Հունվարին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության կատարած հանգանակության ժամանակ, որին մասնակցեցին երկրի կենտրոնի մի շարք քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչներ՝ հավաքվեց 3500 շեկել, որին միությունը ևս գումար ավելացրեց և խնդրեց միության հիմնադիր կազմի անդամ, ֆինանսական հարցերի պատասխանատու Տիգրան Մամաջանյանին Հայաստան այցելության շրջանակներում հանգանակությունն ըստ նախնական պայմանավորվածության հանձնել Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին: Նպատակը մեկն էր՝ Գյումրիում շարունակել աջակցել ծայրահեղ աղքատ, տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին ու սոցիալապես խոցելի մյուս խավերին՝ ձմեռային վառելիքով ապահովելու և նրանց տնակները տաքացնելու և հոգսերը մեղմելու համար:
«Տաք Ձմեռ» ծրագիրն, որը մեկնարկել էր 4 տարի առաջ դեկտեմբերի 7 – ին՝ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված, Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում կազմակերպված հոգեհանգստյան արարողությունից հետո դարձավ ավանդական ու եթե նախկինում հանգանակություններն ուղղվում էին զուտ վառելափայտ գնելուն ու խոցելի խավերին անվճար բաժանելուն, ապա այս անգամ որոշվեց վճարել սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարները՝ կանխիկ յուրաքանչյուր ընտանիքի էլեկտրականության հաշվեհամարներին 20.000 դրամ փոխանցելու միջոցով:
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղը Շիրակի թեմի սոցկենտրոնի հետ առաջին փուլում իրականացրել էին տունայցեր, վերցվել էին սոցիալապես անապահով ընտանիքների հաշվեհամարներն ու այլ անհրաժեշտ տվյալներ։ Երկու շաբաթվա ընթացքում ցուցակների ճշգրտման աշխատանքների ավարտից հետո պարոն Մարտիրոսյանը «Նաիրի» միությանը ներկայացրեց ընդհանուր ցուցակն ու համատեղ որոշվեց իրականացնել արդեն ծրագրի երկրորդ փուլն, որի ժամանակ բանկային տերմինալով կատարվել էին բոլոր վճարումները, հրավիրվել էին շահառուներն և նրանց հանձնվել էին անդորրագրերի բնօրինակները՝ նշելով, թե ովքեր են բարերարները:
Ս-ՄՀայկական համայնքին հաշվետվություն ուղարկելու համար ներկայացվել է բոլոր շահառուների կողմից ստորագրված ցուցակն ու նաև մարդկանց լուսանկարները։
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում հանգանակությանը մասնակցած բոլոր հայորդիներին ու առանձին նամակով նաև իր երախտագիտությունն է հայտնել Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին ու նրա կամավորներին, ինչպես նաև ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին ու մասնավորաբար սոցիալական բաժնի ղեկավար՝ Լուսիկ Մուրադյանին և սոցիալական աշխատող՝ Հռիփսիմե Պետրոսյանին։