«ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

0
449

Սիրելի´ հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թ. հունիսի 14-ից հուլիսի 1-ը կիրականացնի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրի նպատակն է`
– նպաստել Սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժի առավել կազմակերպման ու համախմբման խնդրի լուծմանը, նրանցում առաջնորդի, համայնքների ղեկավարման կարողությունների և հմտությունների զարգացմանը,
– Սփյուռքի երիտասարդ առաջնորդների հետ քննարկել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, մարտահրավերներին, համազգային շահերի պաշտպանությանն ու ան-վտանգությանը, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանն ուղղված պետական քա-ղա¬քականության նոր մոտեցումներին և երիտասարդությանը հուզող խնդիրներին վերաբերող հարցեր,
– առաջարկել համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների գործունեության ակտիվացման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման հնարավորություններ և այլն։

Ծրագրի ձևաչափը

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ (դասախոսություններ, քննարկումներ, աշխատաժողովներ, այլ):
Ծրագրի լեզուն հայերենն է։

Ծրագրի թեմատիկ ուղղությունները`

«Առաջնորդություն, կառավարում և հաղորդակցում»,
«Ինքնություն»,
«Հայաստան-Սփյուռք գործակցություն»,
«Ազգային անվտանգության հիմնախնդիրներ»,
«ՀՀ արտաքին քաղաքականություն»,
«Օրակարգային հարցեր»,
Այլ:

Ծրագրի առաջին օրը մասնակիցները կընտրեն ավարտական (թիմային կամ անհատական) աշխատանքի թեմաներ (դրանք կարող են ներկայացվել մասնակցի նախընտրած լեզվով):
Ծրագրի ավարտին մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր` ավարտական աշխատանքի արդյունքի հիման վրա, նաև հաշվի առնելով մասնակցի հաճախելիությունը ծրագրին:
Ծրագիրը ներառում է նաև այցելություններ պատմամշակութային և ժամանցային վայրեր, հանդիպումներ պետական, քաղաքական գործիչների հետ, մշակութային միջոցառումներ։

Մասնակցության պայմանները

Ծրագրին կարող են մասնակցել 22-35 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցող և օտարերկրյա քաղաքացիություն չունեցող, բայց տվյալ երկրում կեցության իրավունք ունեցողների) սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր՝
– նախկինում չեն մասնակցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացին»,
– Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ դրանց ներկայացուցիչներ, համայնքային կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ,
– ակտիվ ներգրավվածություն ունեն ինչպես համայնքային կյանքում, այնպես էլ համահայկական ու միջազգային տարբեր ձեռնարկներում,
– վերապատրաստման դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքային խնդիրների լուծման գործում և իրենց գործունեությամբ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Յուրաքանչյուր կազմակերպություն և կառույց կարող է ներկայացնել առավելագույնը երկու երիտասարդի։

Հայաստան ժամանման և մեկնման, ինչպես նաև ճամփորդական ապահովագրության ծախսերը հոգում է մասնակիցը (ճամփորդական ապահովագրության առկայությունը պարտադիր է), ծրագրի շրջանակներում կեցության և տեղափոխման ծախսերը` ՀՀ կառավարությունը։

Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է` 10.05.2020 թ.:

Մասնակցության հաստատման/մերժման ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև
20.05.2020 թ.:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԻՑ։

Համահայկական ծրագրերի վարչություն
Հեռ.` 010585601 (702), 060500830
Էլ. հասցե` diasporayoungleaders@gmail.com

Արևելահայերն/Արևմտահայերեն՝  https://forms.gle/Qf4R6pFzZ3dV5BF78

Անգլերեն՝  https://forms.gle/GC9LzTJuPvNoFXEX6