Հեղինակ՝ Նաիրա Նալբանդյան
Գործադիրի այսօրվա նիստում ներկայացվեց կառավարության հինգ տարվա ծրագրի նախագիծը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրում ներառականությունը և մասնակցությունը շատ ընդարձակ է և խմբագրական բնույթի խնդիրները լուծելուց հետո կհասցնեն ամփոփել և ուղարկել Ազգային ժողով:
«Կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն», – ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառավարության ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից բխում է կառավարության ծրագիրը՝ շուկաներում մրցունակության բարձրացման առումով, ներառականության առումով, առողջապահության, կրթության ոլորտների նկատմամբ մեծ ուշադրության առումով, ենթակառուցվածքների զարգացման առումով», – ընդգծեց փոխվարչապետ Ավինյանը։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը բարձրացրեց դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը, և վարչապետն այդ առումով կարևորեց վեճերի լուծման այլընտրանքային համակարգի ներդրումը, առավել ևս տնտեսական ոլորտում դրա առանձնակի անհրաժեշտությունը:
«Արդյունավետ կառավարման չափանիշը, ասենք, 100 հազար բնակչի հաշվարկով 21 դատավորն է, Հայաստանում մենք ունենք ընդամենը 7 դատավոր 100 հազար բնակչի հաշվարկով։ Այսօր դատավորները ծանրաբեռնված են, յուրաքնաչյուրի վարույթում կարող է լինել 3 հազար 500-ից ավելի գործ», – ընդգծեց Զեյնալյանը։
70 էջից բաղկացած ծրագրի 8 առանձին գլուխներից մեկը մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսության մասին է, որտեղ կարևորվել է «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորությունների ձևավորումը: Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով՝ ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս, գրված է նախագծում: Կառավարությունը նպատակադրվել է նաև մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, նաև շարունակաբար բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
Ծրագրի առաջնահերթություններից է պաշտպանության ոլորտի քաղաքականությունը: Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համալիրներով: Թե ինչ ժամկետներում է Զինված ուժերը համալրվելու վերոնշյալ նորագույն սպառազինությամբ, այս մասին ծրագրում ոչինչ չկա:
Կառավարության ծրագրում «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին» հատուկ գլուխ է ներառված, որտեղ նշված է, որ դրան երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները, գրված է կառավարության ծրագրում:
Ծրագում որևէ անդրադարձ չկա անցումային արդարադատությանը, ինչի մասին բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանը:
Ոչինչ չկա նաև իշխանության ճյուղերի լիազարությունների հավասարակշռմանն ուղղված Սահմանադրության փոփոխությունների հետագա անհրաժեշտության մասին, Ընտրական Օրենքսգրի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների մասին: Այս կետերի բացակայությունը մտահոգիչ է համարում Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոանիսյանը:
«Ես կարծում եմ, որ ժողովրդավարական այս կարևորագույն բարեփոխումների մասին որևիցե հիշատակման բացակայությունը կառավարության ծրագրում կարող է պայմանավորված լինել կամ նանով, որ դա Խորհրդարանի օրակարգում է լինելու, կամ նրանով, որ այդ հարցերին այսքան առաջնահերթություն չի տրվում։ Թերևս, անգամ, եթե դա Խորհրդարանի օրակարգում է, միևնույն է կառավարության ծրագրում այն պետք է տեղ գտներ թեկուզ կարճ, թեկուզ հպանցիկ», – ասաց Իոաննիսյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը դեռևս չի շտապում գնահատական տալ ծրագրին, պատճառաբանությամբ, որ փաստաթուղթը ծավալուն է, և այն ուսումնասիրելու համար ժամանակ է անհրաժեշտ:
Վարչապետի առաջարկով՝ կառավարության ծրագրի նախագիծը այսօր քվեարկության չդրվեց, գործադիրը կհաստատի այն խմբագրական փոփոխություննից հետո՝ վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան: Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան