«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
-Պարոն Չերնամորյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։ Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով։ Օրերս Բաքվում էր նաև Իսրայելի մեկ այլ պաշտոնյա։ Ի՞նչի հետ եք կապում Բաքվի հետ վերջին շրջանի ինտենսիվ շփումները։
-Դուք գիտեք, որ օրերս Իսրայելում էր ԱՄՆ Պաշտպանության նախարարը։ Չնայած այն հանգամանքին, որ այստեղ նորից ահաբեկչական ակտ տեղի ունեցավ, կան վիրավորներ, երկրում անընդհատ քաղաքական ցնցումներ են, Նաթանյահուի կառավարության համար մշտապես դրոշ է եղել ներքին խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար՝ պատերազմ, ռազմական օպերացիաներ ձեռնարկելը։ Ինչպես Ռուսաստանն է «ռազմական օպերացիա» համարում մեկ տարի տևող պատերազմն Ուկրաինայում, Իսրայելն էլ 50 օր տևող պատերազմը կարող է անվանել զուտ ռազմական օպերացիա, որովհետև ըստ երկրի օրենսդրության, պատերազմի դեպքում, մենք իրավունք ունենք չաշխատել, տանը նստել ու աշխատավարձի մեծ մասը ստանալ պետությունից։ Իշխանությունը նման ռեսուրսներ չի ուզում ծախսել, դրա համար չի հայտարարում ռազմական դրություն և պատերազմ, այլ պարզապես ռազմական օպերացիա, չնայած հնարավոր է երկրի վրա օրական հազարավոր հրթիռներ ընկնեն՝ ինչպես լիբանանյան երկրորդ պատերազմի ժամանակ էր։
Ադրբեջանն այս տարիների ընթացքում անընդհատ խուսափում էր,ասում էր՝ ինձ զենք տվեք, տարածքս կտամ…հետո հասավ իր նպատակին, նաև հրեական զենքով գրավեց հայկական տարածքները։ Մտածում էր՝ կարող է խուսանավել, Իսրայելին տարածքներ չտալ կամ փորձել 3+3 հայտնի ձևաչափն օգտագործել ու ռուսների օգնությամբ Իսրայելին տարածաշրջանից դուրս մղել ու այլևս Իսրայելին հնարավորություն չտալ Իրանի վրա հարձակումներ գործել։ Սակայն, ինչպես գիտեք, 3+3-ը Հայաստանին ձեռնտու չէր, ձեռնտու չէր նաև Վրաստանին։ Վրաստանն անմիջապես հրաժարվեց, իսկ Հայաստանը անմիջապես չէ, բայց հասկացրեց, որ շահագրգռված չէ։ Հետո տեղի ունեցան հայտնի դեպքերը, ուկրանական պատերազմը և այս ֆորմատն ակտիվ չաշխատեց։ Ինչ վերաբերում է Իսրայելի Հետախուզության նոր նախարարի հանդիպմանը Արդբեջանի նախագահի հետ Բաքվում, ապա սա Իրանի թեմայի շարունակությունն է։
-Հայաստանի հետ չե՞ք պայմանավորում, թե՞ զուտ միայն Իրանի։
-Պայմանավորում եմ զուտ Իրանով, որովհետև Իսրայելը շահագրգռված չէ կոնկրետ Հայաստանին հարվածներ հասցնելով, հասկանում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և Հայաստանի նկատմամբ ագրեսիան չէր, որ դրդրում էր Իսրայելին համագործակցել Ադրբեջանի դիկտատուրական ռեժիմի հետ։ Ամեն քայլափոխին, Իրանի հեղափոխությունից հետո, Իսրայելը համարվել է Իրանի թիվ մեկ թշնամի։ Իսրայելի ու Ադրբեջանի 44 միլիարդ նավթային պայմանագիրը, որից 7 միլիարդը զենքի տեսքով գնել են, հիմնականում պայմանավորված էր հայկական հողերի հաշվին հնարավորինս շատ մոտեցնել իսրայելյան բազաներն Իրանի սահմաններին, որպեսզի կարողանան ավելի հեշտ լրտեսել, ավելի խորը ներթափանցել Իրանի տարածքներ՝ իրենց սեփական անվտանգության համար։
-Նկատի ունեք պատերազմի ժամանակ Ղարաբաղից գրաված տարածքները։
-Այո՛, իրենք այնտեղ օդանավակայան են կառուցել, մի քանի ռազմական հենակետեր ունեն, հետախուզական հսկայական պոտենցիալ։ Այն տեխնիկան, որ վերջերս ուղարկվում է Ադրբեջան, չենք կարող ասել, որ Իսրայելը միայն համալրում է Ադրբեջանի կորուստները.. ճիշտ է 44 օրյա պատերազմից հետո մոտ 2 միլիարդ դոլարի նոր պայմանագիր կնքեցին, բայց ձախակողմյան Լապիդի կառավարությունը չէր պատրաստվում խորացնել համագործակցությունը։ Իշխանության եկավ Նաթանյահուն, նորից շատ հստակ երևում է ավելի հաճախակի դարձած թե՛ հետախուզության, գուցե նաև ռազմական մասնագետների՝ Ադրբեջանում հայտնվելը։ Ինքնաթիռների հաճախակի թռնելը, երկու օր առաջ Սիրիայի օդանավակայանի վրա հարձակումը, երբ մեծ վնասներ հասցվեին Դամասկոսի օդանավակայանին…այնտեղ, ըստ իսրայելական աղբյուրների, խոցվել են իրանցի զինվորներով մեքենանար՝ լի զինամթերքներով։ Իսրայելը նման հարվածներով թուլացնում է Սիրիայում Իրանի ներկայությունը, քանի որ վախենում է, որ պատերազմի ժամանակ Իրանի՝ այնտեղ կուտակած զենքն ու զինյալներին կօգտագործի նաև Իսրայելի հյուսիսային բնակչության դեմ։ Օսթինի այցը, Դամասկոսի օդանավակայանի հարձակումը, Իսրայելի ներկայացուցչի այցը Բաքու փոխկապակցված են։ Վախենում եմ ասել, բայց իմ կանխատեսումները կարող են մոտ ժամանակներս իրականություն դառնալ, այն է՝ օգտագործելով Արցախի նախկին տարածքները, հարվածներ հասցվեն Իրանի միջուկային օբյեկտներին։