Լաուրա Լիլիթ Վարդանյանը ծնվել է 1972 թվականին Երևանում: 1979-89 ուստարիներին սովորել – ավարտել է Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցը: Դպրոցը ավարտելուն պես մեկնել է արտերկիր, ապրել և աշխատել է սկզբում Գերմանիայում, հետո` Իսրայելում: Երգչուհու մոտ երգելու տաղանդը բացահայտվեց դեռևս մանուկ հասակից ու թե դպրոցական տարիներին և թե արդեն արտերկրներում մասնակցել է տարբեր համերգների ու մշակույթային միջոցառումների: Նրա տաղանդը չի եզրափակվում միայն երգարվեստով: Ունի գրված բազում բանաստեղծություններ և առակներ: Նրա համար չափազանց հոգեհարազատ է հայոց լեզուն, հայ արվեստն ու մշակույթը: Պատահական չէ, որ իր համերգներում սովորաբար հանդես է գալիս հայկական ավանդական տարազով:
2021 թվականի ձմռանը պրոդյուսորներ Նիվ Շտուբին և Շառոն Լևին ծանոթանալով Լաուրա Լիլիթ Վարդանյանի ֆեյսբուքյան էջին տեղադրված ստեղծագործությունների հետ առաջարկել էին մասնակցել իրենց պրոդյուսերական խմբի կազմակերպած միջազգային փառատոնին, որին ներկայացրած տարբեր լեզուներով 5 հաղթած ստեղծագործություններից մեկը ճանաչվելու էր հաղթող ու պետք է տեսահոլովակ նկարահանվեր ու տեղադրվեր սոցիալական ցանցերում: 5 տարբեր լեզվով ներկայացված ստեղծագործություններից լավագույնը ճանաչվեց հայ երգչուհու մշակած «Բինգյոլի» երգն, որի հիման վրա նկարահանվեց համանուն տեսահոլովակը հրեա երգիչ Վիտալի Բարաշի գլխավորությամբ:
Տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 16 – ին ու այսօր արդեն երկու շաբաթվա ընթացքում այն ունի ավելի քան 1 մլն. 127 հազար դիտում, որն իրոք նոր տեսահոլովակի համար բացառիկ ձեռքբերում է այն դեպքում երբ երգչուհին առաջին անգամն է լայն մշակույթասեր հասարակությանը ներկայանում իր համատեղ ստեղծագործությամբ:
Հունվարի 29 – էլ հանդիսավորությամբ տեղի ունեցավ երգի շնորհանդեսն Իսրայելում: Այն կրկին շատ ջերմ ընդունվեց հրեա երաժշտագետների կողմից:
Երգչուհին ունի մի շարք նոր ծրագրեր ու նախագծեր և ցանկանում է առավելագույնս ներկայացնել հայյկական արվեստ ու մշակույթն Իսրայելում:
Պատրաստվում է տպագրության տալ իր ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն Սուրբ երկրում: Ամուսնացած է, ունի երեք երխա՝ երկու դուստր և մեկ որդի:
Պարգևատրվել է`
«Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ» գեե հ/կ-ի կողմից «Մշակութային կյանքի զարգացման գործում ներդրված ավանդի համար» պատվոգրով:
«Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ» գեե հ/կ-ի կողմից «Գարնան թագավոր Հովհաննես Շիրազի ծննդյան 105-ամյակին նվիրված «Շիրակի մեղեդիներ» ֆիլմի վերաբերյալ գրական մրցույթին լավագույն բանաստեղծություն գրելու և արդի օրերում մշակութային կյանքի զարգացման գործում ներդրված ավանդի համար» (2020, նախագահ` Մ. Հակունց) պատվոգրով:
«Անմահ Մհերը կամ մէ կդորըմ մարդ» մրցույթին մասնակցելու, «Մեր անմահ Մհերը» բանաստեղծության և մշակութային կյանքին ակտիվ մասնակցության համար» պատվոգրով (2020, նախագահ` Մ. Հակունց):
Տպագրվել է`
«Գրական մեղեդիներ» Կ, Հ, Ձ , Ղ և Ճ ալմանախներում, (խմբագիր` Մելսիդա Հակունց):
«Գարնան թագավոր Հովհաննես Շիրազ և Շիրակի մեղեդիներ» համահեղինակային գրքում, (խմբագիր`Մելսիդա Հակունց):
«Համազարկ վասն նահատակյաց և ապրողաց» Բ գիրք (խմբագիր`Մելսիդա Հակունց):
Ջավախքյան կանչեր համահեղինակային երկրորդ գրքում(խմբագիր`Մելսիդա Հակունց):
ՊԱՆԴՈՒԽՏԻ ԽՈՀԵՐԸ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁ
Մի օր ես էլ դարձա պանդուխտ,
Հայրենիքում անհնար էր, մութ ու քաոս,
Տունս թողի դատարկ ու մութ,
Լացակումած ես մեկնեցի հայրենիքից։
Անկեղծ ասած` դա չէի ուզում
Օտար երկիր, օտարություն, բայց գնացի։
Անցավ մի ողջ քսանհինգ տարի,
Ետ եմ նայում ու հարցնում` ի՞նչ շահեցի…
Կորցրեցի ահա հարցիս պատասխանը,
Ճիշտ են ասում, որ ծաղիկը քոքից հանես,
Ուրիշ հողում դու սերմանես, նա կմեռնի ..
Ես էլ մեռա, մեռավ հոգիս,
Օտարացավ իմ հայ որդիս,
Օտար լեզուն կպավ լեզվիս,
Օտարացավ սիրտս ու հոգիս,
Ախ, Տեր Աստված, էս ի՞նչ արի։
Հիմա միայն մի ցանկություն կա իմ սրտում`
Դառնամ, այո’, վերադառնամ ես հայրենիք,
Թո’ղ, որ ապրեմ մի խրճիթում ես հասարակ,
Սակայն ապրեմ, ապրեմ միայն հայավարի:
Ու թե մեռնեմ, անգին հողս,
Թո’ղ, որ թեթև լինի վրաս։
- 07 .20
ՄԵՂՔԻ ԱՇԽԱՐՀ
Գիտեմ՝
ամեն ինչ հասկանում եմ,
դու մեղավոր չես…
Պարզապես,
ես՝ հիմարս, մոտեցա քեզ՝
արգելված պտուղին…
Թերևս գիտակցում էի,
որ մեղքով կփաթաթվեմ,
կմեղանչեմ…
Հետո
փախչելու փորձեր կանեմ,
կանիծեմ ինքս ինձ…
Կփակվեմ մութ սենյակում,
անվերջ կաղոթեմ ……
Այս ամենը հասկանալով ես,
ես….մոտեցա ու տրվեցի քեզ:
Դու արգելված պտուղ,
մեղքի ուղեկից, քաղցր թույն:
Ես՝ սիրո քաղց ապրած,
քեզ գտած մեղավոր։
05.03.2021
ԲԱՐԻ ԹՌՉՈՒՆ
Ամեն անգամ, երբ նայում եմ ձեր երամին,
Այնքան սիրուն, շարվե֊շարան ու միասին,
Որ ես՝ ծնված մարդ արարած,
ամաչում եմ իմ տեսակից։
Ես չգիտեմ՝ ո՞ւր եք չվում, երկրի՞ց երկի՞ր,
Ի՞նչ փորձություն է ձեզ տրված,
ով է ձեզ տեր ու տիրական,
Բայց դուք նման եք համերաշխ գերդաստանի,
Խելագարվել կարելի է ձեզ նայելով…..
Մարդ արարած՝ գայլի ոգով, տե’ս, սովորի՛ր այս երամից,
Նրանք գիտեն, որ միասին պիտի ճախրեն,
Նրանց ոգին անկոտրուն է, մեկը մյուսով, երկինք ի վեր։
Իսկ դու կապրես երկրի վրա ու երկիրդ կապականես,
Արյունակից քո եղբորը դու կսպանես, չես ափսոսա,
Ու երամն էլ թե որ տեսնես, նետդ կուղղես նրա վրա։
Բարի թռչո’ւն, ներող եղի’ր և անփորձանք,
Մեզ անիծված և մարդ ծնված այս տեսակին,
Բարով չվես, բարին քեզ հետ սիրուն երամ,
Խելագարվել կարելի է ձեզ նայելով….
07.08.2021
ՀԱՄԱՃԱՐԱԿ
Համաճարակ էր….
և՛ ցավ, և՛ կորուստ ամեն դուռ թակեց,
ամեն մի տնից մեկը պակասեց…..
Մի օր պարզվեց,
որ շատ է դարձել մարդաքանակը,
երկրագունդը ծանր է շնչում,
տեղ դադար չկա։
Տերերն աշխարհի ժողով արեցին
և որոշեցին.
֊Կոտորած կանենք և’ մահ,
և’ աղետ, և’ համաճարակ,
մսաղացի մեջ բոլորին կաղանք
թե’ ծեր, թե’ մանուկ։
Այդպես էլ արին,
մարդու կյանքը դարձավ մի կոպեկ,
Խուճապի մատնվեց աշխարհը հզոր։
Բայց արի ու տե՛ս.
տերերն աշխարհի դեռ չեն գոհացել,
նստել են գահին և հետևում են
արյունախառը մարդկանց վախճանին։
Քսանմեկերորդ դա՛ր, դու էս ի՞նչ արիր,
որ Սատանայի խելքին դու ընկար
ու քանի՜, քանի՜ տներ քանդեցիր։
Համաճարակ էր….
և՛ ցավ, և՛ կորուստ ամեն դուռ թակեց,
ամեն մի տնից մեկը պակասեց…..
31.07.2021