Իսրայելում անհանգստացած են լոքդաունի պատճառով. Երուսաղեմի հայկական համայնքը ևս կարանտինի մեջ է

0
217

Սեպտեմբերի 18-ից արդեն այս տարվա մեջ երկրորդ անգամ Իսրայելի կառավարությունը հայտարարեց երկրորդ համապետական լոքդաունի մասին: Փաստորեն, Իսրայելն աշխարհում առաջին պետությունն է, որը ստեղծված ծանր առողջապահական խնդիրների պատճառով հարկադրաբար դիմեց այդ քայլին:

Վերջին օրերին օրական կտրվածքով նոր ախտորոշված հիվանդների թիվը անցնում էր 5 հազարը, իսկ առջևում հրեական Ռոշ հաշանան էր` հրեական նոր տարին (Հրեական տոմարով երկիրը մուտք գործեց 5 հազար 781 թվական) որը սկսվեց մասսայական լոքդաունի պայմաններում: Ավանդաբար ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, ու նույնիսկ արտասահմանում գտնվող հարազատներն են մասնակցում այս տոնին, սակայն համաճարակի բռնկման ծավալները սահմանափակելու պատճառով կառավարությունը երկրի բնակիչներին փակեց տանը մինչև հոկտեմբերի 9-ը: Այս ժամկետն էլ դեռ վերջնական չէ, և հնարավոր է, որ այն ևս մեկ ամսով երկարաձգվի:

Սկզբում սահմանվեց, որ քաղաքացիները միայն 500 մետր կարող են հեռանալ բնակության վայրից, սակայն հետո այն վերածվեց մեկ կիլոմետրի: Թույլատրվում է տնից դուրս գալ միայն ընտանիքի մեկ անդամի մոտակայքում գտնվող սննդամթերքի խանութ այցելելու համար: Աշխատում են միայն սնունդ վաճառող խանութները, բուժհաստատություններն ու դեղատները, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ հիմնարկներ: Շատերի կարծիքով` այս համատարած կարանտինը բացասական հետևանքներ կունենա տնտեսության համար` հազարավոր մանր ու միջին ձեռնարկություններ կսնանկանան վերջնականապես:

Շաբաթ օրը ոչ միայն ոչ աշխատանքային էր, այլև տոնական, ու սահմանափակ քանակությամբ թեստեր էին կատարվել, սակայն բավարար, որպեսզի ներկայացնեին իրական պատկերը: Այսպես, ուրբաթ թեստավորվել էր 53 հազար 993 քաղաքացի, որի արդյունքում 5 հազար 300 նոր վարակակիր էր բացահայտվել: Երեկ 1616 COVID-19-ով հիվանդ նոր պացիենտներ էին բացահայտվել՝ կատարված 18 հազար 816 թեստավորումների արդյունքում, օրն էլ ոչ աշխատանքային էր: Այսօր դեռ Նոր տարվա տոնը շարունակվում է, և միայն վաղը կատարվելիք շատ ավելի մեծաքանակ թեստերը «խոստանում են» նոր վարակակիրների թվի աճ:

Ընդհանուր առմամբ ըստ Առողջապահության նախարարության` երկրում գրանցվել է 183 հազար 602 կորոնավիրուսով հիվանդ, 1226 մարդ մահացել է, 49 հազար 927 վարակակիր կա երկրում, որոնցից 604-ը` ծայրահեղ ծանր: 3 հազար 157 բուժաշխատող կա՛մ վարակվել է կորոնավիրուսով, կա՛մ գտնվում է կարանտինի մեջ:

Ահա այս պայմաններում Երուսաղեմի հայկական համայնքը շարունակում է մնալ կարանտինի մեջ: Իսրայելում միակ քաղաքային թաղամասը, որը լոքդաունի մեջ է մարտ ամսից, Երուսաղեմի հայկական թաղամասն է: Հայոց պատրիարքի որոշումը թաղամասը պահել, փաստորեն, փակ տվել է ու շարունակում է տալ դրական արդյունք: Կորոնավիրուսով հիվանդներ ու մարդկային կորուստներ համայնքը չունի: Իսրայելի մյուս քաղաքներում բնակվող հայերը, ինչպես երկրի մյուս բնակիչները կարանտինում են գտնվում: Երկօրյա կարանտինի ընթացքում որևէ արտառոց դեպք հայերի շրջանում չի գրանցվել, ուստի Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը նոր շտաբ ստեղծելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում, ինչպես այս տարվա գարնանը: Հիշեցնենք, որ օպերատիվ շտաբը անհրաժեշտության դեպքում կոչված էր օգնության հասնել կարիքավոր ու միայնակ մարդկանց:

Թել Ավիվում գտնվող հայկական դեսպանատունը շարունակելու է իր աշխատանքը, ու շատ լրատվամիջոցներ, այդ թվում` հրեական «Վեստի» պարբերականը տեղեկություններ էին տարածել, որ Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացումն է տեղի ունեցել սեպտեմբերի 18-ին, որին մասնակցել է Իսրայելի արտգործնախարարության Եվրազիա 2 դեպարտամենտի ղեկավար Իցխակ Կարմիել-Կագանը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` իրականում հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, և դեսպանատունը օգոստոսի 22-ից գործում է արդեն, այլ ոչ թէ բացվել է սեպտեմբերի 18-ին: Այն շարունակելու է ընդունել Հայաստանի քաղաքացիներին:

Հրեական մամուլն այսօր ողողված է լոքդաունի հետ կապված քննադատական նյութերով: «Յեդիոտախրոնոտ» թերթը գրում է, որ այս ամբողջը վարչապետ Նեթանյահուն կատարել է քաղաքական նպատակներով, ու այժմ միայն կորոնավիրուսն է նրան խանգարում հաղթական քայլել նոր խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելիս: Հիշեցնենք, որ առաջին ալիքի ժամանակ ստեղծվեց ազգային համաձայնության կառավարություն ընդդիմադիր «Կախոլ լավան» կուսակցության ղեկավար Բենի Գանցի և կառավարող «Լիքուդի» ղեկավար, վարչապետ Բենյամին Նեթանյահուի համաձայնությամբ, և հաջորդ տարի Բիբիին վարչապետի աթոռում պետք է ռոտացիայի կարգով փոխարինի ընդդիմադիր Բենին, որն անկասկած ձեռնտու չէ «Լիքուդին»:

Երկրի քաղաքականության նկատմամբ անտարբեր չեն նաև տեղի հայ մտավորականները: Երկրի հյուսիսային Հայֆա քաղաքի բնակիչ, Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում սխալ գնահատեց համապետական կարանտինի որոշումը. – «Հայերեն լավ առակ կա, ասում է` արտը խախուտ, մահանան` կարկուտ, այս բոլորը մահանա էր Բենյամին Նեթանյահուի կողմից, բոլորը պատճառ էր, և ինչպես ասում են` սատանան այնքան էլ սարսափելի չի, ինչքան կարծում են, որովհետև ես լսեմ ել, նայել եմ տեսաժապավենը, Մայքլ Լևից Նոբելյան մրցանակի դափնեկիր, փառք Աստծո հրեա է ինքն էլ, նա ջարդուխուրդ է անում այս բոլորը, ինչ որ անում են պետության ղեկավարները մեկուսացման գծով»:

Շուտով դատական գործընթաց է սկսվելու Նեթանյահուի դեմ, և Ասլանյանի կարծիքով` հրեական տոներին ողջ երկիրը փակելը մեկ ամսով պատահական չէ. – «Գիտեք` աթոռը տակից երերում է, բան է մոգոնում, որպեսզի խուսափի դատից, որ երկրի ղեկավար այլևս չլինի, բավական չէ, մեկ էլ գնա դատի և այդ պատճառով դիմում է զանազան-զանազան քայլերի, որպեսզի մարդիկ իրար գլուխ չհավաքվեն, չխորհեն, չմտածեն, չըմբոստանան»:

Ինչպես նախորդ կարանտինի ժամանակ, այնպես էլ այժմ բողոքի ցույցերը չեն արգելվել, ուստի հնարամիտ քաղաքացիները ելք էին գտել Թել Ավիվի լողափեր գնալու համար. – «Թել Ավիվում մարդիկ խորամանկել են, քանի որ Բենյամին Նեթանյահուն թույլ է տվել դուրս գալ միայն ցույցի ժամանակ, մարդիկ վերցրել են ցույցի պաստառները և գնացել են Թել Ավիվի ծովափ, ասել` մենք ցույց ենք անում և լողանում են»:

Ինչ վերաբերում է հայ-հրեական հարաբերություններին, ապա միանշանակ դրական է գնահատում Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացման փաստը, անցյալ շաբաթ հանդիպում էր տեղի ունեցել Հայֆայի համայնքի և դեսպանի ու հյուպատոսի միջև: Կարծում է, որ հայ-հրեական հարաբերությունները պետք է զարգանան. – «Այս երկու ազգերը դատապարտված են իրար հետ լինելու, մեջք մեջքի տալու, և եթե դեսպան Արմեն Սմբատյանին հաջողվի այդ բանը անել, ապա մենք բոլորս կհաղթենք, երկու կողմն էլ կհաղթի»:

Աղբյուրը՝  «Ազատություն» ռադիոկայան