ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչումն անարձագանք մնաց Իսրայելում

0
612

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է որպես Ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց Ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։ Գրեթե նույն օրն հայտարարվեց Իսրայելի Քնեսետի լուծարման մասին ու տեղեկացվեց, որ երկիրն արդեն վերջին մեկ ու կես տարվա մեջ երրորդ անգամ գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: ԱՄՆ-ի սենատի այս որոշմանը բուռն չարձագանքեցին երկրում անշուշտ նույն օրը լուծարված Քնեսետի ու նոր հայտարարված ընտրությունների հետ կապված: Մատների վրա կարելի է հաշվել այն լրատվամիջոցներն, որոնք զուտ արձանագրեցին փաստն ու առանց մեկնաբանությունների չպարզաբանեցին Իսրայելի քաղաքական դաշտի ու կուսակցությունների վերաբերմունքը Սենատի որոշման առնչությամբ:

Լուսանկարում՝ է Երուսաղեմի «ՀՄԸՄ» նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը(արխիվ 2009թ,)

– Այն որ Իսրայելի խորհրդարանը լուծարված է, սա պարզ է, կարող են հարցը հետաձգել, բայց հիմա Իսրայելն որոշ իմաստով ամոթի տակ է, քանզի նախկինում նայելով Ամերիկային ու սենատին ձեռնպահ էին մնում հարցի քննարկումից, բայց ահա սենատը ճանաչեց, ներկայացուցիչների պալատն ընդունեց ու շատ իմաստներով նեղն են, – համոզված է Երուսաղեմի «ՀՄԸՄ» նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը:

Պետք է սպասել մինչև մարտ, խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից անմիջապես հետո, պետք է ջանքեր գործադրվեն Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչման հետ կապված:

– Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին պետք է մոտենանք և աշխատենք ճանաչման համար, – հավելեց նա:

«Մերեց» ձախակողմյան փոքրիկ կուսակցությունն, որը վերջին երկու խորհրդարանական ընտրություններում հանդես է գալիս «Մախանեյ հա դեմոկրատի» թարգմանաբար դեմոկրատական ճամբար դաշինքի  կազմում տասնյակ տարիներ հանդես գալով Քնեսետում հայկական բանաձևի որպես հեղինակ, որևէ կարծիք չի հայտնել թե՛ ներկայացուցիչների պալատի և թե՛  ԱՄՆ-ի սենատի այս որոշման հետ կապված: Մենք ավելի քան երկու շաբաթ առաջ խնդրել էինք «Մերեցին» իրենց դիրքորոշումը հայտնել, սակայն մինչև օրս որևէ պատասխան չենք ստացել: Ավելի քան մեկ տարի Երուսաղեմում չի գործում «Հայ դատի» գրասենյակը: Երջանկահիշատակ Ժորժետ Ավագյանի հիվանդության, իսկ այնուհետև վաղաժամ կյանքից հեռանալու պատճառով կապը կտրվել է թե՛ «Մերեցի» և թե՛ մյուս կուսակցությունների հետ ու սեպտեմբերին դաշնակցության տեղի կառույցի պատասխանատուներն հայտնեցին թե շուտով նոր ավելի երիտասարդ կազմով, նոր հանձնախումբ կձևավորվի, բայց ցայսօր նոր մարմին չի ստեղծվել և զրուցակցիս փոխանցմամբ մոտակա ամիսներին անպայման հարցը կլուծվի: Ինչ վերաբերում է «Մերեցի» և մյուս կուսակցությունների հետ ունեցած կապերին, ապա իրենց կապերը մեծամասամբ Ժորժետի միջոցով էին: Այսօր Ժորժետը իրենց հետ չէ,  հետևաբար մի քիչ համբերատար պետք է լինեն, մինչև  կապերը վերստին ստեղծեն «Մերեցի» հետ, հետո ավելի ջերմացնեն, այնուհետև կնայեն թե ինչ կլինի, բայց այսպես թե այնպես իմաստ էլ չունի հիմա, մինչև խորհրդարանը կկազմավորվի ու կշարունակեն աշխատել:

Վերջին ժամանակներս Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված ընտանիքները սկսել են բնակարաններ գնել Հայաստանում և վերադառնալ: Մոտ մեկ ամիս առաջ ևս մեկ ընտանիք ընդմիշտ վերադարձավ Հայաստան: Պարոն Սահակյանը խրախուսելի է համարում նման մոտեցումը:

– Նախ որ Իսրայելի ճգնաժամի պարագայում որպես արդյունք Հայաստան են մարդիկ վերադառնում, կարելի է շնորհավորել, ողջունել: Մենք խնդիր չունենք, որ մարդիկ վերադառնում են Հայաստան: Այսինքն ճիշտ է, որ պետք չէ, որ մեր գաղութը շատ նոսրանա, բայց Հայաստան ներգաղթը իրականության մեջ ողջունելի է: Չենք ուզում այն կասեցնել, – կարծիք հայտնեց նա:

Իսկ արդյոք Իսրայելում ստեղծված տնտեսական ու քաղաքական այս ճգնաժամի պայմաններում Երուսաղեմում կան մարդիկ, որոնք ցանկանում են Հայաստան տեղափոխվել: Հարցիս ի պատասխան ասաց՝ դեռ ոչ: Վերջին տարիներին շատերն են հող կամ տուն գնել Հայաստանում, բայց իր համոզմամբ դեռ շատ խնդիրներ կան Հայրենիքում չլուծված և դեռ ժամանակը չի եկել տուն ու տեղ վաճառելու և Հայաստան տեղափոխվելու համար: Իսկ եթե հայերը հեռանան Երուսաղեմից, ապա մեր իրավունքների, հողերի պահպանման հետ կապված արդյո՞ք չեն առաջանա խնդիրներ:

– Միշտ էլ այսպիսի իրավիճակների միջով անցել ենք: Ես կարծում եմ որ մեր պարագայում եթե գաղութը 20 տոկոս կամ մինչև 40 տոկոս պակասի, ապա այն անմիջական վտանգ չի ներկայացնի մեր Երուսաղեմին: Այսինքն եթե պատրիարքությունը ինքը գիտենա այդ հողերը պահել, պատրիարքությունը եթե կարողանա այդ հողերի գծով պետք եղած օրինական բոլոր սահմանումները ձեռք գցել և առիթ չտալ, որ վաճառվի կամ կորսվի, ապա մենք ապահովված ենք, –  փոխանցեց պարոն Սահակյանը:

Հողերի ու իրավունքների պաշպանության երաշխավորը հայկական պատրիարքարանն է ու աշխարհիկ դասը չի կարող որևէ ազդեցություն ունենալ կամ խառնվել պատրիրաքարանի ներքին գործերին:

– Որպես աշխարհական գաղութ շատ մեծ ներդրում չունենք կամ չենք կարող ունենալ  կալվածքների գծով, շատ իմաստներով նաև օրենսդրական իմաստով, որովհետև կառավարության աչքին սեփանակատերը ինքնին պատրիարքարանն է  և մեր պարագայում տարվա կտրվածքով մի քանի առիթներով պատարագներին ենք ներկայանում և թիվ ներկայացնում, ավելին ոչ, – եզրափակեց իր խոսքը նախկին ատենապետը::