Իսրայելում անցկացվում է Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը

0
424
Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ
Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ

Մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ ժամանել են Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

Երուսաղեմի Յադ Վաշեմ Հոլոքոսթի ինստիտուտ-թանգարանի հուշահամալիրում «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիթականության» խորագրով համաժողովի բացումը տեղի է ունենում Եվրոպայում և ամբողջ աշխարհում հակահրեական բռնությունների աճի ֆոնին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Գերմանիայի, Իտալիայի և Ավստրիայի նախագահները Հոլոքոսթի համաշխարհային համաժողովին մասնակցող ավելի քան 47 պատվավոր անձանց թվում են։ Մասնակիցների թվով այս համաժողովը երբևէ անցկացված ամենամեծ հավաքն է, որը կենտրոնացած է Հոլոքոսթի զոհերի ոգեկոչման վրա, և պայքարում է ժամանակակից հակասեմիթականության դեմ:

Համաժողովի մասնակիցների թվում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար, և պետք են համատեղել ջանքեր, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չկրկնվեն, – Իսրայելի Քնեսեթում հանդիպելով խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնին՝ ասել է Արմեն Սարգսյանը՝ բարձրացնելով Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Համաժողովն այնուամենայնիվ զուրկ չմնաց սկանդալներից: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել էր մասնակցել համաժողովին, դժգոհություն հայտնելով, որ իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ միջազգային այս ֆորումին, որի ժամանակ ելույթ են ունենալու Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի ներկայացուցիչները:

Իսրայելցի կազմակերպիչները հայտարարել էին, որ միջոցառմանը ելույթ կունենան միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս դաշնակիցները և Գերմանիան:

Լեհաստանը վրդովված էր անցյալ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված մեկնաբանություններից, որոնք ենթադրում էին, որ Լեհաստանը կիսում է պատերազմի պատասխանատվությունը: Սրան ի պատասխան հունվարի 27-ին Լեհաստանը կսկսի իր սեփական հիշատակի միջոցառումը երկրի հարավում գտնվող Աուշվից-Բիրկենաու հուշահամալիրում և թանգարանում:

Համաժողովը նվիրված է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին, որի հիմնական ուղերձը ներկայումս հակասեմիթականության ժխտումն է:

Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը բացեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը` ներկայացնելով հրեա ժողովրդի անցած տառապանքները, նշելով, որ մասնավորապես հրեա ժողովուրդը գիտի, որ եթե անցածը չհիշեն, ապա պատմությունը կարող է կրկնվել:

«Ռասիզմն ու հակասեմիթականությունը պետությունների և ազգերի համար մի չարորակ քաղցկեղ է, որը քանդում է դրանք և ոչ մի հասարակություն պաշտպանված չէ դրանից», – ասաց իր խոսքում նախագահը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր խոսքն, ինչպես նախագահը, ողջույնի ու շնորհակալական խոսքերով սկսեց ու ասաց, որ Ռիվլինի և նախագահ Պուտինի հետ եկել է այնտեղ բլոկադայի տարիներին Լենինգրադի պաշտպանների և բնակիչների հերոսությանը նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո։ Նա իր խոսքում առանձնակի նշեց համակենտրոնացման այդ ճամբարի Կարմիր բանակի կողմից ազատագրելու փաստը:

«Հրեական պետությունը սովորել է Հոլոքոսթի տված դասերն, ինչպես աշխարհն է սովորել և հույսի որոշ նշաններ կան, և այս առանձնահատուկ հավաքը դրանցից մեկն է ու շատերը ճանաչում են հասարակ մի ճշմարտություն, որ հրեատյացությունը սկսվում է հրեաներով, բայց չի վերջանում նրանցով», – նշեց Նեթանյահուն։ Նա նաև անդրադարձավ ամենահրեատյաց ռեժիմին՝ իրանյանին ու ողջունեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփի և փոխնախագահ Փենսի ջանքերը դրա դեմ:

Այնուհետև ելույթ ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Համաժողովին ելույթ կունենան նաև Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ղեկավարները:

Վերադառնալով հայկական պատվիրակությանը, տեղեկացնենք, որ միջազգային այս համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ, շաբաթ օրը կայցելի սրբավայրեր ու Երուսաղեմի հայոց պատրիարքարան, երեկոյան նախատեսվում է հանդիպում հայկական համայնքի անդամների հետ: Հայաստանի Հանրապետության նախագահը կայցելի նաև Իսրայելի գիտակրթական հաստատություններ։

Ացբյուրը՝ www.azatutyun.am