Հուլիս 30-ին  Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տոնվեց Վարդավառը:

0
643

Միջերկրական ծովի գեղատեսիլ ափին տեղակայված Թել-Ավիվ – Յաֆոյի միջնադարյան Սուրբ Նիկողայոս վանքն այսօր իր հյուրընկալ դռները բացեց  հայ հավատացյալների առջև Վարդավառի՝ մեր Փրկչի Պայծառակերպության տոնի կապակցությամբ։
Վանքում  ժամերգություն տեղի ունեցավ, որն անցկացրեց երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն, ապա տեղի ունեցավ տոնախմբություն, հյուրասիրություն և անշուշտ ջրցանություն: Այս տոնը կազմակերպվել էր Յաֆոյի հայկական համայնքի,  ՀՄԸՄ֊ի հայկաշեն տեղի մասնաճյուղի` հոգևոր հովիվ Հայր Տիրան աբեղա Հակոբյանի գլխավորությամբ: Այսօր բացառիկ տոն էր Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում։ Նման Վարդավառ վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում   երկրի կենտրոնի համայնքը չէր տոնել։ Բավական կազմակերպչական աշխատանքներ էին կատարվել՝ սննդի տեղում պատրաստման, մատուցման հետ կապված: Մարդիկ հնարավորություն ունեին գնումներ կատարել, որից գոյացած հասույթը ծածկելու էր վարձակալված սարքավորումների ծախսերը:   Մեծ ջանքեր էին պահանջվել ավելի քան 100 կգ կշռող երեխաների համար  ջրով սահելու հարմարանքն իր օդամղիչներով ու սարքավորումներով, նեղ աստիճաններով վանքի բակ բարձրացնելը։ Տեղադրվել էին երկու հարթակներ: Մարդիկ հնարավորություն ստացան և տեղում պարելու, և պարելու ընթացքում ակտիվորեն խաղում էին թե՜ մեծ թե՜ փոքր՝ ջրելով միմյանց:

Սկզբում մոտ 100 մարդ էին մասնակցում ջրցանության տոնին, իսկ այնուհետև մասնակիցների թիվը հասավ գրեթե երկու հարյուրի՝ հայկական ավանդական քոչարի պարելով ծովափնյա շրջանը լցրել էին յուրահատուկ խինդ-ուրախությամբ:

Նմանատիպ տոնախմբությունները հնարավորություն են ստեղծում թե Յաֆացիներին և թե նախկին խորհրդային հանրապետություններից ու Հայաստանից Իսրայել տեղափոխված հայերին ծանոթանալ միմյանց հետ, հատկապես ուրախալի էր երեխաների միասին խաղալն ու ընկերանալն, որն իրոք ձեռնարկի արժեքը դարձնում է անգնահատելի:

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունն ի խորին շնորհակալություն  է հայտնում Յաֆոյի հայկական համայնքին, ՀՄԸՄ֊ի հայկաշեն տեղական միությանն` երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Հայր Տիրան աբեղա Հակոբյանի գլխավորությամբ` Վարդավառի տոնը հոյակապ կազմակերպելու համար։ 

Ավանդաբար  մեր խմբագրությունը ներկայացնում է նաև Քրիստոնեական այս կարևոր տոնի մասին ուշագրավ ու ուսուցողական տեղեկություններ: 


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Այս օրը հիշատակում ենք Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին Աստվածային փառքով երևումը։ Այս դրվագը նկարագրված է Ավետարաններում:

Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու։ Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է և աշակերտներին երևում աստվածային փառքով։ «Դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29): Այստեղից էլ առաջացել է տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:

Լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք» (Մատթեոս 17․5): Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին մինչև այն պահը, երբ Աստծո Որդին կփառավորվի:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի խորհուրդը մեզ հորդորում է սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վարդավառ» անունով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,
Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…
(«Սոնա յար» Կոմիտաս)։

Այլ աղբյուրներ վկայում են, որ Վարդավառ տոնի անունը հնարավոր է՝ գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Մի քանի ժողովրդական սովորությունների մասին

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական»-ը, դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:

Նախիջևանում վաղ առավոտյան կանայք թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով՝ խաչաձև կապում էին երեխաների կրծքին և տանում եկեղեցի (Արտակ արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»):
Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:

Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով: Քրիստոս այսօր պայծառակերպվում է մեր սրտերում՝ ևս մեկ անգամ ցույց տալով Իր՝ Աստծո Որդի լինելը։ Եվ մենք էլ, ինչպես առաքյալները, երկրպագում ենք Նրան՝ լցված ցնծությամբ։

Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպում են մի շարք միջոցառումներ, նպատակ ունենալով վերականգնել ժողովրդական ավանդույթները:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Աղբյուրը՝ Qahana.am | «Դա է իմ սիրելի Որդին»․ Քրիստոսի Պայծառակերպության տոնն է ՝ Վարդավառը (araratian-tem.am)