Իսրայելի հայկական համայնքը քննարկում է Բեյրութի հայերի համար հանգանակությունների հարցը

0
585

Իսրայելի հայկական համայնքը հայտնում է իր համերաշխությունը Լիբանանի ժողովրդին և մասնավորաբար հայկական համայնքին: Մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը ցնցել էր Իսրայելի հայերին, երկրի ողջ բնակչությանն, ու պատահաբար չէ, որ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելն ու Լիբանանը հակառակորդ պետություններ են ու որևէ հարաբերություններ չունեն, Թել Ավիվի քաղաքապետ Ռոնի Խուլդաիի հրահանգով հատուկ լույսերի շնորհիվ քաղաքապետարանի շենքի վրա պատկերվել էր Լիբանանի դրոշն` ի համերաշխություն Լիբանանի ժողովրդի:

Համացանցում որոշ լիբանանցիներ ի պատասխան խոստացան հրթիռահարել Թել Ավիվը, բայց գերակշռողը դրական ու շնորհակալական ուղերձներն էին քաղաքապետի համարձյակ այս քայլին:

Բազմաթիվ լիբանանահայեր կան Իսրայելում, ովքեր դժբախտաբար չեն կարող գտնվել իրենց հարազատների կողքին, սակայն փորձում են Իսրայելից օգտակար լինել: Երկու օր շարունակ Երուսաղեմում տեղի հայկական կազմակերպությունները հանդիպումներ են կազմակերպում և քննարկում են Լիբանան օգնություն ուղարկելու հարցը: Առաջին անհրաժեշտության պարագաներ հնարավոր չէ ուղարկել, ուստի քննարկվում է հանգանակություններ կազմակերպելու հարցը:

Երուսաղեմում բնակվող Կասաբյանների ընտանիքի մի մասն էլ ապրում է Բեյրութում, ունեն վիրավորներ, ու վնասվել է իրենց հարազատների տունը, բարեբախտաբար կորուստներ չունեն: Չափազանց դժվար է եղել առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին: Երուսաղեմի ՀՄԸՄ-ի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանի փոխանցմամբ` համայնքից կանայք կան` ամուսնացած լիբանանահայերի հետ. – «Քանի հոգի կան, իսկ արդյոք վնասվածք ստացել է որևէ մեկը, կարծեմ` ոչ, որևէ մեկը եթե ֆիզիկական վնասվածք ստացած լիներ, տեղյակ կլինեինք, մի քանի աղջիկներ, հարսներ ունենք ամուսնացած լիբանանահայերի հետ: Այդքանը գիտեմ, բայց որևէ մի լուր չկա այդ առումով, բարեբախտաբար»:

Սերոբ Սահակյանն իր խորին ցավակցությունն է հայտնում այս պայթունի հետևանքով նահատակված անմեղ զոհերի հարազատներին` ոչ միայ հայ, այլև արաբ ժողովրդին: Շատ դրական է գնահատում նաև Թել Ավիվի քաղաքապետի որոշումը. – «Իսրայել-Լիբանան այդ հակաքարոզչությունը պարզապես կվերաբերի Հեզբոլլային, այդքանով պետք է սահմանափակվել: Ես թերևս կկարծեմ, որ Խուլդաիի արած քայլը՝ ցավակցության, զորակցության Բեյրութի ժողովրդին շատ տեղին է ու շատ էլ մարդկային»:

Իրենց դաշնակցական կառույցներից էլ տեղեկացել են, որ բացի անդառնալի մարդկային կորուստներից, շատ տուժել են նաև համայնքային շինությունները, որոնց վերականգման համար միլիոնավոր դոլարներ են հարկավոր, ու արձագանքել են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կոչին. – «Մեր հոգևոր ներկայացուցչի հետ նաև պիտի խոսենք, ուրիշ կուսակցությունների հետ, և մենք էլ Երուսաղեմում պիտի ուղղակի անցնենք հանգանակության` ի օգնություն Բեյրութի, հայկական թաղամասերի նորոգման»:

Սիրիական պատերազմի ժամանակ հայկական համայնքն ու մասնավորաբար պատրիարքարանն զգալի օգնություն ցուցաբերեցին Քեսաբի հայերին: Միայն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը 50 հազար ԱՄՆ դոլար փոխանցեց: Իսրայելում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված մեծ միջոցառումներն ու հավաքները, որոնց ժամանակ համայնքը հանգանակություններ է նախաձեռնում, կազմակերպելու թույլտվություն հնարավոր չէ ստանալ, ուստի նախկին ատենապետի տեղեկացմամբ` հանգանակությունները կազմակերպվելու են հեռախոսազանգերի միջոցով: Նրա խոսքով` առաջարկ է եղել, որ զանգերով տեղեկացնեն իրավիճակի և իրենց ծրագրած աջակցության մասին, քանի որ ցանկանում են մի քանի հազար դրամագլուխ մինչև մյուս շաբաթվա սկիզբ արդեն հանգանակել:

Քեսաբի ճգնաժամի ժամանակ էլ սիրիահայերին սաղեմահայերը գումար էին փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի բանկային հաշվեհամարին. – «Լուրջ բաժանում պիտի կատարվի, ես կասկած չունեմ, նաև ժամանակին էր այդպես, հիմա էլ այդպես է: Հալեպի պարագայում էլ իրականության մեջ այդպես էր, Հալեպի բոլոր հանգանակությունները մեծամասամբ կենտրոնացան Անթիլիասի հաշվին, և Անթիլիասն էր, որ փոխանցումները կատարեց առաջնորդարանի ճամփով : Հետևաբար նույնն է պատկերը, և այդպես էլ պիտի լինի»:

Աղբյուրը՝  «Ազատություն» ռադիոկայան