Հուլիսի 3 – ին Հայֆայի Ռոպոպորտ դահլիճում տեղի ունեցավ մշակույթային մի իրադարձություն, որն իրոք հպարտությամբ է լցնում ցանկացած հայի սիրտ: Երբ Իսրայելի Հայֆա քաղաքում հայր և որդի Ասլանյանները 750 հանդիսատեսի ստիպեցին շատ երկար ծափահարել՝ այդ կերպ գնահատելով հայկական մշակույթային տաղանդն ու «Սարդարապատ» քայլերգ-պոեմը փողային նվագախմբի համար գրված ստեղծագործության գերբնական ուժը:
Հուլիսի 3 – ին «Բիտ բոգրիմ» նվագախմբի հիմնադրման 13 – ամյակի առթիվ համերգ էր կազմակերպվել Հայֆայում, որին մասնակցում էր նաև Հայֆայի ջազային «Բիտ բենտ» պատանեկան ջազ նվագախումբն՝ ղեկավար, Հայֆայի Սիմֆոնիկ նվագախմբի փողհար Արմեն Ասլանյանի գլխավորությամբ:
Ի դեպ «Բիտ բոգրիմ» նվագախումբը. սիրողական է, ու բարձրորակ այս երաժշտախումբը բաղկացած է բժիշկներից (8 հոգի, որոնց մեջ 2 պրոֆեսոր), գիտ.աշխատողներից (մասնավորապես բարձրագույն տեխնոլոգիաների մասնագետներ), մշակույթի և կրթության ասպարեզից մարդիկ(ուսուցիչներ, դասախոսներ) և զանազան հարգարժան մասնագիտությունների տեր, բայց ոչ արհեստավարժ, երաժիշտներից:
Համերգը նախատեսված էր նաև երկու նվագախմբերի՝ Հայֆայի փողային և Արմեն Ասլանյանի հիմնած ու ղեկավարած Հայֆայի «Բիտ բենտ» պատանեկան ջազ նվագախմբի համատեղ ելույթը:
Ինչպես պատմում է Հայֆայաբնակ հայտնի հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը.
– Համերգից երկու օր առաջ կոռոնավիրուսով հիվանդանում է փողային նվագախմբի դիրիժորն, որի ծրագրում կար 12 ստեղծագործություն, և որ երկու նվագախմբերը պիտի մեկ ընդ մերթ ելույթ ունենային, փաստորեն՝ տոն էր փողային ու ջազ երաժշտության: Փողային նվագախմբի դիրիժորի անսպասելի հիվանդությունը մի պահ կասկածի տակ դրեց համերգի կայացումը, բայց՝ վաճառված էին համերգի բոլոր տոմսերը, հրավիրված և վճարված էր լուսային էֆեկտների մասնագետներն ու համերգը տեսագրող խումբը, մասնակցելու էր քաղաքի ղեկավարությանը, տոմսերը գնած ժողովուրդը տրամադրված էր համերգ ունկնդրել ու հանկարծ՝ դիրիժորը կոռոնա: Համերգի կազմակերպիչները որոշեցին, որ այն պետք է անպայման կայանա և ժողովրդական լեզվով ասած՝ «կուժն ու կուլան կոտրեցին Արմեն Ասլանյանի գլխին»:
Կազմակերպիչները որոշել էին, որ երկու նվագախմբերն էլ պետք է ղեկավարի Արմենը: Համերգին մնացել էր երկու օր, իսկ Արմենը պետք է ընթերցեր ու սովորեր 12 նոր ստեղծագործության պարտիտուր: Նույնիսկ մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար այն հսկայական նյութն, որ երաժիշտները ամիսների ընթացքում են սովորում: Ի պատիվ հայկական տաղանդի ու Կոմիտասի անվան կոնսերվատորիայի փայլուն կրթության ու նաև ծնողների տված գիտելիքների՝ նա փայլուն կատարեց առաջադրանքը:
Իսկ հնչած բոլոր ստեղծագործությունների շարքում իհարկե «թագավորը» «Սարդարապատ» կոնցերտ-պոեմի կատարումն էր գրված փողային նվագախմբի համար:
Համերգի հաղորդավարը հրեա հանդիսատեսին ներկայացրել էր հայֆայաբնակ, Իսրայելի ու Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանին ու նրա «Սարդարապատ» քայլերգ-պոեմը՝ պատմելով, որ այն նվիրված է հայոց բանակի 1918 թվականին Սարդատապատի ճակատամարտում թուրքերին պարտության մատնելուն ու Հայաստանից դուրս շպրտելուն: Կանչում են բեմ պարոն Ասլանյանին ու խնդրում դիրիժորի փոխարեն ղեկավարել նվագախումբը:
Նման վերաբերմունքից ու գնահատականներից հետո Ասլանյան ավագը հուզմունքից նույնիսկ հավասարակշռությունն էր կորցրել:
– Երբ ես բարձրացա բեմ, նվագախումբը ինձ ողջունելու համար ոտքի կանգնեց: Շփոթվեցի, հուզմունքից կորցրեցի հավասարակշռությունս: Այսպիսի հաջողություն եղել էր 30 տարի առաջ, երբ իմ ղեկավարած մանկական փողային նվագախումբը մասնակցեց հայտարարված մրցույթին և դուրս եկավ հաղթանակով: Շնորհակալ եմ նվագախմբից, փայլեց իսկապես, բեմ բարձրանալուց հետո մոտեցա խոսափողին ու շնորհակալություն հայտնեցի բացակա դիրիժորին ու նվագախմբի կազմին՝ իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար, – մեր խմբագրությանը ներկայացրեց հայ կոմպոզիտորը:
Համերգին ներկա էին շատ մեր հայրենակիցներ, ովքեր նույնիսկ Երուսաղեմից ու կենտրոնական մի շարք քաղաքներից շտապել էին հյուսիսային «մայրաքաղաք» Հայֆա՝ ունկնդրելու հայկական դյութիչ երաժշտությունը:
Խմբագրության կողմից:
Մեր խմբագրության կողմից հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ասլանյանների ընտանիքին, որ թե խաղաղ և թե պատերազմական պայմաններում, անկախ ընթացող պատերազմներից ու ռմբահարվող դահլիճներից միշտ պատրաստակամ ներկայացել են հանդիսատեսին ու գերել նրանց իրենց հայկական երաժշտությամբ ու տաղանդով: Մեր համայնքի համար պատիվ է ունենալ հայր՝ կոմպոզիտոր ու մեծ սրտի տեր մարդ՝ Նուբար Ասլանյանին, ու նրա արդար ու հայրենանվեր գործը շարունակող որդի՝ փողհար Արմեն Ասլանյանին մեր կողքին:
Հպարտանում են Ձեզանով: