ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (հոկտեմբեր 25, 2023) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում: Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքյան տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:
Ծրագրի առաջին փուլին մասնակցելու են հրավիրվում առողջապահության, սոցիալական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում մասնագիտացած անձինք:
«ԴիասՊրո»-ին հայտ ներկայացնելու համար սփյուռքահայ մասնագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։ Դիմելու վերջանաժամկետը սույն թվականի նոյեմբերի 20-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է այցելել հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/39:
Հարցազրույցների արդյունքում ընտրված սփյուռքահայ մասնագետները 2024 թվականի հունվարի 15-ից առցանց կամ առկա ձևաչափով կմեկնարկեն կամավորական գործունեությունը՝ յուրաքանչյուր պետական մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։
Հարցերի առկայության դեպքում անհրաժետ է նամակ գրել diaspro@gov.am էլ. փոստին կամ զանգահարել +374 10 515 537, +374 10 515 514, +374 10 515 538 հեռախոսահամարներով: