Հունիսի 30 – ին Պետախ Տիկվայի հայկական դպրոցը հանդեսով ավարտեց ուսումնական տարին

0
436

Հունիսի 30 – ին Պետախ Տիկվա քաղաքի հայկական դպրոցն շատ գեղեցիկ հանդեսով եզրափակեց 2021-2022թթ. ուսումնական տարին: Դպրոցի ուսուցչուհի Անի Հարությունյանն՝ երեխաների ընկեր Անին պատրաստել էր հայկական տառերն ու բազմաթիվ անակնկալներ և հանդեսից հետո երեխաներին դպրոցի ղեկավարության ու ուսուցչուհու կողմից 2019թ.-ից բացված փոքրերի դասարանի աշակերտների ուսումնական գործընթացն ու միջոցառումները  ներկայացնող հուշ-ալբոմեր նվիրվեցին: Հայկական դպրոցը հիմնադրվել է Պետախ Տիկվայում 2004թ.-ին ու 25 աշակերտ ունեցող դասարաններում դասավանդվում էր ոչ միայն Հայոց Լեզու, այլև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի շնորհիվ նաև հայկական երգ և երաժշտություն, ինչպես նաև գործում էր հայկական պարի խմբակը: Այս տարիների ընթացքում սերընդափոխություն տեղի ունեցավ ու աշակերտների թվի պակասի պատճառով որոշակիորեն տուժեց նաև դպրոցը:

Այսօր մեր քաղաքի կրթոջախն ունի 19 աշակերտ ու գլխավոր հիմնախնդիրը հեռավորությունն է, որի պատճառով շատ ծնողներ մշտապես երեխաներին չեն կարող շաբաթական երկու կամ մեկ անգամ դպրոց բերել: Չնայած առկա հիմնախնդիրներին, համայնքը պատրաստ է նույնիսկ մեկ երեխայի համար ուսումնական գործընթացը չընդհատել:

Ընդհանրապես դպրոցի դասարաններում սովորել են ոչ միայն տեղի համայնքի աշակերտներն, այլև տարբեր քաղաքներից երեխաներ, Բատ Յամից, Արիելից, նույնիսկ հարավային Կիրյատ Գատից:

Դպրոցի տնօրինությունը ծնողների հանգանակությունների հաշվին ձեռք է բերել նաև գերժամանակակից պրոյեկտոր, համակարգիչ և համերգներ կազմակերպելու համար սարքավորումներ՝ ուսումնական գործընթացն  ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար: Մեթոդաբանական ձեռնարկներով տարվող ուսուցումն իրոք շատ գնահատելի է, քանզի կա հստակ ժամանակացույց և ծրագիր՝ ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար:

Այս տարի նաև բաց դաս էր կազմակերպվել դպրոցում՝ կրոնի, հավատքի ու հայկական հեթանոսական դիցարանի ու տարբեր հավատալիքների թեմայով:

Ի տարբերություն նախորդ երկու տարիների, երբ համատարած կարանտինի ու սահմանափակումների պատճառով շատ տուժեց ուսումնական գործընթացը, 2022թ. – ի մարտից արդեն բոլոր սահմանափակումները վերացվեցին ու ի վերջո դպրոցը կարողացավ վերսկսել բնականոն ուսումնական գործընթացը:

Ավելի քան 9 տարի Պետախ Տիկվայում միասին աշխատող «Նաիրի» և  «Նոյան Տապան» միությունների համատեղ ջանքերով ավելի արդյունավետ է դարձել դպրոցի աշխատանքն ու յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու անգամ դպրոցականները մեկնում են  Երուսաղեմ կամ մեկօրյա ճամբարներ են կազմակերպվում նրանց համար: Կազմակերպությունները քննարկում են սեփական սկաուտական կազմակերպությունը ստեղծելու ծրագիրը:

Թերթի խմբագրությունը շնորհավորում է դպրոցի աշակերտներին  ուսումնական տարվա ավարտի հետ կապված ու մաղթում հաջողություններ: