Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինը հորդորել է Հայաստանին վերադարձնել Իսրայելում իր դեսպանին իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, գրում է հեղինակավոր Jerusalem Post-ը: Ռիվլինն ափսոսանք է հայտնել տարածաշրջանում բռնությունների բռնկման և երկու կողմերի զոհերի կապակցությամբ: «Մենք ողջունում ենք Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումը և հուսով ենք, որ Հայաստանի դեսպանը շուտով կվերադառնա», – հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իսրայելի նախագահը:
Ըստ հրեական լրատվամիջոցների` երկրի ղեկավարի հետ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
Ռիվլինի գրասենյակից, մասնավորաբար, Jerusalem Post-ին հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների հարաբերությունների խթանման հարցերը:
«Նախագահ Ռիվլինն իր ափսոսանքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների բռնկման և երկու կողմերի մարդկային կորուստների կապակցությամբ: Նա ավելացրել է, որ Իսրայել պետությունը երկար տարիներ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և որ երկու երկրների համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ», – թերթին փոխանցել էին նախագահի գրասենյակից: «Նախագահը նաև նշել է, որ Իսրայել պետությունը շահագրգռված է խթանելու Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է առաջարկել մարդասիրական օգնություն», – տեղեկացրել էր նախագահի մամլո ծառայությունը:
Ժամեր առաջ էլ Հայաստանում գտնվող` Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը «Ֆակտոր»-ին հայտնել էր, որ Իսրայելը հնարավոր է` երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Նա նշել էր, որ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել: «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնեցնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնեցնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել, – ասել է դեսպանը, նշելով, – մենք դժգոհություններ ունենք, որ զենք են ուղարկում, փորձում ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք: Տարբեր ճանապարհներով փորձում ենք ազդել, որպեսզի նրանք զենք չմատակարարեն գոնե այս պատերազմական իրավիճակում: Հասկանում ենք, որ սա 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում, բայց պատերազմական իրավիճակում խնդրում ենք, որ չուղարկեն, այժմ այդ բանակցություններն են գնում»:
Իսրայելյան «Walla» տեղեկատվական կայքը, անդրադառնալով Հայաստանի դեսպանի հարցազրույցին, պաշտոնապես դիմել էր Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, որը հրաժարվել էր մեկնաբանել հրապարակման բովանդակությունը: «Մենք Հայաստանի դեսպանի հետ հարցը չենք մեկնաբանի», – «Walla» – յին փոխանցել էր նախարարության խոսնակ Լիոր Խայաթը: Նա նաև պարզաբանել էր, որ Արտաքին գործերի նախարարությունը չի զբաղվում Իսրայելի ռազմական արտահանման քաղաքականությամբ:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այսօր հայտարարությամբ է հանդես եկել Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Նա պաշտոնական նամակ է ուղարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ դադարեցնելու համար Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը: Նամակի օրինակը ուղարկել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցին, Քնեսեթի խոսնակին և արտաքին գործերի նախարարին:
Հայֆայում տեղի «Արարատ» միությունը թույլտվություն էր ստացել ցույց կազմակերպելու, ու ավելի քան երեք տասնյակ հայորդիներ հիմա մասնակցում են այդ ցույցին: