«Հայը՝ հայերեն խոսողն է, հայի ոգին ու քրիստոնեությունը պահողը». Ժորժետ Ավագյան

0
789
ՀՅԴ անդամ, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար, երջանկահիշատակ Ժորժետ Ավագյանը

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը ՀՅԴ անդամ, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանն է, որը Իսրայելում տարիներ շարունակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

– Հարգելի´ Ժորժետ Ավագյան, նախ պատմեք  Ձեր արմատների մասին:

-Իմ արմատները Կիլիկիայից են, ծնողներս այնթափցի են եղել: Պապիկս՝ Գևորգ  Ավագյանը, Հայոց ցեղասպանության ականատեսներից էր: Ջարդի օրերին նա Կ.Պոլսում է եղել, թուրքերը 350 հոգու հետ նրան ձերբակալել են, ու նա այլևս չի վերադարձրել: Մայրական կողմից պապիկիս անունն էլ Գևորգ է եղել, նա թուրքական ջարդերի ժամանակ ռումբեր է պատրաստել: Ապա հասել է Հորդանանի Էրբիթ քաղաք, հիվանդացել և մահացել է: Մինչև հիմա փնտրում եմ նրա գերեզմանը և չեմ գտնում: Մայրս՝ Օվսաննան, Այնթափից Դամասկոս է գնացել, հետո նրա քեռին, որը Բեյրութի հայոց որբանոցի տնօրենն էր, տարել է Բեյրութ:

Մայրս Ամերիկյան համալսարանում է ուսանել, բայց ամուսնանալուց հետո չի աշխատել՝ իրեն նվիրելով ընտանիքին: Իսկ Կարապետ հայրիկիս հիմնական աշխատանքը մեր գորգի ընտանեկան մեծ գործարանում գորգեր պատրաստելն էր: Ի դեպ, Սարդարապատի ճակատամարտի ժամանակ տասնչորս տարեկան հասակում հայրս եղել է Անդրանիկ Օզանյանի զինվորների կազմում: Նա չի ցանկացել օտարի հետ ամուսնանալ, այդ նպատակով Բեյրութ է գնացել՝ հայ աղջկա հետ ծանոթանալու: Հանդիպել է մայրիկիս, ամուսանացել են, որից հետո տեղափոխվել են Պաղեստին: Ես ծվել եմ Իսրայելում՝ Գալիլեա քաղաքում:

-Կարծում եմ՝ մանկությունը յուրաքանչյուր մարդու ամենալուսավոր ու պայծառ ժամանակաշրջանն է: Հետաքրքիր է իմանալ, թե Ձեր մանկությունն ի՞նչ գույն է ունեցել:

Իսկապես այդպես է: Չնայած դժվարություններին՝ ավելի շատ վառ գույներն են գերակշռել իմ մանկության գունապնակում: Մենք չորս քույր ենք, ես երեխաներից մեծն եմ: Սաֆադում, որտեղ ապրել եմ, հայկական շրջանակ գրեթե չկար, միայն մեկ հայ բժիշկ կար: Երեք տարեկանում արդեն չորս լեզու՝ հայերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն գիտեի: Հինգ տարեկանից սկսեցի նաև եբրայերեն խոսել: Հրեական մանկապարտեզ եմ հաճախել, օտար դպրոցներ գնացել՝ ավարտելով արաբական դպրոց:

Փոքր էինք, երբ հայրս 49 տարեկանում մահացավ՝ ընտանիքի ամբողջ հոգսը թողնելով մայրիկիս ուսերին: Հիշում եմ՝ լուսահոգի մայրս հայոց լեզուն չմոռանալու, արմատներից չհեռանալու համար ինձ և քույրերիս Նազարեթի, Հայֆայի, Յաֆֆայի հայերի հետ հաճախակի հանդիպումներ էր կազմակերպում, տոներին նրանք մեր տուն էին գալիս և միասին ուրախ ժամանակ էինք անցկացնում: Դեռ մանկությունից մայրս մեզ ազգային-հայրենասիրական երգեր էր սովորեցնում և պատմություններ պատմում, արդեն գիտեինք Հայոց ցեղասպանության մասին:

Մանկության ամենատպավորիչ հիշողություններից է այն, որ մայրիկիս հորդորով հայերեն էինք խոսում: Մեր տունը, ասես, հայկական դպրոց լիներ. մայրս և մորաքույրս Հայֆայի հայկական դպրոցից բերված գրքերով մեզ հայերեն տառեր էին սովորեցնում: Երբ հորեղբորս տղաները մեզ հետ արաբերեն էին խոսում, նրանց միայն հայերեն պետք է պատասխանեինք՝ մայրիկիս կշտամբանքին չարժանանալու համար: Տանը փոքրիկ Հայաստան էինք ստեղծել: Օտարության մեջ մեծանալը, այլազգիների հետ շփումը մեզ չխանգարեցին հայ մեծանալ: Մեր հոգում հայրենասիրությունը մշտավառ է եղել:

Երբ եկավ բարձրագույն կրթություն ստանալու ժամանակը, որոշեցինք Հայաստանում ուսումը շարունակել, սակայն որոշակի խնդիրների պատճառով չստացվեց: Մայրիկիս անխախտ ցանկությամբ ընդունվեցի Երուսաղեմում լավագույնը համարվող համալսարաններից մեկը՝ Hebron University of Jerusalem, որտեղ Բժշկություն և արաբերեն լեզու սովորեցի, հետագայում նաև արաբերեն գրքեր եմ գրել: Նշեմ նաև, որ տասնինը տարեկանում 1200 օտար աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն դարձա: Երկու տարի էլ Հարվարդի համալսարանում եմ սովորել:

-Ե՞րբ սկսեցիք մանրադիտակի տակ առնել Հայոց ցեղասպանության հարցը:

– Համալսարան ընդունվելուց հետո Հայ դատի արդարացի լուծման պահանջն ավելի արթնացավ իմ հոգում՝ դառնալով հրամայական պահանջ: Այդպես, Ապրիլի 24-ը համալսարանում  նշելու միտք առաջացավ ինձ մոտ:

Իմ և համախոհ ընկերներիս ջանքերով Երուսաղեմում առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը նշեցինք 1970 թվականին: Յաֆֆայում 1965 թվականին արդեն նշվել էր Հայոց ցեղասպանության  50-ամյակը:

Աբրահամ Սուրդուկյանի, Մանվել Հասասյանի, Լևոն Օհաննեսյանի և Անահիտ քույրիկս հետ սկսեցինք Հայոց ցեղասպանությանը նվիրված նախաձեռնություններով հանդես գալ. սեփական միջոցներով եբրայերեն տարբեր գրքույկներ, թռուցիկներ պատրաստեցինք՝ բաժանելով մարդկանց և տարածելով համալսարանում: Հասանք այն արդյունքին, որ համալսարանում արդեն բոլորը գիտեին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածի մասին: Աստիճանաբար, 1973 թվականին բացեցինք Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը՝ Հայոց ցեղասպանության հարցն ամենուր հանրահռչակելու  նպատակով:

Գրասենյակի ղեկավարը Աբրահամ Սուրդուկյանն էր, հետո Մանվել Հասասյանը դարձավ, իսկ հետո այդ պաշտոնն ինձ վստահվեց: Այս խմբով խանդավառված անդադար աշխատանքներ էինք տանում:  Շատ հաճախ Երուսաղեմից ուշ գիշերին էի տուն հասնում:

Հայ դատ, դպրոցի տնօրենի պարտականություններ, տնային գործեր. չնայած այս ծանրաբեռնվածությանը՝ անտրտունջ աշխատել եմ, քանի որ պատասխանատվությամբ և նվիրումով եմ լցված եղել: Այդ աշխատանքներից ուժ և ամրություն էի ստանում: Հիմա էլ իմանալով, որ Հայ դատի հետ կապված որևէ գործ կա՝ մոռանում եմ առողջական խնդիրներիս մասին և իսկույն առաջ նետվում:

2006 թվականից աշխատում ենք նաև Իսրայելի Քնեսեթի հետ: Ելույթներ եմ ունեցել նիստերին՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումների ժամանակ: Չորս տարի առաջ նույնիսկ Թալեաթ փաշայի մասին եբրայերեն գիրք հրատարակեցինք, որը ներկայացրեցինք Քնեսեթի անդամներին: Ի դեպ, այդ գրքի սրբագրիչը Ֆրանսուհի քույրիկս է:

– Անդրադառնանք Երուսաղեմի հայկական համայնքին:

-Նախկինում Երուսաղեմում շատ հայեր էին ապրում: Շուկա կամ խանութ գնալիս՝ ամենուր կարող էինք հայերի հանդիպել: Ոսկերիչները, նկարիչները, բժիշկները, կոշկակարները գրեթե բոլորը հայեր էին, որոնք հարգված էին Երուսաղեմում: Իսկ հիմա խանութներից մի քանիսում միայն կարող ենք հայի հանդիպել: Բավականին քիչ հայ է մնացել, թեև ավելացել են Հայաստանից եկածները:

Բայց, այնուամենայնիվ, համայնքում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, հայ երիտասարդներին խառնամուսնության և ուծացման վտանգից զերծ պահելու նպատակով տարաբնույթ նախաձեռնություններ են իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, համահայկական կառույցները, կուսակցությունները, Երուսաղեմի ժառանգավորաց և Սրբոց թարգմանչաց վարժարանները,  ինչպես նաև այլ կառույցներ և միություններ: Հրատարակվում են «ՀԵՄ» եռամսյա թերթը, «Սիոն» գրական ամսագիրը: Փոքրաթիվ հայեր են ապրում նաև Իսրայելի այլ քաղաքներում:

-Ե՞րբ եք հայացքն ուղղել դեպի Հայրենիք:

– Հայաստանի հետ կապը, դժբախտաբար, սկսվեց Սպիտակի՝ 1988 թվականի երկրաշարժից հետո: Սկզբում Իսրայելի բանակի զինվորների հետ մեզ չթողեցին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալ, որի պատճառով հետ վերադարձանք: Երեք օր հետո ես եկա, իսկ մեկ ամիս անց՝ քույրերս միացան ինձ:

Մեզ հետ տեղի հայերի հանգանակած դրամական օժանդակության միջոցով տարանք առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք, բժշկական սարքավորումներ և այլն: Վիրավորներից վաթսունինը մարդու՝ բուժման նպատակով Հայֆայի և Յաֆֆայի հիվանդանոց բերեցինք: Շաքե քույրիկս մի քանի այլ հայերի հետ այս հարցում շատ օգնեց մեզ: Հայֆայում մայրս ճաշ էր պատրաստում, իսկ ես ու քույրերս նրանց կերակրում էինք:

Դրանից հետո օգնությունները պարբերական բնույթ կրեցին: ՀՕՄ-ը ՀՅԴ-ի հետ համագործակցելով՝ Հայաստանի տարբեր վայրերից 3500 հայ որբերի և ազատամարտիկների երեխաների համար օգնություն կազմակերպեց: Կուսակցությունն էլ առանձին դրամական օգնություն ուղարկեց:

Իսկ ես երեք երեխաների՝ Ապարանից և Գորիսից երկու եղբայրների խնամակալությունը ստանձնեցի, նրանք մեր հոգեզավակները դարձան: Կապը տղաների հետ մինչև հիմա պահպանվում է: Ամեն անգամ Հայաստան գնալիս՝ անպայման հանդիպում ենք:

– Այցելությունների ընթացքում Հայաստանում ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

-Իմ դիտարկմամբ, Հայաստանում դրական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Տարիների հեռվից նայելիս՝ հիշում եմ, որ այն ժամանակ գրեթե ոչինչ չկար: Իսկ հիմա ամեն անգամ Հայրենիք գալիս՝ ուրախանում եմ և հպարտանում եմ այդքան շատ ժամանցի վայրեր, մայրաքաղաք Երևանը բարեկարգ և առաջադեմ տեսնելով: Մեր երկիրը, իրոք, ծաղկել է:

Միշտ Իսրայելի օրինակն եմ բերում, թե ինչպես ժամանակի ընթացքում զարգացած պետություն դարձավ: Հայաստանը ևս պետք է շարժվի նույն ոգով, միայն պետք է համբերել: Հավատացած եմ, որ Հայաստանը շատ լավ ապագա ունի:

Սակայն, ցավ եմ ապրում, որ ժողովուրդը լքում է Հայաստանը և բռնում արտագաղթի ճանապարհը: Թո՛ղ նրանք իմանան, որ օտարության մեջ ո´չ մի քաղցր բան չկա, ավելի լավ է մնան և համախմբված ուժերով շենացնեն Հայաստանը: Ցանկանում եմ, որ հայ ժողովրդի համար ամեն ինչ լավ լինի: Հայրենիքիս ամեն մի անկյունն ինձ հոգեհարազատ է: Տեսարժան, պատմամշակութային բոլոր վայրերում եղել եմ, որոնք ամեն անգամ յուրովի եմ բացահայտում: Շատ եմ սիրում նաև Արցախ աշխարհը:

– Ո՞վ է հայը Ձեր բնութագրմամբ:

-Հայի հետ ամուսնացող, հայերեն խոսող, հայի ոգին ու քրիստոնեությունը պահողն է իսկական հայ ինձ համար:

Գևորգ Չիչյան

Աղբյուրը՝

www.hayernaysor.am