«Քայլ դեպի տուն» 2024. սփյուռքահայ պատանիները հայրենիքում են
Ամռան առաջին օրերից Հայաստանում ընթանում է Սփյուռքի գործերի գլխավոր
հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» 2024 ուսումնաճանաչողական ծրագիրը։
Նպատակն է պահպանել և զարգացնել սփյուռքահայ պատանիների ազգային
ինքնությունը՝ ամրապնդելով նրանց կապը հայրենիքի հետ։
Այս տարի 13-ից 18 տարեկան տղաների և աղջիկների համար նախատեսված ծրագիրը
կանցկացվի 6 փուլով, որին կմասնակցեն 600 պատանիներ 19 երկրներից՝ Ռուսաստանից,
Վրաստանից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից,
Հունաստանից, Սիրիա, Ֆրանսիա, Չեխիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Մեծ
Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Իռլանդիա, Կանադա:
13-օրյա ճամբարային ծրագիրը ներառում է հայոց լեզվի, հայագիտության, ազգային
երգ ու պարի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր,
թանգարաններ, ուսումնական հաստատություններ, հանդիպումներ հասարակական,
մշակույթի և արվեստի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մարզական և մշակութային
միջոցառումներ:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
«իԳործ» ծրագրին դիմել է 220 սփյուռքահայ մասնագետ
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ»
ծրագրին այս տարի դիմել է 220 մասնագետ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից,
Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Հունգարիայից, Լեհաստանից,
Ուկրաինայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից,
Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Լատվիայից, Վրաստանից, Ղազախստանից, Թուրքիայից,
Քուվեյթից, Եգիպտոսից, Կիպրոսից, Ճապոնիայից, Էկվադորից, Մեքսիկայից,
Արգենտինայից և Բրազիլիայից։
Այս տարի «իԳործ»-ականներ աշխատանքի ընդունելու համար դիմել է Հայաստանի 28
պետական գերատեսչություն: Այժմ ընթանում է հարցազրույցների փուլը, և ընտրության
արդյունքում սեպտեմբերից 50 մասնագետներ կմեկնարկեն իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020
թվականից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս
մասնագիտական կարիերա սկսել հայրենիքում և սեփական ներդրումն ունենալ երկրի
զարգացման գործում:
Ընթանում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2024-ի ընտրական փուլը
Հունիսը մեր գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-2025թթ.
շրջափուլի մասնակիցների ընտրության ամիսն է:
Ծրագրին այս տարի մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես համայնքում
ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած սփյուռքահայ երիտասարդները:
Ծրագրին դիմել են շուրջ 100 20-35 տարեկան երիտասարդներ 28 երկրներից՝
Ավստրալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սլովակիայից,
Իսպանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Շվեդիայից,
Բելգիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից,
Մոլդովայից, ԱՄԷ-ից, Իրանից, Սիրիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից,
Չինաստանից և Հնդկաստանից: Առաջին անգամ հայտեր են ստացվել Սլովակիայից,
Լիտվայից, Լատվիայից և Մոլդովայից։
Մեկամյա ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ
երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական,
սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում
նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը,
նպաստել Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև
համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Դիմորդներն այժմ առցանց հարցազրույցներ են անցնում: Արդյունքների հիման վրա
կընտրվեն 30 մասնակիցներ և կհրավիրվեն Հայաստան՝ մասնակցելու 15-օրյա
վերապատրաստման դասընթացի, որից հետո մնացյալ ժամանակահատվածը
յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր
համայնքում:
Կազմակերպիչներն ապահովում են նրանց կեցությունը, սնունդը, տեղափոխումը
ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը նախատեսված վայրեր ու
հաստատություններ: