Իսրայելահայերը մեծամասամբ անտարբեր են այսօր տեղի ունեցող խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ – մեր վերլուծությունը:

0
497

Հայկական համայնքը մեծամասամբ կամ չի մասնակցում կամ քվեարկելու է գործող կառավարության դեմ: Պատճառները բազմաթիվ են.

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Իսրայելի կառավարությունը նույնիսկ մեկ րոպե չդադարեցրեց իր «դաշնակցի»՝ Ադրբեջանի հանդեպ պարտավորություններն ու մի քանի ինքնաթիռ գեր արդիական զենք ու զինամթերք շարունակաբար ուղարկեց Ադրբեջան մեր բարեկամ Վրաստանի տարածքով ու անտեսելով թուրք-թաթարական խուժանի կողքին կռվող սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում, զինեց նաև նրանց: Մարտի 11 – ին Իսրայելյան 12-րդ ալիքի եթերում հեռարձակված Իտայ Անգելի հայտնի փաստագրական «Նրանց պատերազմը – մեր զենքերը» խորագրով ֆիլմը մեծ իրարանցում առաջացրեց երկրում ու նախընտրական քարոզարշավի շրջանակներում շատերի համար սա իրոք նոր հայտնություն էր, անկախ մի փոքր հայամետ հասարակական կարծիքի ձևավորումից սակայն, հրեական կառավարությունը Նեթանյահուի գլխավորությամբ շարունակում է վերազինել ու լրացնել պատերազմի ժամանակ նոսրացած ազերական պահեստների զինատեսակները:

Իրապես շատ հրեաների համար, ովքեր 4 լոքդաունների ընթացքում դարձան գործազուրկ և չնչին նպաստներ ստացան, այդքան էլ հետաքրքիր չէր թե ինչ ճակատագրի է արժանացել իրենց բախտակից հայ ժողովուրդը, քանզի տնտեսկան, քաղաքական ծանր ճգնաժամի ու վերևներից հրեական ԶԼՄ-ներին «իջեցրած» հատուկ հակահայկական հոդվածների ու ադրբեջանցիներին որպես դաշնակիցներ գիշեր-ցերեկ գովերգելու հստակ հանձնարարությունները մինչև օրս փայլուն կատարվում են: Դե ազերները հրեական զլմ-ների միջոցով պատերազմին լավ էին պատրաստվել: Աշխարհի 5-րդ ամենաթանկ երկիրը համարվող Իսրայելի աղքատացած միջին խավին այդքան էլ չէր հետաքրքրում պատերազմը, իսկ Նեթանյահուի օրոք ու Լիբերմանի «թեթև ձեռքով» (որպես պաշտպանության նախարար) իրականացրած նավթի դիմաց զենքի մատակարարումները շուտով կհատեն 7 մլրդ. ԱՄՆ դոլարի սահմանագիծը:

Ադրբեջանում իրենց հատուկ ծառայությունների ներկայության ու Իրանի դեմ հետախուզական ու լրտեսկան գործունեության ընդլայնմանն ուղղված աշխատանքներն և հայկական բանակին պարտության մատնելու ծրագիրը հաջողվեց իրականացնել, որի արդյունքում Ադրբեջանի ու Իրանի սահմանը ընդլայնվեց և զգալի հեշտացավ Իրան ներթափանցելու հրեական ծառայությունների հնարավորությունները:

Մոտ 50 մլրդ, ԱՄՆ դոլարի նավթի ու զենքի պայմանագիր ունեցող Իսրայելին ու Ադրբեջանին ի՞նչ հակակշիռ է ներկայացնելու Հայաստանը՝ մոտ 1.5 մլն. ԱՄՆ դոլար դրամաշրջանառությամբ: Քանի միլաիրդի խաղողի թուփ, պահածոներ ու կոնյակ ենք պատրաստ արտահանել Իսրայել ու արդյո՞ք «ոչ կաշեռ» հայկական սննդի կարիքն այստեղ կա:

Պատերազմի ողջ ընթացքում  ու մինչև օրս զենքի վաճառքի դեմ իրականացրած ու իրականացվելիք բողոքի ցույցերը դեռ նկատելի արդյունք չեն տվել և իմ խորին համոզմամբ չեն տալու, քանզի սեփական բնակիչներին սննկացնելու, գործազուրկ դարձնելու, այնուհետև ստիպողաբար վակցինացիայի ենթարկող կառավարության համար գերխնդիրը իր զենքի վաճառքի ծավալների մեծացումն է: Ի դեպ ոչ միայն հայերի դեմ այլև Աֆրիկյան զանազան հեղափոխությունների ու դիկտատորների արյունարբու հաշվեհարդարներն ևս հրեական ավտոմատներով են արվել:

Էլ չենք խոսում ոչ Իսրայելում լույս տեսած այն հոդվածների մասին, որտեղ հետաքննող լրագրողները բացահայտում էին հրեական պետական և ոչ պետական անօդաչու թռչող սարքեր վաճառող ձեռնարկությունների ղեկավարների կողմից 100-150 մլն ԱՄՆ դոլարի հասնող Ադրբեջանից ստացված կաշառքների  ու այսպես կոչված «ատկատների» մասին:(Секретные подробности поставок оружия из Израиля в Азербайджан — в документах финансовой разведки США (istories.media) Երբ այս մարդիկ մեր երեխաների արյան հաշվին հարստանում են, իսկ  կառավարությունն էլ իր բյուջե է «սրսկում» միլիարդավոր նավթադոլարներ, ի՞նչ է մնում անելու Իսրայելահայերին, եթե ոչ հնարավորս հանրությանը հասնաելի դարձնել այս մեր կարծիքով Իսրայելի պատմության ամոթալի փաստերն ու հակաքարոզչություն իրականացնել պետական այն հզոր մեքենայի դեմ, որը նույնիսկ շատ դեպքերում հաշվի չի նստում աշխարհի գերտերությունների հետ, էլ ուր մնաց մի բուռ «խենթ» Իսրայելահայերի:

Իսրայելը շրջանցելով ՄԱԿ-ի բանաձևը միջազգայնորեն արգելված ավիառումբեր ու «Լոռա» հրթիռներ է վաճառել Ադրբեջանին, որի հստակ ապացույցները ներկայացրել է «Amnesty international» (Armenia/Azerbaijan: Civilians must be protected from use of banned cluster bombs | Amnesty International ) միջազգային կազմակերպությունն, որի գործունեությունը սահմանափակված է «դեմոկրատական» Իսրայելում (դե պաղեստինցիների հետ կապված հարցեր կան, ջրի երես դուրս կգան):

Ընտրություններին շատերը չեն գնալու, շատերը սպիտակ թուղթ են գցելու՝ դարձնելով իրենց ձայնն անվավեր, իսկ մի մասը ընդիմադիր Յաիռ Լապիդի օգտին են քվեարկելու՝ միայն ոչ Բիբին սկզբունքից ելնելով: Վերջին հասարակական կարծիքի հարցումները ցույց տվեցին որ հայերի իրավունքներով տարին մեկ անգամ ապրիլի 24-ի նախօրեին Ցեղասպանության բանաձևի ճանաչման հարցը  բարձրացնող «Մերեց» կուսակցությունը կարող է նույնիսկ չհաղթահարել խորհրդարան անցնելու պատնեշը:

«Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանն օրինակ բաձարձակ անտարբեր է «հայասպան» կառավարության կազմակերպած ընտրություններին մասնակցելու հետ կապված:

Նման պայմաններում նույնիսկ իրեն ամենուր ժողովրդավար համարող Իսրայելում ողջ օրվա ընթացքում թե կառավարող «Լիքուդի» և  ընդիմադիր կուսակցությունների կողմից զանգվածաբար խախտվում է ընտրությունների մասին օրենքը, երբ մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հեռախոսային հաղորդագրություններ են ստանում մարդիկ՝ այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար՝ չնայած լռության օրվան: Զանգվածաբար այս կամ այն ընտրատեղամասին մոտեցող քաղաքացիներին ագրեսիվ կերպով փորձում են ուղղորդել ու քվեաթերթիկ առաջարկել: Շատ դեպքերում ընտրատեղամասերի մուտքերի մոտ տեղադրված ու պաստառներով զարդարված սեղանիկների 150% վճարվող աշխատողները մրցում են մեկը մյուսի հետ, թե որ թեկնածուն է առավել արժանի ընտրվելու: Իսկ ըստ Իսրայելյան օրենսդրության միջազգային փորձագետներ չեն թույլատրվում հրավիրել ու հետևել նախընտրական ու ընտրական գործընթացներին: Իսրայելյան ընտրությունների արդյունքներն ո՞ր երկիրն է կասկածի տակ առնելու, – կհարցնեի ես:

Լավ իսկ ընտրություններին չմասնակցեցինք, փոքրիկ ու մեծ ցույցեր կազմակերպեցինք, հրեա լրագրողների հրավիրեցինք ու վերջիններս էլ չեկան լուսաբանելու: Ապրիլի 23-ին  ու 24-ին ցույցեր երթեր կազմակերպեցինք ու ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել: Որոշ հայեր, նրանց հետ էլ վերջերս ակտիվացած որոշ հայամետ հրեաներ կարծում են որ անընդհատ ցույցեր ու երթեր է պետք կազմակերպել ու հրեական հասարակությանը միշտ տեղեկացնել կառավարության հակահայկական քաղաքականության մասին, բայց միթե՞ սա է մեր համայնքի միակ ուղին:

Այստեղ հարց է ծագում, թե կա արդյո՞ք ելք ստեղծված իրավիճակից:

Ստորև ներկայացնում եմ ավելի քան 16 տարի Իսրայելի Քնեսետում մեր բանաձևերի քննարկմանը վերևից հետևող ու ավելի քան 17 տարի որոշակի հասարակական – քաղաքական հայեցակարգ ունեցող ձեր խոնարհ ծառայի տեսակետը:

Ակնառու շատ բացթողումների շարքում պետք է առանձնացնել մեկ ակնհայտ փաստ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը հսկայական անելիքներ ունի անելու Իսրայելում: Չափազանց անհեռատես եմ գնահատում կառավարության որոշումը դեսպանին հետ կանչելու հետ կապված: Ընդհակառակը պետք է լուրջ աշխատանք այստեղ տաներ դեսպանատունը, որը չարվեց: Հյուպատոսի մակարդակով աշխատանքը հավասարազոր չէ դեսպանատան գործունեության հետ: Հենց մեր ԱԳՆ- շատ դեպքերում խոչընդոտեց ու «խրախուսելի» չհամարեց հայասեր ու մեր համայնքի բարեկամ հրեա լրագրողներին հարցազրույցներ տալու մեր խնդրանքները: Օրերով չպատասխանելով ու գոնե մեկ անգլախոս պաշտոնյայի չտրամադրելով:

Երջանկահիշատակ Ժորժետ Ավագյանի մահվանից հետո «իր մահկանացուն» կնքեց նաև Երուսաղեմի «Հայ դատի» հանձնախումբը, որի տասնամյակների աշխատանքի արդյունքն էր մի շարք բանաձևերի հայտնվելն Իսրայելի քնեսետում: «Հայ դատից» հեռացան հայտնի համայնքային գործիչներ Սերոբ Սահակյանն ու Հակոբ Սևանը: Երիտասարդ նոր ղեկավարներն էլ մինչև օրս հստակ չեն ներկայացրել՝ կա հանձնախումբ թե չկա, ովքեր են անդամներն ու ինչպե՞ս են պատկերացնում հետագա աշխատանքը: Առանց սեփական համայնքը գովերգելու փաստենք, որ միակ հաղթանակը տարավ Պետախ Տիկվայի հայկական համայնքն, որն անցյալ տարի հրեական հողի վրա Իսրայել պետության պատմության մեջ առաջին անգամ հուշարձան կառուցեց նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Համայնքի թիկունքին կանգնեց գրեթե ողջ հայությունն ու պատրիարքարանը: Մինչև օրս քաղաքապետարանի հասցեին սպառնալիքներ են հնչում ու պահանջներ են ներկայացվում այն քանդելու հետ կապված:

Կարճ ասած կարելի է առանձնացնել մի քանի կարևոր ուղղություն՝

  1. Հայկական դիվանագիտական կորպուսի արհեստավարժ աշխատանք Իսրայելում՝ նոր երիտասարդ ու կամքի ուժ ունեցող դեսպանի ներգրավմամբ: Դեսպանատանը պետք է կազմակերպվեն ընդունելություններ ու գրքերի շնորհանդեսներ, պետք է հրավիրվեն հայ ժողովրդին բարեկամ ու ցայսօր որևէ հայկական կառավարության կողմից ըստ արժանավաույնս չգնահատված հրեա մտավորականներ և այլն:
  2. «Հայ դատի» հանձնախմբի աշխատանքների վերականգնում ու բոլոր միությունների առավել ակտիվ ու արհեստավարժ կադրերով համալրում հին «կաղապարային» ողբագին գաղափարախոսությունից ձերբազատվելու պայմանով:
  3. Հայոց պատրիարքի հովանու ներքո բոլոր միությունների ու կազմակերպությունների վերամիավորում ու բոլոր ծրագրերը համատեղ նաև պատրիարքարանի ֆինանսավորմամբ իրականացնելու անհրաժեշտություն՝ բացառելով բոլոր կուսակցական ու միութենական ամբիցիաններն և նկրտումները:
  4. Պարբերաբար կազմակերպվելիք ու արդեն հոգնեցրած ցույցերն ու հասարակական անհնազանդությունը չպետք է համարվի համայնքային պայքարի միակ ելքը:
  5. Խորհրդարանական ընտրություններից հետո հայ-հրեական խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքների ակտիվացում, այդ թվում մշակույթային օրերի համատեղ անցկացում:
  6. Նախպես ստեղծված բիզնես ֆիկտիվ ֆորումների լուծարում ու նոր երիտասարդ անձնակազմի երկու երկրներից ներգրավում:

Դեռ հույս ունենք:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամպը նպաստեց Իսրայելի ու Պարսից ծոցի արաբական երկրների միջև բարեկամության հաստատմանը, կնքվել են արդեն նավթային երկարաժամկետ պայմանագրեր, որով մեր ունեցած տեղեկությունների համաձայն կրճատվելու է ազերական նավթի ներմուծումն Իսրայել: Միջերկրականում Իսրայելի գազային ծրագրերին լուրջ վտանգ է ներկայացնում թուրքական ագրեսիան, որի դեմ կնքվել է հրեա-հունական նաև ռազմական համագործակցության պայմանագիր:

Երկար կարելի է խոսել Իսրայել-Ադրբեջան, Իսրայել-Թուրքիա, Հայաստան Իսրայել, Հայաստան-Իրան հարաբերությունների հակակշիռների ու Ռուսաստանի դերի մասին, բայց դրա ժամանակը չկա: Անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքից ուշ թե շուտ Իսրայելը կունենա խորհրդարան ու վաղը արդեն պետք է սկսել լուրջ աշխատել մեխանիզմի ներսում, շատ դեպքերում շատ հանգիստ առանց սոգիալական ցանցերում ավելորդ աղմուկ աղաղակ հանելու: