Նույնիսկ եթե ՀՀ-ն ցանկանա, Իսրայելն այդ ԱԹՍ-ները մեզ չի վաճառի. ի՞նչ վտանգներ կան ադրբեջանա-իսրայելական նոր գործարքից

0
169

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Պարոն Չերնամորյան, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտոնյաները և «Aeronautics» իսրայելական ընկերությունը քննարկում են մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունն ընդարձակելու հնարավորությունը: Ի՞նչ է ենթադրում այս համագործակցությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։

-Ինչպես գիտեք՝ 2000-ական թվականներից Իսրայելն ու Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ են զբաղվում։  Նախկինում վերը նշված կազմակերպությունը  կոչվում էր «Aeronautics defense systems», նրանք  նաև «Orbiter» տեսակի հետախուզական թռչող սարքեր էին արտարդում։ Թե այս տարիների ընթացքում ինչքան են արտադրել նման հետախուզական անօդաչու թռչող սարքեր, մենք իհարկե չենք կարող ասել, սակայն հիմնականում խոսք էր գնում «Orbiter 1K» տեսակի  հետախուզական, ծավալներով փոքր անօդաչու թռչող սարքի մասին։ Հետագայում «Aeronautics defense systems»-ը փորձել էր վաճառել ԱԹՍ-ների մի խմբաքանակ՝ փոխելով դրանք կամիկաձեների, այսինքն՝  ավելացրել էին մոտ 2 կգ քաշ ունեցող մարտագլխիկ։ Իսրայելում  նստած երկու օպերատոր հրաժարվել էին դրանք ցուցադրել և Իսրայելից կառավարելով հարվածել հայկական դիրքերի վրա։ Նրանց ղեկավարներն էին դա արել, ինչի արդյունքում ծագեց մեծ սկանդալ և ինչպես հիշում եք այս կազմակերպությանը նույնիսկ դատի տվեցին: Սկանդալից հետո այդ կազմակերպությանը սնանկ ճանաչեցին, այնուհետև  այն վերականգնեցին, որից հետո այն վերանվանվեց «Aeronautics», նորից նույն անունով՝ առանց «defense systems»-ի։ Այնուամենայնիվ  անօդաչու թռչող սարքերի պայմանագիրն, ի վերջո, կատարվեց,Ադրբեջանին տրվեց մարտագլխիկներով Orbiter 1K տեսակի հարվածային ԱԹՍ-ները։ Իմ կարծիքով՝ այժմ խոսք է գնալու հարվածային ԱԹՍ-ների համագործակցության խորացման մասին, որովհետև հետախուզական արդեն իսկ արտադրում են։ Եթե հենց այս «Aeronautics»-ն է, այն ունի չորս տեսակի Orbiter-ներ՝ Orbiter մեկ, երկու, երեք չորս, չորրորդն ամեաառաջադեմ ԱԹՍ-ն է, իր հնարավորություններով շատ ավելի կատարելագործված։ Այսօր «Aeronautics»-ը բացի հետախուզականից, մարտագլխիկներ ունեցող նման խոշոր պատվերներ չունի, գուցե խոսքը հենց հարվածային ԱԹՍ-ների մասին է։ Այսինքն՝ ընդլայնելով եղած հնարավորությունները, կոմպոնենտներ փոխանցելով հնարավոր լինի նման հարվածային ԱԹՍ-ներ օգտագործել, որն իհարկե մեզ համար շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Պատկերացրեք՝ միաժամանակ օդ բարձրացնեն հարյուրավոր մարտագլխիկներ ունեցող փոքրիկ ԱԹՍ-ներ, որոնց խոցելը շատ ավելի դժվար կլինի, քան ավելի խոշոր ԱԹՍ-ները։

– Տարիներ շարունակ բերվում է այն պատճառաբանությունը, թե Իսրայելի շուկան բաց է, Հայաստանն էլ կարող է համագործակցել, բայց փոխարենը նախընտրում է ռուսական զենքը։ Կարծում եք այստեղ միայն բիզնե՞սն է, թե՞ կա նաև քաղաքականություն։

-Այդ նարատիվը  տասնյակ տարիներ  պտտվում է։ Հայաստանին շատ վաղուց են առաջարկել, իսկ Հայաստանն այդ ժամանակ չունենալով ռեսուրսներ նախընտրել է ռուսական զենքը։ Բայց Ռուսաստանը երբևէ չի ունեցել նման տեխնոլոգիաներ, խոսքն ԱԹՍ-ների մասին է։ Հայկական ԱԹՍ-ներն այսօր իրենց որակով շատ ավելի լավն են, որովհետև հայկական կազմակերպությունները հնարավորություն ունեն արևմտյան պետություններից ստանալ տեխնոլոգիաներ, գնել չիպեր, իսկ Ռուսաստանը զրկված է այդ հնարավորություններից։ Ռուսաստանը չունի հնարավորություններ արտադրելու նորմալ ԱԹՍ-ներ։ Այսօր Ռուսաստանը արդուկ և սառնարան չի կարող արտադրել, ուր մնաց բարձր որակի ԱԹՍ-ներ։ 90-ականներին եղել են նման առաջարկներ, դրանից հետո անընդհատ  այդ հարցն արծարծվում է։ Քաղաքագետների մի մասն ասում է, որ եղել են նման շփումներ և առաջարկներ, մի մասն ասում է՝ չի եղել։ Կա նաև տեսակետ, որ Ադրբեջանը չի թողել, որ նույն ոլորտում Իսրայելը համագործակցի նաև Հայաստանի հետ։ Եկեք այս պնդումները դնենք մի կողմ և փաստերով խոսենք։ Իսկ փաստն այն է, որ Իսրայելն այսօր նման անօդաչու թռչող սարքեր վաճառում է միայն Ադրբեջանին և ոչ Հայաստանին։ Ես շատ կասկածում եմ, որ ունենալով միլիոնավոր դոլարների պայմանագրեր Ադրբեջանի հետ, Իսրայելը կհամաձայնի մեզ նմանատիպ տեխնոլոգիաներ փոխանցել։

-Այսինքն ամեն դեպքում՝ միայն բիզնես չէ, քաղաքական բաղադրիչ էլ կա։

Իհարկե կա քաղաքական բաղադրիչ։ Ադրբեջանը համաձայնել է իր տարածքը տրամադրել Իսրայելին, որպեսզի Իսրայելը հետախուզություն կատարի Իրանի դեմ։ Իսկ Հայաստանն Իրանի հետ ունի շատ բարիդրացիական հարաբերություններ և իր տարածքը չի տրամադրել Իսրայելին, նրանից տեխնոլոգիաներ ստանալու դիմաց՝  իր տարածքից լրտեսություն կամ հարվածներ թույլ տալու համար։ Այսօր Իրանի տարածքի վրա կատարվող գրեթե բոլոր հարձակումներն իրականացվում են Ադրբեջանի տարածքից և ցավոք սրտի նաև մեզանից գրաված տարածքներից։ Իսրայելը Ֆիզուլիի օդանավակայանում մեծ ներդրումներ է արել, Իսրայելի Պաշտպանության նախարարությունը նաև մեծ ներդրումներ է անում Հայաստանից գրաված այն տարածքներում, որոնք Իրանի հետ սահմանակից են։ Այդ սահմանից հրեական ԱԹՍ-ները կարող են հարվածներ հասցնել Իրանի ցանկացած միջուկային օբյեկտի,  ցանկացած թիրախ խոցել Ադրբեջանի տարածքից։ Այսօր պետք է փաստերով խոսենք։ Հայաստանի միակ տարբերակը՝ հրեական որոշ տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար Հնդկաստանն է։ Քանի որ Իսրայելն ու Հնդկաստանը ունեն համատեղ ԱԹՍ-ների արտադրություն, ունեն համատեղ ռազմական համագործակցություն՝ հրթիռաշինություն և այլն, բազմաթիվ տեխնոլոգիաներ Հնդկաստանը ձեռք է բերել Իսրայելից։ Քանի որ մենք էլ հնդկական զենք ենք գնում, իմ կարծիքով նաև Հնդկաստանից է կարելի ձեռք բերել որոշ տեխնոլոգիաներ։ Ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում Իսրայելը շատ փորձարկումներ կատարեց Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես  իր ԱԹՍ-ները փորձարկեց մարտական պայմաններում, դրանք թարմացրեց, փոփոխությունների ենթարկեց, ավելի լավացրեց։ ԱԹՍ-ները Լեռնային պայմաններում մինչ այս չէին ցուցաբերում լավագույն արդյունք՝ տուրբուլենտության փոփոխություն, սարերում ամպերի մեջ….Կա հատուկ սարք, որ չափում է քամու արագությունը այն մեքենայի վրայից, որտեղից որ  բաց է թողնվում ԱԹՍ-ն։ Լեռնային պայմաններում, եթե քամու արագությունը 150 մետր վայրկյանից ավելի է, ԱԹՍ-ն կարող է իր ֆունկցիան նորմալ չկատարել, նկատի ունեմ՝ եթե ցածր բարձության վրա է թռչում։ Կան տարբեր չափորոշիչներ, որոնք Իսրայելի ինժիներներն այս տարիների ընթացքում հաղթահարեցին ու ավելի կատարելագործեցին մեր դեմ ուղղված պատերազմների ու մարտական գործողությունների հաշվին։

Աղբյուրը՝

www.1in.am