Հեղինակ՝ Նաիրա Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը այս այցի ընթացքում Արցախ չի գնա: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց այս օրերին Երևանում գտնվող բլոգերը: Նա չի կարծում, որ Արցախ գնալը վտանգավոր է, բայց այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ, ասում է՝ դա կարող է առիթ տալ Ադրբեջանի իշխանություններին շեղել ներքին լսարանի ուշադրությունը երկում կատարվող իրադարձություններից:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ապօրինաբար իրեն ազատազրկելու և բանտում իր դեմ մահափորձի համար։
«Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները: ՄԻԵԴ-ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետև մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Ամեն դեպքում դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է, և, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետև իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց` տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, և այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ: Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է: Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, Ադրբեջանին տրված է 3 ամիս իրենց առարկությունները ներկայացնելու համար, և մենք այժմ այդ փուլում ենք», – ասաց Լապշինը:
Բլոգերը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու պատճառաբանությամբ: Ձերբակալությունից հետո Լապշինը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինը Ադրբեջանում դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ այդ երկրի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: 2017 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել: Խոսելով Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին՝ Լապշինը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները հոգնել են Ալիևների իշխանությունից:
«Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ Ադրբեջանի ղեկավարությունը, քանի որ խաղաղությունը կհանգեցնի Ալիևի ռեժիմի տապալման։ Նրանք դա շատ լավ հասկանում են և կփորձեն ձգձգել հակամարտությունը սառեցված վիճակում այնքան, որքան դա հնարավոր է: Նրանց թշնամու կերպար է պետք, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը ցանկացած գնով:
Չնայած նրանք ապրում են դիկտատորական հասարակարգում, բայց Ադրբեջանում շատ ինտիլիգենտ մարդիկ կան, որոնք ուզում են ապրել ազատ երկրում: Նրանք տեսել են, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցած տարի ապրիլին և ուզում են, որ նույնը նաև իրենց մոտ լինի», – նշեց բլոգերը:
Լապշինը Հայաստան է այցելել զուտ որպես զբոսաշրջիկ: Նա նաև հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, որպեսզի սահմանային գոտի այցելության թույլտվություն ստանա և իր բլոգում պատմի մարդկանց և գյուղերի մասին, որոնք Ադրբեջանի կրակոցների տակ են:
Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան