«Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի հետագա ծրագրերը

0
1447

Իսրայելի վիճակագրական վարչությունը տարին դեռ չի փակել, ուստի նոր տվյալներ, թե ինչպիսի տնտեսական զարգացման ցուցանիշներ են արձանագրվել Հայաստանի հետ դրամաշրջանառության առումով այժմ դժվար է ասել ու մոտ մեկ ամսից տնտեսական ցուցանիշները պարզ կդառնան: Բայց պետք է փաստել, որ ապրիլյան հեղափոխությունից հետո բոլոր տնտեսական ու քաղաքական շփումներն Իսրայելի հետ կարծես թե սառեցված վիճակում են: Երկու տարի ու կես առաջ ստեղծվել էր Հայաստանի Ազգային Ժողովի ու Իսրայելի Քնեսետի հովանավորչությամբ – «Հայաստան – Իսրայել» միջազգային ֆորումն, որը կոչված էր զարգացնել երկու պետության համագործակցությունը հատկապես գործարար միջավայրում, մի շարք փոխայցելություններ եղան, գործարար շփումներ, սակայն խոստացված նոր ծրագրերը Հայաստանում նախկին իշխանությունների օրոք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Այս տարի մարտ ամսին Հայաստան էր մեկնել «Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ Ցվիկա Կանտորն, ով մեր ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանի կառավարության հետ բանակցել էին Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ու եթե կառավարությունը հավանության արժանացներ այդ ծրագիրը, ապա քաղաքը կդառնար ազատ տնտեսական գոտի Եվրո-Ասիական երկրների համար ու իր կարծիքով Գյումրիի մասին օրենքն էլ կարող էր խթան հանդիսանալ այս հարաբերություններում: Հուշագիր էին ստորագրել ու վերադարձել՝ հույսով, որ ծրագրերի իրականացումը չի երկարաձգվի կախված՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու կառավարության որոշումից: Զրուցակիցս «Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի տնօրեն Սուրեն Շահնազարյանն է: Արդյոք սառեցվել են ծրագրերը,- հարցրեցի պարոն Շահնազարյանին:

Ի պատասխան ասաց, որ այս ընթացքում աշխատանքները շարունակվել են ու բազմաթիվ նոր ծրագրեր են քննարկվել, ուղղակի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետ կապված աշխատանքները մի փոքր դանդաղել են:

Այս ամիսների ընթացքում ներքին կազմակերպչական հարցերով էին զբաղված ու սպասում էին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու Հայաստանի հարկային օրենսդրության մեջ փոփոխություններին՝ իրենց ներդրումային ծրագրերի հետ կապված:

 Այժմ Ամանորյա տոներից հետո ավելի սերտ են շփումները լինելու և Ցվիկա Կանտորի հետ մեկնելու են Հայաստան ներդրումային բիզնես ծրագիրը ներկայացնելու համար: Խոսքը գնում է խոշոր բեռնափոխադրումներով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ու մի քանի Իսրայելյան կազմակերպությունների մասին, որոնք Գյումրիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու մեծ պահեստներ են  կառուցելու տեղեկացրեց զրուցակիցս:

Ինչպես նաև զարգացնել զբոսաշրջությունը: Եթե հարյուրավոր մարդիկ են գալու թե շինարարական ու թե կազմակերպչական աշխատանքներ Գյումրիում իրականացնելու համար, անհրաժեշտ կլինի նաև այս մարդկանց ծանոթացնել Հայաստանի տեսարժան վայրերի հետ, ուստի տեղում ըստ այս հասարակական կազմակերպության ներկայացուցչի կարիք կլինի էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանն, ապա Իսրայելի պետական ապահովագրական կազմակերպությունն Իսրայելի գործարարներին մինչև  1 մլն. ԱՄՆ դոլար Հայաստանում ներդրման ապահովագրություն է պատրաստ ներկայացնել ու հրեա տնտեսվարողները կրկին սպասում են Հայաստանյան իրադարձությունների հանգուցալուծմանն ու կրկնակի հարկման չեղարկման օրենքի մեկնարկին:

2019 թվականի հունվարի մեկից օրենքն ուժի մեջ է մտնելու ու ավելի կհեշտացնի հրեական կապիտալի հոսքը դեպի Հայաստան, – տեղեկացրեց պարոն Շահնազարյանը:

Սերտ հարաբերություններ ունեն նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, նստավայրն Երևան, ու անընդհատ տեղեկացնում են կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև աշխատում են Հայաստանում Իսրայելի արտակարգ ու լիազոր դեսպան Էլիյահու Երուշալմիի հետ, նստավայրն Երուսաղեմ:

Ինչպես սպորտային մեկնաբաններ են սիրում ասել գնդակն այժմ գտնվում է Հայաստանի կառավարության խաղադաշտում և պարոն Շահնազարյանի համոզմամբ ի վերջո հայկական նոր իշխանությունների ճիշտ որոշումներից է կախված, թե այդքան քննարկված ու խոստացված հրեական կապիտալը կգա Հայաստան, թե ոչ: