Մայրենի երգի մեղեդիները միավորեցին հայերին Պետախ Տիկվայում

0
670
Լուսանկարում՝ Համերգի կազմակերպիչներն ու համերգի պատվավոր հյուրերը
Լուսանկարում՝ Համերգի կազմակերպիչներն ու համերգի պատվավոր հյուրերը

Արխիվային հաղորդագրություն

«Հայաստան աշխարհի մեղեդիները» – խորագրով համերգն, որը նվիրված էր  Հայաստանի Երրորդ Հանրապետության 24-րդ տարեդարձին, 2015թ.-ի կտրվածքով արդեն երկրորդ անգամ  երկրի կենտրոնի  մշակութասեր հասարակությանը հոկտեմբերի 7-ին հավաքեց հայաշատ Պետախ Տիկվայում: Համերգը մի փոքր ուշացումով սկսվեց՝ երեկոյան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Դանակով զինված մի արաբ ավտոկանգառի մոտ հավաքված մարդկանց մի խմբի վրա էր հարձակվել՝ դանակահարելով մի տարեց քաղաքացու: Բարեբախտաբար այդ օրը զոհեր չգրանցվեցին: Ահա համերգն ուշացումով մեկնարկեց ու բացման խոսքից հետո Կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի – «Ինչու է աղմկում գետը» կինոֆիլմից մի հատված հնչեցրեց փողհար Արմեն Ասլանյանն ու այս մեղեդու հնչյունների ներքո՝ դահլիճում հավաքված մեր հայրենակիցներին մտովին տեղափոխելով Երևանի «Ազատության» հրապարակ, ուր հավաքված ժողովուրդն  սեպտեմբերի  21-ին ողջունում էր մեր գալիք անկախությունը:

Քաղաքապետ Իցխակ Բրավերմանը ժամանեց ու մշակութային մասը փոխարինվեց պաշտոնականով: Ահաբեկչական հարձակման մասին և համերաշխության ու հայ-հրեական դարավոր բարեկամության մասին  խոսեց քաղաքապետը՝ նշելով, որ իրեն համար չափազանց կարևոր էր մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, թողնել իր գործերն ու կատարել իր խոստումը՝ մասնակցելով հայկական համերգին: Կյանքը շարունակվում է ու ցանկացած ահաբեկչություն ավելի է միավորում ժողովրդին, – եզրափակեց իր խոսքը քաղաքագլուխը: Քաղաքապետարանի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս համերգը:

Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աբսորբցիայի բաժնի տնօրեն Ռայա Լայխտմանովն ևս ձեռնբաց չէր եկել ու հանդիսավորությամբ պարգևատրեց «Նաիրի» ու «Նոյան Տապան» միությունների հիմնադիր կազմի մի շարք անդամների պատվոգրերով՝ Հայկական համայնքի կյանքում ունեցած ավանդի համար:

Կային բազմաթիվ հյուրեր նաև Սուրբ քաղաքի հայկական համայնքից: Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյանը պատվավոր հյուրերի շարքում էր: Հայաստան պետության ներկայացուցչի առկայությունը չափազանց կարևոր է տեղի հայության համար ու ընդգծում է մեր պետության ներկայությունն Իսրայելում: Երուսաղեմյան հոգևոր պատվիրակությունը ղեկավարում էր Պատրիարքարանի միջեկեղեցական և արտաքին կապերի բաժնի ղեկավար Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Պատվավոր հոգևորականների շարքում էր նաև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն ու միաբաններ Հայր Էմանուել վարդապետ Աթաջանյանն և հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Արիս սրբազանը նախ իր խորին ցավակցությունները հայտնեց քաղաքապետին, անդրադարձավ Հայաստանի անկախության տոնին ու շնորհակալություն հայտնեց  նման գեղեցիկ համերգ կազմակերպելու համար:

Երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն ևս միացավ Արիս սրբազանին և իր ցավակցությունները հայտնեց հրեա ժողովրդին ու ողջունեց համերգի կազմակերպիչներին ու դահլիճում հավաքված հայերին՝ կոչ անելով մնալ միշտ համախմբված հայ եկեղեցու շուրջ:

Վոկալ-գործիքային «Դիլիջան» համույթի երաժիշտները մի խումբ հրեա նվիրյալներ են, որոնք իրենց խմբի անունն, անչափ սիրելով Հայաստանը, կոչեցին «Դիլիջան»:  «Հաբիմա» թատրոնի ու «Vocal people» խմբի մենակատար, երգիչ Աշոտ Գասպարյանն ու նրա եղբայր, ոչ պակաս հայտնի երգիչ, Տիգրան Գասպարյանը «Դիլիջան»  համույթի  հետ միասին մի պահ կտրելով մարդկանց իրականությունից, մտովին տեղափոխեցին մայր Հայաստան: Հնչած բազմաթիվ հայկական ժողովրդական երգերը իրոք այնպիսի ջերմ մթնոլորտ էին ստեղծել դահլիճում, որ մի պահ տպավորություն էր ստեղծվել, թե համերգը Հայաստանում է տեղի ունենում: Երգացանկը շատ բազմազան էր ու տպավորիչ: ՈՒրախ երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի – «Գարունա», «Քելե քելե», հայկական ազգային երգերից՝   «Հարալո», «Հինգալա» և այլ ուրախ ստեղծագործություններ:

Հայ խոստումնալից երգիչների դյութիչ ձայնն ու արտիստզմն անգնահատելի պարգև էր ոչ միայն հայ այլև հրեա հանդիսատեսի համար: Ճիշտ է շատ հրեաներ դահլիճում չկային, բայց նրանք համերգի ընթացքում զմայլված հայկական կատարումներով՝ ջերմ ծափողջույններով էին բաժանվում հայ արտիստներից:

Երեկոյին մասնակցեց նաև դաշնակահարուհի Ելենա Սարգսյանն ու Իսրայելում հայտնի դաշնակահար Ասոր Ալկայամն, ով նվագակցեց Աշոտ Գասպարյանին:

«Դիլիջան» համույթի առանձին երաժիշտների՝ դուդուկահար Իլիյա Մազիայի հետ հայկական համայնքի համագործակցությունն ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի ու համույթի ստեղծումից անմիջապես հետո «Նաիրի» միության հիմնադիր կազմը հարմար առիթի էր սպասում հրեա երաժիշտներին հայկական կատարումները հայ հանդիսատեսին ներկայացնելու համար: ՈՒ առիթն էլ ստեղծվեց հանձինս հայկական այս համերգի: Նրանք ոչ միայն կատարեցին հայ ազգային մեղեդիների իրենց մշակումներն, այլ նաև հրեական  պարեր ներկայացրեցին:

Համերգի ժամանակ կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել և առաջին անգամ Իսրայելի ու Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի – «Պարային» խորագրով հայկական երաժշտության ներքո ելույթ ունեցավ Իսրայելի բալետի գլխավոր մենակատար, Իսրայելի բալետի գլխավոր Ռոմեո, Բազիլ, Ալբերտ, արքայազն Դեզիրտ, Պինկերտոն, պարուսույց ու բեմադրող Լյուդվիգ Իսպիրյանը:

Ի դեպ համերգի գեղարվեստական ղեկավարն էր հենց մաեստրո  Ասլանյանն, ով կարողացավ  հայկական միությունների օգնությամբ երկուս ու կես ժամ, առանց ընդմիջման, բարձր պահել երաժշտասեր հասարակության տրամադրությունը:  Համերգը ընթացքում բեմ դուրս եկան նաև Պետախ Տիկվայի հայկական համայնքի ապագա առաջնորդները, «Նոյան Տապան»  հայկական կրթական-մշակութային կենտրոնի դպրոցականներն, որոնք էլ եզրափակեցին համերգը:

Պետախ Տիկվայում 11 տարի առաջ, երբ համայնք ստեղծելու առաջին քայլերն էին կատարվում, ինչպես հային է բնորոշ, առաջին գործը հայկական դպրոցի ստեղծումն էր, որը կարճ ընդհատումներով գործում է մինչև օրս:

Հայ աշակերտները՝ Պարույր Սևակի – «Քիչ ենք, բայց հայ ենք»  բանաստեղծությամբ էլ եզրափակեցին այս հիասքանչ երեկոն: Ի դեպ բացի համերգից դահլիճի միջանցքում նաև հայկական ցուցահանդես էր բացվել ու մինչ համերգը սկսելը հյուրերը հնարավորություն  ունեցան ծանոթանալ Երուսաղեմի հայ վարպետների ձեռագործ աշխատանքների հետ: