Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են գտնվել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը

0
488

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք:  

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:

Անկասկած, ընդհանուր արժեք­ների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:

Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղա­քա­կանության կարևոր առաջնահերթյուն­ներին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Ներկայիս բարդագույն մարտահրա­վեր­ների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե , նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝  համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա  իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերու­թյուններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտե­սության, դեղագործության, տեղե­կատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերու­թյունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածա­շրջանային և միջազգային մակարդակով։

Մեր երկկողմ համագոր­ծակ­ցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպոր­տային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնու­թյունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրակա­նացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակ­ցությանը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրում­ներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակ­ցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Աղբյուրը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ