Ապրիլի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Իսրայելի հայկական համայնքը մեծամասամբ քվեարկելու է ձախակողմյան «Մերեց» կուսակցության օգտին: Բազմաթիվ նոր քաղաքական ուժեր ու նոր դեմքեր, բանակի նախկին գեներալներ կուսակցություններ են կազմում, հայտարարում նոր կոալիցիաների ձևավորման մասին: Ընտրողների համար անշուշտ դժվար է լինելու այս անգամ «ճիշտ կուսակցությանը» ընտրել: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ ոստիկանությունն ու դատախազությունը մի քանի աղմկահարույց հետաքննություններ է անցկացնում կաշառակերության կասկածանքով ու մինչև այժմ հայտնի չե թե կառավարության իրավաբանական խորհրդատուն դատախազության ու մյուս մարմինների հետ միասին ինչ որոշում կկայացնեն մինչ ընտրությունները: Կառավարող «Լիքուդ» կուսակցությունն էլ այժմ ոչ բարենպաստ պայմաններում է հայտնվել ոչ միայն վարչապետի պատճառով, այլև ներքին պայքարի ու նոր առաջնորդի ընտրության հետ կապված: Երկար կարելի է քաղաքական դաշտի մասին խոսել, սակայն մեզանում ամենակարևորը հայկական համայնքի դիրքորոշումն է: Դիմել են արդյո՞ք հայկական միություններին այս կուսակցությունները կամ ի՞նչ ակնկալիքներ ունեն հայերն այս խորհրդարանական ընտրություններից: Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել, դեռ ժամանակ ունեն, նախկինում հայկական միությունները իրենց ձայները տվել էին «Մերեց» կուսակցությանն, չնայած որ ազատ քվեարկելու միշտ էլ մարդիկ հնարավորություն ունեն ու անկաշկանդ են այդ հարցում:
Երուսաղեմում «Հայ Դատի» հանձնախումբն ու «Դաշնակցություննը» տասնյակ տարիներ արդեն կողմնորոշված են ու մշտապես պաշտպանում են «Մերեցին», քանզի վերջինս միակն է կուսակցություններից, որ պաշտպանում է հայերի շահերն ու ավելի քան մեկ տասնամյակ Քնեսետ բերում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերը: Զրուցակիցս «Հայ Դատի» տեղի պատասխանատուներից մեկն է՝ պատմական գիտությունների դոկտոր, տիկին Ժորժետ Ավագյանը:
– Ես պզտիկուց «Մերեց» – ին կուտամ իմ ձենս, նախկինում «Մափամ» կկոչվեր: Հիմա որոշ խոսակցություններ դեռ չկան, մարդիկ ազատ են իրենց քվեարկության մեջ, եթե կուզեն ուրիշ ուժերի կողմ քվեարկեն, կարող են: Մենք միշտ էլ մեր ձայները «Մերեցին» կուտանք, – ասաց պատմական գիտությունների դոկտորը:
Դիմել են արդյո՞ք այլ կուսակցություններից հարցիս ի պատասխան ասաց թե.
– «Ավոդայից» դիմեցին, ուրիշներն էլ դիմեցին, բայց իրենք գիտեն որ «Մերեցին» -ին կուտամ իմ ձենս, – հավելեց տիկին Ավագյանը:
Բազմաթիվ հեռուստաելույթներ են ունենում և կուսակցությունների ղեկավարներն և այս կամ այն նորաստեղծ միությունների ու բլոկների ներկայացուցիչներն, անխնա քննադատում միմյանց, սակայն «Հայ Դատի» տեղի պատասխանատուներից մեկի կարծիքով այս ամենն ուղղակի աթոռակռիվ է ու որևէ նոր ծրագիր ու նորություն, երկիրը ճգնաժամից դուրս բերելու նոր ծրագիր չկա, – համոզված է նա:
Իսկ հետաքրքիր է թե օգտագործելու են արդյո՞ք ընտրություններն «Հայոց Ցեղասպանության» ճանաչման հարցը Քնեսետում կրկին բարձրացնելու համար, թե սպասելու են և ընտրություններից հետո միայն բանաձևը բերելու են խորհրդարան:
– Հիմա պետի սկսենք աշխատել, որոշել ենք արդեն: Ընտրություններից առաջ է անհրաժեշտ, – փոխանցեց զրուցակիցս:
Տեղափոխվենք հյուսիսային Հայֆա քաղաք ու զրուցենք Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հետ: Թեժ ընթացող ու անզիջում ընտրապայքարը հայ մտավորականի կարծիքով սովորական երևույթ է այստեղ:
Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյան
– Ես ու դուք պետի զարմանայինք, եթե իրար վրա «քար ու ցեխ» չշպրտեին, «էլ քաչալ շուն, էլ գող փիսո» չասեին:Սա առաչին դեպքը չէ: Այս ընտրությունները միշտ էլ այդպես են ընթանում, պիտի իրար հայհոյեն, բացեն «հին-հին հուշերը», ծանոթ թեմաներ են, – կարծիք է հայտնում հայ կոմպոզիտորը: Կառավարող Լիքուդը միշտ էլ ոչ հայանպաստ քաղաքականություն է վարել, թեկուզ մեր բանաձևերը չեղարկելու ու քննարկումները ձախողելու հետ կապված, «Իսրայել Բեյտեյնու» թարգմանաբար «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն ու նրա ղեկավար, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջանին Իսրայելյան ամենառաջատար զենքերի ու տեխնոլոգիաների վաճառքի գլխավոր աջակիցներից մեկն է, ու նույնիսկ անցյալ տարի Քնեսետում «Մերեց» խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգը մեղադրեց Լիբերմանին Ադրբեջանի գործակալը լինելու և միլիոնավոր դոլլարներ այդ բռնակալ երկրից ստանալու մեջ, ուստի այլ ելք չկա հայերի համար, քան ձախակողմյան «Մերեցին» աջակցելը:
– Այո «Մերեցը» դա այն կուսակցությունն է, որը բավական հաճախ ես կասեյի միշտ հայանպաստ, հայապաշտպան, «Հայոց Ցեղասպանությունը» պրոպագանդող քաղաքականություն է վարում: Խորհրդարանում 5 ձայն է հավաքում, որովհետև անբողջ Իսրայելը սրսկված է հակաարաբական պրոպագանդայով ճիշտ այնպես ինչպես արաբական կողմը սրսկված է հակահրեական պրոպագանդայով , – եզրահանգեց Նուբար Ասլանյանը:
Երբեմն արաբական կուսակցություններն էլ հանդես են գալիս հայերի դիրքերից, սակայն հայեր չկան ինչպես զրուցակիցներս ասեցին, որ իրենց ձայնը տան ասենք արաբական միացյալ ցուցակին թեկուզ Երուսաղեմում: Բավական երկար զրուցեցինք կոմպոզիտորի հետ: Երկրում սկզբում ֆինանսների նախարար Նեթանյահուն, իսկ այնուհետև արդեն որպես վարչապետ իր քաղաքականության արդյունքում թուլացրեց միջին խավը՝ սպասարկելով հարուստ վերնախավին ու այսօր Իսրայելն ոչ միայն զբոսաշրջության բնագավառում ամենաթանկ պետությունների տասնյակի մեջ է, այլև գների առումով ավելի թանկ պետութուն է դարձել, քան նույնիսկ արևմտաեվրոպական շատ զարգացած պետություններ, որոնց բնակչության միջին աշխատավարձն անհամեմատ բարձր է Իսրայելյան աշխատավարձերից:
– Դուք շատ լավ գիտեք, որ մարդկանց ֆինանսական վիճակը գնալով վատանում է և ես սա ասում եմ, որպեսզի Հայաստանում են լսեն, որ միայն այնտեղ չեն թանկացումներ տեղի ունենում: Տների գները միլիոնավոր շեկելների է հասնում, մարդիք չունեն բավական էներգիա, որ պայքարեն ու գիտեն, որ ով էլ գա պետք է երգի հին երգը՝ մանիր մանիր իմ ճախարակ, մանիր թելեր հաստ ու բարակը պիտի երգեն, – ոչ մի փոփոխություն չսպասեք, – եզրափակեց իր խոսքը հայ մտավորականը: