«Բիբի՞ն, թե Բենի՞ն». մեկ տարվա ընթացքում այս հարցը Իսրայելում երկրորդ անգամ է դարձել արդիական՝ երեկ կայացած Իսրայելի Քնեսետի 22-րդ գումարման արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: Դեռևս անհասկանալի է, թե ո՞ր կուսակցությունն է շատ ձայներ հավաքել և ի վերջո ու՞մ է երկրի նախագահը հանձնարարելու կոալիցիոն կառավարություն ձևավորելու՝ Բենիի՞ն, թե Բիբիի՞ն:
Իսրայելի 21-րդ գումարման Քնեսետը շատ կարճ պատմություն ունեցավ, քանի որ ընտրություններից հետո երկրի վարչապետը նախատեսված ժամկետներում չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել և այն լուծարվեց:
Երեկ երեկոյան ժամը 22:00-ին փակվեցին Իսրայելի բոլոր ընտրատեղամասերը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրեց, որ 22-րդ գումարման խորհրդարանական ընտրություններն, որին մասնակցել էին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 69.4 տասնորդական տոկոսը, կայացել են:
Իսրայելի տարբեր հեռուստատեսություններ իրենց «Էքզիթ փոլերն» են հրապարակում, չնայած որ արդյունքները նախնական են և ոչ պաշտոնական:
Հիմնական պայքարը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» և նորասրտեղծ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան» («Կապույտ-Սպիտակ» ի պատիվ իսրայելական դրոշի գույների) կուսակցությունների միջև է, որը գլխավորում է զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը: Այս անգամ կառավարող «Լիքուդն» ավելի քիչ ձայներ է հավաքել և ըստ նախնական տվյալների իր քաղաքական հակառակորդ, ձախ-կենտրոնամետ «Կախոլ-Լավանի»-ի հետ նույն քանակության՝ 32 պատգամավորական մանդատ են ստացել: Երրրորդ տեղում միացյալ արաբական ցուցակն է. արաբական կուսակցությունների բլոկը, ըստ նախնական տվյալների, 12 պատգամավոր կունենա: «Իսրայել Բեյտեյնու» – Լիբերմանի ռուսալեզու հրեաների կուսակցությունը 9 մանդատ է ստացել, նույնքան էլ ստացել է օրթոդոքս հրեաների «Շաս» կուսակցությունը: Հայկական համայնքի աջակցությունը վայելող «Մերեց» կուսակցությունը, որը ընդգրկված էր «Դեմոկրատական ճամբար» բլոկում, կստանա կրկին 5 մանդատ:
Ողջ գիշերվա ընթացքում երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղիղ միացմամբ ներկայացնում էր արդեն հաշվված քվեաթերթիկների արդյունքներ : Ուշագրավ է, որ ո՛չ կառավարող, և ո՛չ էլ ընդդիմադիր այս երկու քաղաքական ուժերը միայնակ չեն կարող կոալիցիա կազմել: Անհրաժեշտ է 61 ձայն կառավարություն ձևավորելու համար: Ձախակողմյան ճամբարն ունի 56, իսկ կառավարող «Լիքուդը» ծայրահեղ կրոնականների հետ՝ 55 մանդատ: Առանց Լիբերմանի կուսակցության հնարավոր չի լինի նոր կոալիցիոն կառավարություն կազմել:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների արդյունքներից հետո Լիբերմանը հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել՝ պահանջելով ընդունել իր գլխավոր պայմանը օրթոդոքս հրեաներին բանակ զորակոչելու հետ կապված:
Դեռևս անհասկանալի է թե որ կուսակցությունն է շատ ձայներ հավաքել և ի վերջո ում է երկրի նախագահը հանձնարարելու կոալիցիոն կառավարություն ձևավորելու՝ Բենիին, թե՞ Բիբիին:
Այժմ անդրկուլիսյան խոսակցություններ են գնում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու շուրջ, որի մեջ չեն մտնի ծայրահեղ կրոնականների կուսակցությունները: Այս դեպքում ամենամեծ կռվախնձորն երկրի վարչապետի պորտֆելն է, որին հավաքնում են Բիբին ու Բենին, չնայած որ Նեթանյահուն սկզբում օրթոդոքսների հետ կփորձի իր սեփական կաբինետը ձևավորել:
Հայերը հետևում են երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ու երկրի մյուս քաղաքացիների նման սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին:
Մեկ փաստ կարելի է արձանագրել, որ մեկ տարվա կտրվածքով երկու արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ թանկ նստեցին և նոր կառավարության ուսերին շատ մեծ բեռ է դառնալու բյուջեի դեֆիցիտն ու հարկերի բարձրացումը, որը դժկամությամբ է ընդունվելու: