Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում

0
560
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Այսօր Կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կստեղծի Իսրայելում, Թել Ավիվում։

Թեև Հայաստանը այդ երկրում ուներ ոչ ռեզիդենտ դեսպան և դեռ 1992 թվականից հաստատված դիվանագիտական հարաբերություններ, այնուամենայնիվ չուներ դեսպանություն։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա: Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով բազմադարյահայկական ներկայությանը մասնակից լինելը», – կառավարության նիստում հիմնավորեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը հավելեց, որ դեսպանություն ստեղծելուն ԱԳՆ-ն պատաստվում էր բավական ժամանակ։ Նախարարը սակայն այսօր Կառավարության նիստին չբացեց փակագծերը, թե արդյոք այս հարցը որևէ հանդիպման ժամանակ քննարկվել է հարևան Իրանի հետ, որը խիստ լարված հարաբերություններ ունի Իսրայելի հետ:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը վստահ է, որ Հայաստանի իրանյան գործընկերները շատ լավ հասկանում են, թե ինչու է Հայաստանը մեկ քայլ առաջ գնում Իսրայելի հետ հարաբերություններում։

Բացի այդ, ըստ պատգամավորի, Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականությունը պայմանավորել որևէ երրորդ երկրի տրամադրություններով․ – «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունն է որոշում, և այս կամ այն քայլերը առաջնային առումով պետք է բխեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Իհարկե, գուցե խորհրդակցություններ լինեն այլ երկրների հետ, բայց եթե մեր շահը պահանջում է այս գործողությունը, ապա այստեղ կարևորը մեր շահը առաջ տանելն է: Մենք Իրանի հետ ունենք շատ լավ օրակարգ թե՛ էներգետիկ անվտանգության տեսանկյունից, թե՛ այլ հարցերի շուրջ: Բայց սա Հայաստան – Իրան հարաբերությունն է, նա էլ Հայաստան – Իսրայել հարաբերությունը: Այդ երկուսը պետք է իրար հետ չխառնվի»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, Հայաստանը վաղուց պետք է բացած լիներ դեսպանություն Իսրայելում, սակայն հիմա էլ ուշ չէ․ – «Հայաստանի քաղաքական օրակարգում մշտապես եղել է այս հարցը, բայց ելնելով ինչ-ինչ արտաքին քաղաքական պատճառներից, հարցը մշտապես հետաձգվել է: Բայց բոլորի համար ընդունելի և ընկալելի է եղել, որ այո, պետք է Հայաստանը դեսպանություն ունենա Իսրայելում: Կարծում եմ, սա ուշացված քայլ է, բայց միևնույն է, Հայաստանը ճիշտ է անում, որ գնում է այս ճանապարհով»:

Արտգործնախարարությունը կառավարության այսօրվա որոշման հիմնավորումներում գրել է, որ
«դեսպանության ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության բազմաթիվ ոլորտներում»։

Նշվածից բացի, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար» Սարգսյանի կարծիքով՝ այս քայլը պետք է դիտարկել նաև Վաշինգթոնի հետ հարաբերությունների համատեքստում․ – «Իսրայելը լուրջ ազդեցություն ունեցող պետություն է, իսրայելական համայնքը լուրջ ազդեցություն ունի Վաշինգտոնում․ Վաշինգտոնի քաղաքական որոշումների կայացման վրա, և սա նույնպես պետք է հաշվի առնենք»:

Հայ-իսրայելական հարաբերությունները Հայաստանում դիտարկվում են նաև այլ տեսանկյունից. արդյո՞ք Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները մի պետության հետ, որը վերջին տարիներին շուրջ 4 միլիարդ դոլարի զենք է մատակարարել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին։

Պատգամավոր Սոս Ավետիսյանի կարծիքով, այս հարցում անելիք կա․ – «Հարկավոր է անել աշխատանք այն երկրներում, որտեղ այդ աշխատանքը չի տարվել: Կարծում եմ, այստեղ նույնպես կան հարցեր մեր իսրայելցի գործընկերների հետ: Սրա նկատմամբ մեր հիմնական գործողությունը պետք է լինի ավելի մասնակցային դառնալը, ավելի պրոակտիվ դառնալը, քան դուրս մնալ այդ պրոցեսներից»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ևս կարծում է, որ Ադրբեջանի հետ զենքի շուրջ գործարքները պետք է ստիպեն Հայաստանին խորացնել հարաբերությունները Իսրայելի հետ, ոչ թե հետքայլ կատարել․ – «Զենքի վաճառքի հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պետք է այնտեղ ունենայինք ակտիվ և էֆեկտիվ դեսպան, որը ցանկացած պահի պատրաստ լիներ ցանկացած գործողությունների իրականացնելու, որպեսզի կանխեր զենքի վաճառքը, կամ այն բոլոր սկանդալները, որ տեղի էին ունենում այդ վաճառված զենքի հետևանքով մեզ պատճառած վնասների: Այս բոլորը նա պետք է կարողանար ինչ-որ առումով վնասազերծել: Եվ կարծում եմ, որ նույնիսկ հիմա դեռ ուշ չէ․ Հայաստանն այնտեղ դեսպան ունենալով շատ կարևոր հարցեր է լուծելու»:

Աղբյուրը՝ https://www.azatutyun.am/a/30173150.html