Օգոստոսի 1-3-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կանցկացվի Ազգային երիտասարդական առաջին համաժողովը

0
316

2023 թվականի օգոստոսի 1-3-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կանցկացվի Ազգային երիտասարդական առաջին համաժողովը, որին նախատեսվում է 400 մասնակցի ներկայություն սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից` նպատակ ունենալով համախմբել սփյուռքի երիտասարդական ներուժը և ստեղծել իստիտուցիոնալ հիմքեր հետագա համագործակցության համար: Հավաքը Հայաստանին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել երկկողմ առաջնահերթությունները, համադրել օրակարգերը և մշակել ռազմավարական մոտեցումներ:

Համաժողովին մասնակցելու համար հրավիրվելու են սփյուռքյան երիտասարդական, համայնքային, ուսանողական, կրթամշակութային, մասնագիտական կառույցների և ոլորտների այն ներկայացուցիչները, որոնք 18-35 տարեկան են, ակտիվ են Հայաստան-սփյուռք հարաբերությունների տարբեր շրջանակներում, նպատակ ունեն զարգացնել իրենց գործունեությունը և ստեղծել նոր կապեր Հայաստանի, Արցախի և սփյուռքի այլ համայնքների հետ:

«Սփյուռքի երիտասարդության հետ գործակցությունը պետք է զարգանա փոխադարձ ճանաչողության, թափանցիկության, աջակցության և վստահության հիման վրա:

Հավաքը կանցկացվի դինամիկ և աշխույժ ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին կատարելագործել իրենց փափուկ հմտությունները և ինքնառաջադրելու սեփական լուծումները, համախմբել սփյուռքի երիտասարդական ներուժը, միաժամանակ ձևավորել համագործակցության հիմքեր Հայաստանի և Արցախի երիտասարդների հետ, առաջարկել անհրաժեշտ մեխանիզմներ ու գործիքներ»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև կարևորել է այս ձևաչափում գործընկեր և դաշնակից սփյուռքների երիտասարդական կառույցների հետ գործակցության հաստատումը և համատեղ ծրագրերի իրականացումը, աջակցությունը սփյուռքի երիտասարդական առաջնորդությանը և նախաձեռնություններին, Հայաստանում աշխատելու, սովորելու և հայրենադարձության խրախուսումը:

Նախատեսվում է համաժողովի ընթացքում ունենալ պանելային և ազատ ձևաչափի քննարկումներ, աշխատաժողովներ, պրեզենտացիաներ, էքսպոներ, հանդիպումներ, ինչպես նաև մշակութային ծրագրեր:

Համաժողովի բովանդակային քննարկումները և առաջարկները հիմք կհանդիսանան Հայաստան-սփյուռք երիտասարդական գործակցության ռազմավարության, ծրագրերի և նախաձեռնությունների մշակման համար:

Հարցերի դեպքում կարող եք գրել youthforum@gov.am էլ. հասցեին: