ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.
«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:
Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:
Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:
Հարգելի՛ ներկաներ,
Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե , նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով։
Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։