«Միջադեպերը հակաքրիստոնեական են, բոլոր այն ազգերի դեմ են, որոնք չեն դավանում հուդայականություն». իսրայելաբնակ լրագրող

0
183

 

Յակոբ Ճռնազեանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր , որ Իսրայելում քրիստոնյաների դեմ ատելության հերթական միջադեպն է գրանցվել: Երուսաղեմի հայկական թաղամասի շենքերից մեկի պատին օրերս եբրայերենով «Մահ հայերին, մահ քրիստոնյաներին, մահ արաբներին: Մենք վրեժ ենք լուծելու» գրություն են թողել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանից: «Սա արդեն անընդհատ կրկնվող սովորական երեւույթ է մեզանում: Խնդիրն այն է, որ նման երեւույթներ տեղի են ունենում ոչ միայն հայերի նկատմամբ, այլ բոլոր քրիստոնյաների: Վերջերս երկու հրեա ծայրահեղ օրթոդոքս երիտասարդների ձերբակալեցին, որոնց ինքնությունը հրեական ոստիկանությունը չի ներկայացնում: Նրանք թափանցել էին Երուսաղեմի քրիստոնեական գերեզմանատուն, պղծել էին շիրմաքարերը, ներկել ու կոտրել էին դրանք, այսինքն` իսկական վանդալիստական գործողություններ էին իրականացրել Երուսաղեմ քրիստոնեական գերեզմանատանը: Ցանկացած օր, ցանկացած քրիստոնյա հոգեւորական՝ լինի լատինական պատրիարքարանի ներկայացուցիչ, թե հայկական, ապահովագրված չէ հրեա օրթոդոքս ծայրահեղականների հարձակումներից, անարգանքից արհամարհանքի դրսեւորումներից: Նրանք քրիստոնյաների հանդիպելիս ուղղակի թքում են գետնին՝ այդպես արտահայտելով իրենց վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Կան հարյուրավոր ապացույցներ, թերթերում տպագրված հոդվածներ այդ մասին, սկսած Jerusalem post- ից: Հիմնականում ջրի երես են դուրս գալիս կոնկրետ հարձակումները քրիստոնյաների վրա: Մի խոսքով, բոլոր քրիստոնյա հոգեւորականներն էլ նման հարձակումների ենթարկվում են»,-ասաց Արտյոմ Չերնամորյանը:
Նա նշում է, որ 19-20 տարիների ընթացքում թեմայի վերաբերյալ զրուցել են մեր հոգեւորականների հետ ու կարծում են, որ խնդրի լուծումը հրեական օրթոդոքս կրթօջախներում ճիշտ կրթություն կազմակերպելն է. «Պետք է հայերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ներկայացվի այդ կրթօջախներում, ինչը մինչեւ օրս Իսրայելում չկա եւ չի իրականացվում: Եղել են նաեւ հանդիպումներ պատրիարքների եւ գլխավոր ռաբիների հետ, քննարկումներ այս թեմաների շուրջ, սակայն դեռեւս կոնկրետ արդյունք նման հանդիպումները չեն տվել: Եվ խնդիրն այն է, որ Երուսաղեմի ոստիկանությունը, որը գտնվում է Հին քաղաքում, ծայրահեղ օրթոդոքսներին շատ թեթեւ պատիժ է սահմանում: Ենթադրենք` հարձակում է տեղի ունեցել հայ հոգեւորականի դեմ, թքել են հագուստի վրա, առավելագույն պատիժը, որ ծայրահեղականները կարող են ստանալ այն է, որ մեկ շաբաթ արգելվում է նրանց Հին քաղաք մտնել եւ աղոթել Լացի պատի մոտ»: Արտյոմ Չերնամորյանը նաեւ պարզաբանում է, թե ինչու են նման թեմաների առանցքում հայտնվում հատկապես հայերը. «Ի տարբերություն կաթոլիկների եւ հույների՝ հայերը գիտեն պաշտպանվել, ոչ մի հայ հոգեւորական չի կարող թույլ տալ, որ որեւէ մեկն անցնի իր կողքով ու թքի խաչի վրա, հագուստին կամ գետնին: Կոնկրետ հայերի հետ օրթոդոքս ծայրահեղականների հարաբերություններն ավելի լարված են: Նրանք ավելի շատ հայերից են վախենում, քան մյուս քրիստոնյաներից, որովհետեւ մյուսները չեն պաշտպանվում, ուղղակի արհամարհում են նրանց, իսկ հայերը պատասխանում են, շատ դեպքերում շատ լուրջ են պատասխանում: Լինում են նաեւ հայ հոգեւորականներին ոստիկանություն տանելու դեպքեր՝ պաշտպանվելու համար: Իհարկե, ոստիկանությունը մեզ ոչինչ չի անում, պատրիարքարանը միշտ տեր է կանգնում հայ հոգեւորականների իրավունքներին, ունենք հայերի շահերը պաշտպանող փաստաբաններ: Ամփոփելով ասվածը՝ նշեմ, որ նման միջադեպերը չունեն կոնկրետ հակահայկական բնույթ, դրանք հակաքրիստոնեական են, եւ արաբների դեմ են ու բոլոր այն ազգերի, որոնք չեն դավանում հուդայականություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուրը՝ www.aravot.am

Լուսանկարները՝ Յակոբ Ճռնազեանի ֆեյսբուքյան էջից