումով ուժեղացնում է թուրքական կայսերական հավակնությունները։ Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության վերելքը, իրոք, կկատարվի Իրանի հաշվին, բայց արդյո՞ք Իսրայելը շահագրգռված է դրանում։ Իսրայելը նստած է այն հողի վրա, որը գտնվում էր Օսմանյան կայսրության սրտում մինչև ընդամենը հարյուր տարի առաջ: Թուրքիայի հզորացումը կարող է մեծացնել նաև Երուսաղեմում իր գերիշխանությունը վերականգնելու նրա հավակնությունները։ Հնարավոր է, որ Իսրայելի կառավարությունները դա հաշվի չեն առել, երբ հավանություն են տվել Ադրբեջանին «անհավասար» սպառազինությունների մատակարարմանը։
Աղբյուրներ՝
Visit of a high-ranking delegation of the Israeli Ministry of Defense to Azerbaijan (turan.az)
Azerbaijani defense minister meets director general of Israeli MoD (trend.az)
התמיכה הישראלית באזרבייג’אן עם כיבוש נגורנו קרבאך עלולה להזיק לישראל – אתר החדשות דבר (davar1.co.il)
דרמה בקווקז: אזרבייג’ן פתחה במבצע צבאי בנגורנו-קרבאך (kan.org.il)