Պետախ Տիկվայի հայկական դպրոցը սկսեց ուսումնական տարին

0
543
Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Անի Հարությունյանի հետ
Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Անի Հարությունյանի հետ

Օգոստոսի 29 – ին Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանի  Բեյտ Օլեյում տեղի ունեցավ հայկական դպրոցի փորձնական դասն, որին մասնակցեցին նույնիսկ 4 տարեկան նախակրթական տարիքի երեխաները: Դպրոցն այս տարի ունի նախակրթական դասարան 15 աշակերտով և մեկ դասարան 4 աշակերտից բաղկացած, որոնք արդեն տառաճանաչ են և ավելի են խորացնելու գիտելիքները Հայոց լեզվի, պատմության և գրականության ոլորտում: Նախորդ տարիներին Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ դպրոցը միշտ ստացել է հայկական այբբենարաններ ու դասավանդման մեթոդաբանական ձեռնարկներ: Նախարարության լուծարումը չնայած չխանգարեց շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների հետ ու նախարարության կրթության վարչությունից ստացվել էր գրքերի ցանկն ու ստացվեցին գրքերը: Սփյուռքի նախարարության լուծարումից հետո դպրոցը համագործակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Ցավոք սրտի ոչ բոլոր դասագրքերն կային նախկին նախարարության հաշվեկշռում և այսօր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է գրքերի ցանկն ու խոստացել է օգնել հայկական դպրոցին:

ՈՒշագրավն այն է, որ կատարված մեկ ամյա լուրջ աշխատանքի արդյունքում չափազանց մեծ հեղինակություն ձեռք բերեց դպրոցն երկրի կենտրոնում և դրանով պայմանավորված ավելացան հաճելի հօգսերը նոր դասագրքերի ու տետրերի ձեռք բերման հետ կապված:

Հայկական դպրոցը հիմնադրվել է Պետախ Տիկվայում 2004թ.-ին ու արևելահայերենով դասավանդվող միակ կառույցն է Իսրայելում: Մինչև 25 աշակերտ ունեցող դասարաններում դասավանդվում էր ոչ միայն Հայոց Լեզու, այլև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի շնորհիվ նաև հայկական երգ և երաժշտություն, ինչպես նաև գործում էր հայկական պարի խմբակը: Այս տարիների ընթացքում սերընդափոխություն տեղի ունեցավ ու աշակերտների թվի պակասի պատճառով որոշակիորեն տուժեց նաև դպրոցը:

Քնարիկ Վարդանյանին փոխարինել է այժմ նոր ուսուցչուհին՝  Անի Հարությունյանը: Նա այս տարի ապրիլի 18- ին կազմակերպել էր բաց դաս նվիրված հայկական Զատկվա տոնին, որին մասնակցեցին ոչ միայն դասարանի աշակերտներն, այլև Պետախ Տիկվայի ավելի փոքրիկ երեխաներն, ովքեր արդեն գրանցվել են նոր դասարանում:

Ընդհանրապես դասարաններում սովորել են ոչ միայն տեղի համայնքի աշակերտներն, այլև տարբեր քաղաքներից երեխաներ:

Դպրոցի տնօրինություն ծնողների հանգանակությունների հաշվին ձեռք է բերել նաև գերժամանակակից պրոյեկտոր՝ դասապրոցեսն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար: Մեթոդաբանական ձեռնարկներով տարվող ուսուցումն իրոք շատ գնահատելի է, քանզի կա հստակ ժամանակացույց և ծրագիր՝ ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար: Առաջիկայում երեխաները տոնելու են Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը:

Ավելի քան 6 տարի Պետախ Տիկվայում միասին աշխատող «Նաիրի» և  «Նոյան Տապան» միությունների համատեղ ջանքերով ավելի արդյունավետ է դարձել դպրոցի աշխատանքն ու յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու անգամ դպրոցականները մեկնում են  Երուսաղեմ կամ մեկօրյա ճամբարներ են կազմակերպվում նրանց համար: Կազմակերպությունները քննարկում են սեփական սկաուտական կազմակերպությունը ստեղծելու ծրագիրը: Նախատեսվում է սեպտեմբերի 21-ին կազմակերպել նրանց երդմնակալության արարողությունը:

Թերթի խմբագրությունը հաջողություններ է մաղթում դպրոցին ու կոչ անում երկրի կենտրոնում բնակվող հայ ընտանիքներին շաբաթական գոնե մեկ անգամ դպրոց բերել  իրենց երեխաներին: