Փետրվարի 12 – 13 – ը Թել Ավիվում տեղի ունեցավ «25-րդ Միջազգային Միջերկրածովյան զբոսաշրջության շուկա» խորագրով միջազգային ցուցահանդեսն, որին առաջին անգամ իր տաղավարով մասնակցում էր Հայաստանը՝ «Սանտուր» կազմակերպության միջոցով: Ցուցահանդեսին մասնակցում էին Իսրայելի ներքին ու արտաքին շուկայում գործող և միջազգային թվով 50 զբոսաշրջության հետ առնչություն ունեցող թե կազմակերպություններ ու թե ավիափոխադրողներ, նույնիսկ քաղաքապետարաններ: 2016թ.-ից այս միջազգային ցուցահանդեսը մասամբ ֆինանսավորվում է նաև Իսրայելի զբոսաշրջության նախարարության , Իսրայելի հյուրանոցների ասոցիացիայի, «Էլ Ալ» Իսրայելյան ազգային ավիափոխադրողի և Իսրայելի զբոսաշրջության գործակալությունների և գործակալների ասոցիացիայի կողմից:
Հայկական տաղավարը վեց մետր քառակուսի էր զբաղեցնում ու կազմակերպիչներն ուղղակի տեղեկացել էին, որ Թել Ավիվում նման մեծածավալ միջազգային ցուցահանդես է տեղի ունենալու և որոշել էին իրենց տուրփաթեթներով ներկայանալ ու առաջարկել ուղևորություններ դեպի Հայաստան ու Արցախ: Հայկական երեք հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր կազմակերպության հիմնադիր Սամվել Վարդանյաը:
– Ես զգացի թե ինչ է կատարվում երբ մոտեցա աշխատակցուհուս, որովհետև նման դեպքեր շատ հաճախակի են տեղի ունենում ցուցահանդեսների ժամանակ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները նման պահվածք են դրսևորում: Մի հատ երիտասարդ տղա էր մոտեցել, ասի որ դու իմ հետ գործ չունես, ոչ էլ դիմի այդ հարցով ու կարող ես այստեղից գնալ, – տեղեկացրեց տնօրենը:
15 կազմակերպություն ներկայացնող ազերական պատվիրակության անդամը հասցրել էր նույնիսկ հայերին սպառնալ, թե հայերը մենակ են այստեղ, իսկ իրենք 15 կազմակերպություն են, որին հայերը պատասխանել էին թե՝ մենակ չեն: Հայաստան պետությունն ու Իսրայելի հայկական համայնքն է իրենց թիկունքում կանգնած ու եթե ցանկանում են այլ ճանապարհով խնդիրը լուծել, պատրաստ են: Այս պատասխանից հետո երկրորդ անգամ էին ազերիները բողոքել հայերի դեմ Արցախի մասին տեղեկություններ տրամադրելու և դեպի Ղարաբաղ այցելություններ կազմակերպելու հետ կապված ու դիմել էին ցուցահանդեսի տնօրենին, որն էլ մոտեցել էր հայ պատվիրակներին:
– Գլխավոր կազմակերպիչն էլ մեզ մոտեցավ, թե պետք է վիճաբանությունից խուսափել: Ես էլ բացատրեցի քաղաքավարի ձևով, որ խուսափելու որևէ խնդիր, ոչ էլ վախենալու և եթե ազերները կռիվ են ուզում՝ մենք փախնող չենք, այլ պատրաստ ենք, – տեղեկացրեց պարոն Վարդանյանը:
Ասել կուզի, որ զուտ զբոսաշրջությանը վերաբերող միջազգային ցուցահանդեսի ընթացքում ազերիներն իրենց քաղաքական խնդիրներն էին բարձրացրել ու արդյունքի էլ չէին հասել: Երկրորդ օրն արդեն անցել էր առանց միջադեպերի ու խնդիրների:
Ոչ միայն Ադրբեջանն, այլև հարևան Վրաստանը մեծ տաղավարներ էին վարձակալել ու ներկայացնում էին իրենց կազմակերպությունները: Իսկ Հայաստանն ինչու՞ միայն մեկ կազմակերպությամբ էր ներկայացել, – հարցիս չէր կարող պատասխանել, քանզի այս միջազգային ցուցահանդեսի մասին տեղեկացել էր Իսրայելից ու որոշել էին մասնակցել: Հարցը պետք է ուղղել ասաց Հայաստանի Զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեին: Բայց փաստեց, որ մեր հարևան պետություններն իրենց երկրները ներկայացնելու համար բավական մեծ գումարներ են ծախսում ու ներկայանում բոլոր նմանատիպ միջազգային ցուցահանդեսներին:
– Հայաստանը շատ հետ է մնում ու շատ է կաղում զբոսաշրջությունն ոչ միայն Իսրայելում, այլև ողջ աշխարհում ներկայացնելու հետ կապված: Հայաստանը մինչև հեղափոխությունը շատ հետ էր մնում իր հարևան Վրաստանից ու Ադրբեջանից, – բացատրեց կազմակերպության ղեկավարը:
Թե այժմ նոր կառավարությունը մշակելու է արդյո՞ք նոր հայեցակարգ և ինչպե՞ս է օտարերկրացիներին բերելու Հայաստան՝ զրուցակիցս տեղեկություններ չուներ: Հայաստանում զբոսաշրջիկները բազում հիմնախնդիրների են հանդիպում և համայնքային նշանակության ճանապարհներն են անմխիթար վիճակում և տարրական զուգարաններ ճանապարհներին չկան: Իսրայելում օրինակ քաղաքից դուրս գտնվող ցանկացած բենզալցակայան ունի և՜ փոքրիկ խանութ և՜ փոքրիկ սրճարան, էլ չենք խոսում ամենուր արևային էներգիայի հաշվին աշխատող զուգարանների մասին: Ի պատասխան ասաց, թե սովորաբար այդ հիմնախնդիրը զուգարանների երկրորդական պլան է մղվում, բայց դա սխալ մոտեցում է, պետք է առավելագույնն արվի, որպեսզի Հայաստան ժամանած զբոսաշրջիկն իրեն մաքսիմալ հարմարավետ զգա:
Հեռախոսազրույց ունեցանք նաև 25-րդ Միջազգային Միջերկրածովյան զբոսաշրջության այս ցուցահանդեսի տնօրեն Լիմոր Օրֆալի հետ, ով ինչպես պարզեցինք հենց այն տնօրենն էր, ով երկրորդ անգամ մոտեցել էր հայերին, թե ի՞նչ էր ասել հայերին, չկամեցավ պատմել, բայց ասաց թե ցուցահանդեսի կազմակերպիչ «Օրտրան» և հենց «25-րդ Միջազգային Միջերկրածովյան զբոսաշրջության շուկա» – ն չեն ներքաշվում քաղաքական խաղերի ու քաղաքական հակամարտությունների մեջ, որոնք կան ցուցահանդեսի մասնակից պետությունների միջև: Այն զուտ զբոսաշրջությանը վերաբերող ցուցահանդես է:
– Մենք չունենք հետաքրքրություններ քաղաքականության ասպարեզում ո՜չ Ադրբեջանի և ո՜չ էլ Հայաստանի օգտին հանդես գալու համար, մեր գործը չէր, ինչ տեղի էր ունեցել: Մեր ցուցահանդեսը քաղաքական չէ և մենք հետաքրքրություն էլ չունենք, որ դառնա և խնդրում ենք կողմերին այն չքաղաքականացնել, – հայտարարեց ցուցահանդեսի տնօրենը: Նա հրաժարվեց մեր մյուս հարցերին պատասխանել, խնդրելով դիմել գրավոր իրենց լրատվական ծառայությանը: Իսկ հարցերը բազմաթիվ էին, թե ինչու՞ Հայաստանի կառավարությանը ցուցահանդեսին մասնակցելու հրավերք չէին ուղարկել կամ ինչու՞ է խնդրել Արցախի նկարներով մեր պաստառները պահել, ուղղակի ասաց թե չեր ուզում, որ կողմերի մեջ կռիվ սկսվեր: Հրաժարվեց նաև պատմել իր ու հայկական պատվիրակության հետ ունեցած խոսակցության մասին, պարզաբանելով, որ պարտավոր չէ լրագրողներին այդ մանրամասները ներկայացնել: