Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ POLITICO Europe  պարբերականին

0
330

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe  պարբերականին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ.

Հարց – Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Հաճելի է Ձեզ հետ խոսելը, չնայած տարածաշրջանում այն դժվար իրավիճակին, երբ Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրություններն անհամբեր սպասում են, թե ինչ է կատարվելու։ Վերջին օրերին տեսնում ենք բազմաթիվ հրապարակումներ սահմանի տարբեր կողմերում իրար դեմ առ դեմ կանգնած ադրբեջանական և հայկական զորքերի միջև լարվածության մասին։ Հաղորդումներ կան, որ առկա են բավական մեծ ադրբեջանական կուտակումներ Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի շուրջ, և ուզում եմ հարցնել, թե որքանո՞վ է նոր կոնֆլիկտը հավանական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես  պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով: Բայց կարծում եմ, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը սահմանագծի երկայնքով դիտարկման առաքելություն է իրականացնում, կարող է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի հետ սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է և Հայաստանը պատրաստ է նման քայլի:

Հարց – Բայց միևնույն ժամանակ Վաշինգտոնի և Բրյուսելի ներգրավվածությունը որպես միջնորդներ հույս է տվել, որ խաղաղությունը մոտ է։ Արդյոք հիմա կարծում եք, որ խաղաղությունը մոտ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, բանակցային գործընթացում, կարծում եմ, շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել: Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել՝ պիտի ասեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության պարագայում և 86 600 քառակուսի կմ Ադրբեջանի պարագայում՝ տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար, բայց խնդիրն այն է, օրինակ՝ ես այդ պայմանավորվածությունից հետո հրապարակային վերահաստատել եմ և հիմա էլ վերահաստատում եմ մեր հավատարմությունն այդ պայմանավորվածությանը, Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով այնքան էլ պարզ չէ: Այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է  շահագրգռված մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայով: Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ  Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, իհարկե, շատ նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղության գործընթացի վրա, և դրա, այսպես ասած, անկեղծությունն է կասկածի տակ դնում: Էլ չեմ ասում, որ իմ նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով:

Հարց – Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ առկա են տարբեր մեկնաբանություններ։ Դրա համար կուզենայի պարզաբանող հարց տալ։ Ձեր կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս պայմանավորվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, Դուք այն ճանաչում եք նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրու՞մը, թե՞ դա պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես ասացի, փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ և 86 600 քառակուսի կմ: Եվ երբ ես այդ պայմանավորվածությունից հետո Երևանում մամուլի ասուլիս եմ տվել, և լրագրողը հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ես պատասխանել եմ, որ այո, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային  երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում:

Հարց – Դուք հիմա իրապես հավատու՞մ եք, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, երբ  միջազգային ճնշումների եք ենթարկվում՝ համաձայնվել մի գործարքի, որը կարող է տանել Ղարաբաղից հայերի դուրսբերմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գիտեմ, որ այդ կարգի խոսակցություններ տարածվում են: Իհարկե, չգիտեմ կամ կռահում եմ, թե ում կողմից, բայց խոսել Լեռնային Ղարաբաղից ելքի մասին, դա նշանակում է հենց իմ ասածը՝ համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են    իրենց տանը: Պատկերացրեցի՞ք, երբ մենք խոսում ենք էթնիկ զտման մասին, էթնիկ զտման գործիքը պարտադիր չէ, որ մարդկանց, բոլորին ֆիզիկապես ոչնչացնի: Ցանկացած ցեղասպանություն ունի երկու մաս. մի մասը  կոտորածն է, մյուս մասը՝ բռնագաղթը: Նախ ասեմ, որ ընդհանրապես նման թեմա օրակարգում չկա: Ավելին՝ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ մարդիկ, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում առանց վախի և հետապնդումների ապրելու հնարավորություն ունենան՝ արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով:

Հարց – Վատագույն սցենարի պարագայում, եթե միջազգային հանրությանը չհաջողվի միջնորդել Ձեզ համար ընդունելի գործարք, մտածե՞լ եք արդյոք, օրինակ, Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին։ Նման արտակարգ իրավիճակների պլան Ձեր կառավարությունն ունի՞, եթե մեկ այլ կոնֆլիկտ բռնկվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա: Եվ կարծում եմ՝ միջազգային այն ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղում  խաղաղապահների առկայությունը պետք է բավարար մեխանիզմներ դառնան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Ընդհանրապես, այդ թեմայի քննարկումը ես անօգուտ և վտանգավոր եմ համարում, որովհետև  նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են բերել օրակարգեր դնել սեղանին, որը նշանակում է հետևյալը՝ եկեք միջազգայնորեն լեգիտիմացնենք Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների և ցեղասպանության օրակարգը, ով կհասցնի մազապուրծ լինել Լեռնային Ղարաբաղից՝ շատ լավ, ով էլ չէ՝ թող կոտորածի ենթարկվի: Այսինքն՝ մտքերի նման ընթացքը, իմ գնահատմամբ, անուղղակիորեն քաջալերում է Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու օրակարգ:

Հարց – Վերջին շրջանում Ձեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում կամուրջներ կառուցելու Արևմուտքի հետ։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք բավական ստանդարտ քայլեր Մոսկվայի կողմից։ Դուք առաջին անգամ մարդասիրական օգնություն եք ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ուժգնացման ֆոնին, առաջին տիկինն այցելել է Կիև, որտեղ լավ ընդունելության է արժանացել, Դուք հետ եք կանչել ՀԱՊԿ-ից ձեր ներկայացուցչին,  հրավիրել եք ամերիկյան զինծառայողների՝ հայկական զինված ուժերի հետ խաղաղապահ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Արդյոք սրանք Ռուսաստանից հեռանալու քայլեր են։ Սա ինչ-որ իմաստով «երևանյան գարու՞ն» է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին: Ամառը, իմիջիայլոց, Երևանում սովորականից ավելի շուտ է գալիս: Եվ ամեն տարի մեր երկում լինում է գարուն, ամառ, աշուն, ձմեռ, ինչպես և մեր կլիմայական գոտում գտնվող շատ երկրներում: Դուք ասացիք, որ մենք կամուրջներ ենք կառուցում արևմուտքի հետ, մենք կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, որովհետև այդ կամուրջները միշտ էլ տեղում են եղել, սկսած նրանից, որ Միացյալ նահանգների հետ, իմիջիայլոց, մենք շատ վաղուց սկսել ենք ռազմավարական երկխոսություն, և  նախկինում էլ զորավարժություններ են եղել: Ուկրաինայի հետ կապված այն, ինչ տեղի է ունեցել, դա հումանիտար քայլ է և լրացուցիչ քաղաքականացնելու անհրաժեշտություն չեմ կարծում թե կա, որովհետև եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ պահի մենք անտարբեր ենք եղել որևէ մարդկային ողբերգության նկատմամբ և քաղաքական հաշվարկներ ենք կիրառում մարդկային ողբերգությանն ապրումակցելու առումով՝ դա ճիշտ մոտեցում չէ: Մենք միշտ էլ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք արձագանքել: Տվյալ դեպքում առիթ հանդիսացավ Ուկրաինայի առաջին տիկնոջ կազմակերպած միջոցառումը, որը տեղավորվում է առաջին տիկնանց և ջենտլմենների միջազգային գործընկերության տրամաբանության մեջ: Իմ կինը բավական ակտիվ շուտվանից ներգրավված է այդ գործընթացներում: Սա պարզապես այդ աշխատանքային օրակարգի մի մասն է:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեր հարաբերությունների հետ կապված այդտեղ մենք լիարժեք թափանցիկ ենք: Ի՞նչ խնդիրներ կան այդտեղ, ի՞նչ հարցեր. մենք դրա մասին խոսել ենք և շարունակելու ենք խոսել և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարդակներում: Այդ խոսակցությունը բխում է, իհարկե, Հայաստանի պետական շահերից, և մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով: Ընդհանրապես, ես չեմ ուզում և չի կարող լինել այդպես՝ Հայաստանը որևէ կարգի պրոքսիի դերում դիտարկել: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, շատ լուրջ անվտանգային խնդիր ունեցող երկիր է, բայց անվտանգային խնդիրների հասցեագրումը մենք տեսնում ենք ինքնիշխանության, անկախության ամրապնդմամբ: Եվ մենք ինչպես նախկինում, այսօր, վաղն ամեն ինչ անելու ենք մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր անվտանգությունն ապահովելու համար:

Բայց հայեցակարգային առումով, ես ուզում եմ մի հետևյալ միտք կիսել Ձեզ հետ, Ձեր լսարանի հետ՝ ընդհանուր առմամբ, իհարկե, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և որոշիչ: Եվ կրկնում՝ մենք երբեք չենք մերժել ու չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակարգը, բայց մյուս կողմից, ես և մեր քաղաքական թիմը, կամ մեր քաղաքական թիմը և ես, այս առումով ներդաշնակություն ունենք, և կարծում եմ՝ նաև մեր հանրություն ավելի ու ավելի արձանագրում է հետևյալը. եթե մենք ուզում ենք տևական, հավիտենական պետականություն ունենալ՝ մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար:

Այն մոդելը, որ մենք պրոբլեմներ կունենանք մեր հարևանների հետ և այդ պրոբլեմների մեջ մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին, էական չէ՝ որ ուրիշներին, դա խոցելի մոդել է այն առումով, որովհետև այդ ուրիշները որևէ պահի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, շատ դեպքերում չուզենալով, շատ դեպքերում իրենք իրենց խնդիրները լուծելու համար կարող են ուղղակի այստեղ չլինել, կամ նույնիսկ ցանկանալու դեպքում չկարողանալ օգնության հասնել: Հետևաբար, մեր ռազմավարությունն է՝ փորձել ահա այս իրավիճակը, կամ արտաքին օգնությունների անհրաժեշտությունից կախված լինելու մակարդակը հնարավորինս նվազեցնել:

Բայց սա տեսություն է, որն առավել ևս մեր տարածաշրջանում իրականացնելը չափազանց բարդ է, չափազանց, որովհետև մենք ունենք խորը սոցիալ-հոգեբանական, պատմական, աշխարհաքաղաքական խնդիրներ մեր միջավայրում, այս տարածաշրջանում: Իմիջիայլոց, մեր տարածաշրջանը շատ բարդ, ամենաբարդ տարածաշրջաններից մեկն է, բայց այս առումով այն, ինչ տեղի է ունենում, և այն, ինչ մենք անում ենք՝ իրականում աշխատանք է ուղղված պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ուժեղացնելուն: Եվ այս եռյակին ուզում եմ ավելացնել նաև ժողովրդավարությունն ուժեղացնելու, և անվտանգությունն ուժեղացնելու մեր օրակարգը: Սրանք փոխկապակցված են, բայց որի կուլմինացիան ի վերջո, մեր ընկալմամբ, պետք է լինի քաղաքացիների ազատությունը և երջանկությունը: Սա է այն օրակարգը, որը մեզ այսօր առաջնորդում է անել քայլեր, որոնք հեշտ չեն, որոնք հեշտ ընկալելի չեն, և որոնք մեծ հաշվով քննադատվում են: Մենք վճռական ենք այս օրակարգը մեր քաղաքացիների հետ կիսելու, որպեսզի նրանք հասկանան մեր գործողությունների բոլոր մոտիվացիաները:

Հարց – Դուք խոսեցիք անկախության, պետականության մասին։ Բայց երբ եկաք իշխանության, ունեիք երկիր, որում Ռուսաստանը երկաթգծերի մոնոպոլիա ունի, ձեզ մոտ ռուսական զորքեր կան, «Գազպրոմ»-ը, որը երկրի էներգետիկ մատակարարման բնագավառում մոնոպոլիա ունի։ Ըստ Ձեզ, անկախություն ձեռք բերելը նշանակում է հեռանա՞լ այդ հարաբերություններից, որտեղ Ռուսաստանը մոնոպոլիա ունի ձեր անվտանգության, էներգետիկ համակարգի, և մի շարք այլ բնագավառների հանդեպ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես կարծում եմ, որ այսօր «Գազպրոմը» միայն Հայաստանի Հանրապետությանը չէ, որ գազ է մատակարարում: «Գազպրոմը» գազ է մատակարարում բազմաթիվ երկրների: Դրանք գործոններ են, որոնց դերը, իհարկե, չի կարելի թերագնահատել, բայց մյուս կողմից պետք էլ չէ գերագնահատել, որովհետև, այո, գազը կարևոր է և՛ տնտեսության համար, և՛ ամեն ինչի համար: Բայց կրկնում եմ՝ հենց անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը նրա համար է, որ ինքը հիմնված չլինի մեկ գործոնի վրա, գազի կամ չգիտեմ որևէ այլ մեկ գործոնի վրա: Եվ ես կարծում եմ, որ գազ և անկախություն հասկացությունները նույն հարթության վրա դնելն այդքան էլ ճիշտ չէ:

Հարց – Իմ ասածն այն է, որ երկրները, ինչիպիսին է Մոլդովան, որը համեմատելի է ձեր երկրի հետ, վերջին տարիներին որդեգրել է, ինչպես Ռուսաստանում են տեսնում, պրոարևմտյան կուրս։ Ռուսաստանն էներգետիկ մատակարարումներն օգտագործում է որպես շանտաժի գործիք, ու ընդհանուր առմամբ, ես խոսում եմ Ռուսաստանի հավասարը չունեցող ազդեցության մասին ձեր երկրի վրա, խաղաղապահների առումով․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նման իրավիճակը ծագել է Հայաստանի անկախության, անվտանգության կարիքների գնահատման առումով, և ես չեմ ուզում թերագնահատել ոչ մի գործոն: Բայց ես արդեն ասացի՝ կարծում եմ, որ մենք խնդիր ունենք մեր տարածաշրջանում հարաբերությունները կարգավորել այնպես, որ արտաքին աջակցությունների, որևէ արտաքին աջակցության պոտենցիալ կարիքը հնարավորինս քիչ լինի: Ես ուզում եմ, որ Դուք էլ, ես էլ արձանագրենք, որ սա հեշտ խնդիր չէ լուծելու, բայց մյուս կողմից, իմ կարծիքով, այդ խնդրի ձևակերպումը հասել է հետևյալին, թե արդյոք մենք ուզում ենք ունենալ անկախ պետություն։

Եթե մենք ուզում ենք ունենալ անկախ, ինքնիշխան պետություն, իսկ մենք դա ուզում ենք, հարկավոր է այս հարցերի շուրջ ունենալ լուծումներ, զարգացումներ։ Կրկնում եմ՝ առավելագույնս խուսափելով՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ բախումների կիզակետում հայտնվելուց և թատերաբեմ դառնալուց։ Դուք ասում եք ռուսական ազդեցության մենաշնորհ, մենք այս ընթացքում անկախության առաջին օրերից  ի վեր շատ լուրջ և բնականոն հարաբերություններ ենք զարգացրել Միացյալ Նահանգների հետ, 2019 թվականից այդ հարաբերությունները ռազմավարական երկխոսության բնույթ ունեն։

Եվրամիության հետ ունենք համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի հետ մեր հարաբերությունները միշտ խորն են եղել։ Հիմա ուզում ենք նաև հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Եվ այս համատեքստում է, որ ի հայտ են գալիս բարդություններ, որովհետև նախորդ շրջանի ամբողջ, այսպես ասած, բեռը խնդիր է, պրոբլեմ է, որը պետք է կառավարվի։  Եվ սրա համար պետք է ճկունություն, լայնախոհություն, սթափություն։ Պետք է նաև հասկանալ, որ այս պրոցեսը շատ լուրջ ռիսկեր է պարունակում, և մենք դա ենք փորձում անել։ Կրկնում եմ՝ շատ կարևոր է, որ մեր նպատակն արձանագրվի։ Ինչո՞ւ ենք անում, որովհետև բաներ կան, որոնք մենք անում ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, որոնք դա գնահատում են որպես դավաճանություն, ուրիշ քաղաքացիներ կան, որոնք համարում են ճիշտ քաղաքականություն, երրորդ խումբ քաղաքացիներ կան, որոնք հետևում են իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը ճշտելու համար։ Ինչի՞ համար է այս քաղաքականությունը, այս քաղաքականությունն անկախ պետություն ունենալու համար է։ Իրական, ժամանակակից աշխարհում հայտնի կանոններով ինքնիշխան պետություն ունենալու համար է։

ՀարցԶգու՞մ եք արդյոք, որ ԵՄ-ից, ԱՄՆ-ից ստանում եք Ձեր ակնկալած աջակցությունը, որպեսզի բարձրացնեք Հայաստանի սուվերենությունը։ Կա՞ արդյոք մի բան, որ կցանկանայիք ստանալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, օրինակ՝ զենքի ներմուծում, բայց չեք ստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, օգնությունը և աջակցությունը երբեք շատ չի լինում, մանավանդ Հայաստանի նման երկրների համար, բայց մյուս կողմից ես չեմ ուզում և չեմ կարող անշնորհակալի դիրքից հանդես գալ։ Որովհետև, օրինակ՝ Եվրամիության կողմից Հայաստանում քաղաքացիական առաքելության հաստատումը Հայաստան – Ադրբեջան սահմանին՝ համարում եմ բավականին լուրջ աջակցություն, որի համար ես մեր գործընկերներին անընդհատ շնորհակալություն եմ հայտնում։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մեզ աջակցում են նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը հասցեագրելիս։ Բայց ես չեմ կարող ասել, որ այն օգնությունը և աջակցությունը, որ մենք ստանում ենք, բավարար է մեր խնդիրները և օրակարգերը սպասարկելու համար։ Բայց մյուս կողմից էլ, մենք ակտիվ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ մեր դիրքորոշումները նրանց ավելի հասկանալի դարձնելու և որպես արդյունք՝ ավելի մեծ աջակցություն ստանալու համար։

ՀարցԵրբ նախագահ Ալիևի հետ Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում նստում եք սեղանի շուրջ բանակցելու, զգու՞մ եք արդյոք, որ այդ մարդը Ձեզ հետ տանում է բարեխիղճ բանակցություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք,  ես չեմ ուզենա բանակցային սենյակի մթնոլորտը հրապարակային քննարկել։ Փաստն այն է, որ առայժմ չունենք վստահության մթնոլորտ, որովհետև եթե վստահության մթնոլորտ լիներ, շատ հարցեր այսօր այդպիսի վիճակում չէին լինի, ինչպիսին են։ Բայց ո՞րն է դրան իմ արձագանքը՝ շարունակել աշխատել, շարունակել ավելի հետևողական աշխատել, փորձել գտնել լուծումներ, փորձել գտնել առաջընթացի ուղիներ։ Ընդհանուր առմամբ, ի՞նչն է, եթե չդետալացնենք, հիմնական պրոբլեմը, որ Ադրբեջանը եթե նախկինում ունեցել է, այդպես էլ շարունակում է կիրառել, այսպես ասած, ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Դա շատ է բարդացնում իրադրությունը և կարծում եմ՝ հետագա առաջընթացի ապահովման հիմնական խոչընդոտն է։ Եվ այստեղ, կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այն ուժերը, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում  խաղաղություն և կայունություն հաստատելու գործում, հենց այս հարցում պետք է աջակցություն ցուցաբերեն Հայաստանի Հանրապետությանը, աջակցություն ցուցաբերեն մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։

ՀարցԸստ Ձեզ, երբ արևմտյան միջնորդները խոսում են էֆեկտիվ բանակցությունների մասին, բայց միևնույն ժամանակ ոչինչ լավ չէ, միևնույն ժամանակ իրավիճակը շարունակում է վատանալ, հրաձգությունը շարունակվում է։ Ըստ Ձեզ, կա՞ արդյոք անհամաչափություն բանակցությունների ու իրականության միջև, բանակցություններն ու իրականությունը ընթանում են տարբեր հուներո՞վ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բանակցային գործընթացում սովորաբար միջնորդներն ասում են, որ իրենք պետք է լինեն չեզոք։ Իմ արձագանքն այդ իրադրությանը հետևյալն է՝ ես ասում եմ, երբ կողմերից մեկն օգտագործում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքը և մյուս կողմն անվտանգային առումով խոցելի է, չեզոքությունը քաջալերում է այն կողմին, որն օգտագործում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիք։ Հետևաբար, այս իրավիճակում չեզոքությունը, բառիս հենց ուղիղ իմաստով, այնքան էլ չեզոքություն չէ, այլ քաջալերում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով հանդես եկող կողմին։ Այս իմաստով, այս իրավիճակում այն միջնորդները, որոնք հանդես են գալիս բառացիորեն այս տրամաբանությամբ, այդ միջնորդների միջնորդությունը էֆեկտիվ չէ։ Որովհետև հենց միջնորդի նպատակը կամ ֆունկցիան կամ կառուցողական գործառույթն այն է, որ նա բանակցային գործընթացում ձևավորի մթնոլորտ, երբ խաղաղության շահագրգռությունը երկու կողմերի մոտ լինի հավասար։

ՀարցԽոսեցիք անկողմնակալության մասին։ 2020թ.-ի պատերազմից հետո Ռուսաստանն ուժային փորձ կատարեց գալ և դառնալ անվտանգության երաշխավոր։ Կա ռուս-թուրքական մոնտիտորինգի կենտրոն, չգիտեմ ինչ վիճակում է այն հիմա։ Այսօր խոսում էի Ստեփանակերտից մի երիտասարդ կնոջ հետ, ով ասաց, որ իր եղբայրը ծառայում է Պաշտպանության բանակում, ով ասում է, որ իրենք խրամատներում են, դեմ առ դեմ ադրբեջանական զորքերին։ Նա հարցրել է՝ իսկ ո՞ւր են ռուս խաղաղապահները, ինքն ասել է մեր ետևում։ Դուք ձեզ Ռուսաստանի կողմից դավաճանված զգու՞մ եք։ Ըստ Ձեզ Ռուսաստանը բավարար ջանքեր չի՞ գործադրել ապահովելու համար 2020թ.-ի պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքի բաց լինելը, պահպանել այն շփման գիծը, որ առկա էր։ Ըստ Ձեզ, Ռուսաստանը ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ակնհայտ է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ։ Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Եվ գյուղատնտեսական աշխատանքի խոչընդոտներ կան, ի վերջո Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։

Այս ամենը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են:

Հարց –  Ինչո՞ւ եք կարծում, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ձախողվել է։  Անգործունակությու՞նն է պատճառը, Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսափելու համար Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց։ Ռուսաստանը որոշե՞լ է այդպես վարվել, թե՞ ուղղակի ձախողվել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, կարծում եմ, երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից կարծում եմ նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք: Թե առաջին, և թե երկրորդ գործոնը, իմ գնահատմամբ, առկա է:

Հարց –   Ձեր իշխանության գալուց կարճ ժամանակ անց Ձեր երկրում պատերազմ սկսվեց։ Երիտասարդներն ուղղարկվեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։ Շատ երկրների ղեկավարներ ուղերձներ են հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Ինձ հետաքրքրում է՝ Դուք որևէ ուղերձ ունե՞ք հղելու նրան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, երբ ես Զելենսկիի հետ հանդիպեմ, ես անձամբ իրեն կփոխանցեմ: Ես չեմ կարծում, թե երկրների ղեկավարների համար լավ ժանր է հարցազրույցների միջոցով իրար մեսիջներ փոխանցելը:

Հարց – Հասկանալի է, իրավացի եք․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմիջիայլոց, վերջին անգամ Մոլդովայում՝ Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ ինքն էլ էր այնտեղ, ես էլ, երկու բառ փոխանակել ենք, և առիթներ ունենում ենք մեսիջներ փոխանակելու: Իսկապես չեմ կարծում, թե դա լավ ժանր է, այսպես հեռակա: Իմիջիայլոց, նաև տարբեր առիթներով ենք ուղերձներ փոխանակում, վերջերս ես նրան շնորհավորել էի Ուկրաինայի անկախության օրվա առիթով և այլն, և այդպես շարունակ:

Գիտեք, ընդհանրապես մի բան կարելի է ասել այդ թեմայով՝ պատերազմը շատ վատ բան է, և երբ 2020թ. պատերազմը սկսվեց, շատ էր խոսվում նրա մասին, թե ի՞նչ պետք է անեի ես պատերազմից խուսափելու համար, որը շատ ճիշտ և լեգիտիմ հարց է, որից հետո սկսվեց Ուկրաինայի պատերազմը: Եվ ես նայում էի այդ իրավիճակին և ինքս ինձ հարց  տալիս, թե ի՞նչ պիտի անեին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները՝ պատերազմից խուսափելու համար: Բոլորը գիտեն, որ պատերազմը շատ վատ բան է, առանց բացառության՝ բոլորը:

Բոլոր դեպքերում պետք է ամեն ինչ անել պատերազմից խուսափելու համար, և նաև սա է պատճառը, որ անկախ բոլոր բարդություններից, անկախ լավատեսության նույնիսկ բացակայությունից որդեգրել ենք և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, շարունակում ենք հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և հույս ունենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին, ի վերջո, կարտահայտի իր հավատարմությունը՝ միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հարց – Դուք անհերքելի հաջողություններ եք գրանցել կոռուպցիայի նվազեցման, ինստիտուտների հզորացման հարցում։ Հայաստանը տարածաշրջանի ամենազատ երկրներից է մամուլի, խոսքի ազատության առումով։ Կարո՞ղ է սա Հայաստանին հասցնել մի կետի, որտեղ Հայաստանը կարող է ունենալ նույն ձգտումներն ինչպես, օրինակ, Վրաստանը՝ միանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ի հետ առավել մտերիմ հարաբերություններ ունենալ։ Սա այն կո՞ւրսն է, որ Դուք կցանկանայիք տեսնել Ձեր երկրի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, առաջինը խաղաղությունն է, առաջինը և ամենակարևորը՝ խաղաղությունն է, որովհետև խաղաղությունը և նպատակ է, և միջոց: Ես խոսեցի պետության ինքնիշխանության մասին, ես խոսեցի ժողովրդավարության մասին, բայց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և խաղաղությունը, ի վերջո, ինչի՞ համար են՝ մարդու բարեկեցության և անվտանգության, մարդու երջանկության: Եվ ինձ համար ընկալումը հենց այդպիսինն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի խաղաղ, բարեկեցիկ երկիր, որտեղ մարդիկ իրենց ստեղծագործ աշխատանքով կարող են կառուցել իրենց բարեկեցությունը և իրենց զգալ երջանիկ:

Հարց – Իսկ ժողովրդավարության և խաղաղության ճանապարհը Հայաստանի համար անվերադա՞րձ է, թե գուցե Դուք մտահոգություն ունեք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի պատճառով ընդդիմությունն ավելի շատ աջակցություն կստանար այն գաղափարի համար, որ գուցե այս իրավիճակում ավելի ճիշտ կլինի գնալ դեպի Ռուսաստան, միանալ միութենական պետությանն անվտանգային երաշխիքներ ստանալու համար։ Մտավախություն ունե՞ք, որ եթե Արևմուտքն ու ժողովրդավարությունը ձախողվեն, Հայաստանը կարող է հայտնվել այնտեղ, որտեղ անցյալում էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ հարցը, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն, կախված է Հայաստանի երկնքում՝ քաղաքական երկնքում, պատկերավոր ասած, և այդ հարցի պատասխանից իհարկե շատ-շատ բաներ են կախված: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարցը դրական պատասխան ստանա, և խաղաղության օրակարգի կարևոր կոմպոնենտներից մեկն է դա:

Հարց – Եվ վերջին հարցը։ 2020 թ-ին Դուք անցաք պատերազմի միջով, տեսաք բազմաթիվ երիտասարդների հուղարկավորություններ, խոսեցիք նրանց ընտանիքների հետ։ Պատերազմից կարճ ժամանակ անց Ձեր հայրը մահացավ, ցավակցում եմ այդ կապակցությամբ։ Նոր պատերազմի վտանգի շարունակական մտավախությունն ի՞նչ ազդեցություն է թողնում Ձեր վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանուր առմամբ, իհարկե շատ դժվար է այդ իրավիճակում էմոցիաների բեռի տակ չմնալ, և երբ շատ դեպքերում հաղորդակցություն եմ ունենում մեր զոհված զինվորների հարազատների հետ, հասկանալի է, որ այդ խոսակցությունները հեշտ չեն և բարդ են, բայց ոչ միայն հեշտ չեն և բարդ են նրանց համար, նրանց տեսակետից, այլև հեշտ չեն և բարդ են իմ տեսակետից, որովհետև ես մեկ-երկու անգամ առիթ ունեցել եմ նրանց հետ անկեղծանալու և ներկայացնելու իմ ընկալումը, որովհետև ասել եմ՝ տեսեք, ձեզնից յուրաքանչյուրը մի հարազատ է կորցրել, կամ մի որդի, մի զինվոր է կորցրել, ես կորցրել եմ հազարների, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա: Բայց մյուս կողմից՝ եթե մենք պետական կառավարման գործում և պետական այս բարձր պաշտոնում երկիրը կառավարելիս չկարողանանք լինել էմոցիաներից անդին, դրանից որևէ մեկը չի շահի, դրանից ավելի լավ չի լինի երկրի համար, դրանից ավելի լավ չի լինի նահատակների համար, որոնք, իմ ընկալմամբ, ընկել են այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, զարգանա, լինի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ:

Հարց – Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Աղբյուրը՝  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ