Ժամանակին Իսրայելը նույն զենքն առաջարկում էր Հայաստանին, բայց Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախընտրում էին ռուսական անորակ զիբիլը

0
445

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր ու Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի»  միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ կապված։ Նույնիսկ պաշտոնական մակարդակով հայտարարություններ են հնչում, որ տեղի ունեցածը վերջը չէ և Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակումների։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր տարածաշրջանում։

Ես կիսում են այն կարծիքը, որ այս ամենը շարունակություն է ունենալու և տարածաշրջանում նոր զարգացումներ են լինելու։ Վերջին եռօրյա պատերազմը շատ թանկ գին էր հայ ժողովրդի համար։ Որքա՛ն շատ հայ զինվորներ կորցրեցինք այս տարիների ընթացքում։ Պետք է պատրաստ լինենք նորանոր մարտահրավերների․ ես համաձայն եմ, որ  սա վերջը չէ։

Ի՞նչ պետք է անել։  Ամբողջ ազգն այսօր համամիտ է այն կարծիքի հետ, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, նոր ռազմավարական ուղղություն մատնանշել։  Նշում են, որ նման քայլի դեպքում գազ կամ այլ բան կկտրեն։ Իսկ միթե՞ գազը մեր  երեխաների կյանքերից թանկ է։

Ես գրեթե երկու տասնամյակ ապրում եմ Մերձավոր Արևելքում՝ Իսրայելում, որտեղ կա նույն խնդիրը՝  անընդհատ հարձակումներ, հրթիռային հարվածներ։ Իսրայելում երբեմն իրավիճակը շատ ավելի դաժան է լինում, երբ դուրս ես գալիս փողոց ու ինչ-որ ահաբեկիչ՝ հացի դանակը ձեռքը, մտնում է միկրոավտոբուս ու սկսում մարդկանց դանակահարել։

Մենք պետք է միշտ պատրաստ լինենք տարբեր մարտահրավերերի՝ այնպես, ինչպես Իսրայելում։ Ի՞նչ պետք է անենք՝ փոխենք մեր աշխարհաքաղաքական վեկտորը։ Ի վերջո՝ այս սատկած, մեռած ՀԱՊԿ կոչեցյալից, Ռուսաստանի հետ կնքած բոլոր պայմանագրերից մենք պետք է դուրս գանք։ Չաշխատող, հետամնաց, 80-ականների  հակաօդային պաշտպանության համակարգով մենք ինչպե՞ս կարող ենք մեզ պաշտպանել։

ԱՄՆ-ից մեսիջները շատ հստակ են՝ դուրս եկեք ՀԱՊԿ-ից, մենք ձեզ կօգնենք։ Հայ ժողովուրդը պետք է պայքարի, աշխարհին ապացուցի, որ պատրաստ է կռվել հանուն ժողովրդավարության, և այդ դեպքում աշխարհը մեզ ձեռք կմեկնի։ Որևէ արևմտյան պետության մեզ զենքով չի կարող աջակցել, քանի դեռ մենք Հայաստանում ունենք ռուսական ռազմական բազաներ։ Կան պետություններ, ինչպես օրինակ Հնդկաստանը, որ կարող է մեզ զենք տալ, նույնիսկ հաշվի առնելով ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը, բայց ինչպե՞ս պետք է այդ զենքը  հասցնել Հայաստան։ Ադրբեջանն ու Ռուսաստանը Հայաստանին պահում են շրջափակման մեջ,  Հայաստանը չի էլ կարող զենք ձեռք բերել։ Մամուլում կան մի շարք հրապարակումներ, որ դեռ նախքան ուկրաինական պատերազմը Հայաստանը մեծ քանակությամբ գումար է վճարել ռուսական զենք ստանալու համար, բայց այդ զենքը չի ստացել։ Ինչու՞, որովհետև Պուտինն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն Հայաստանը զինաթափել։ Ես զարմանում եմ, որ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե օրակարգում չունեն ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր։ Սա նորմալ չէ։ ԴԵռ որքա՞ն պետք է  մեր երեխաներին զոհենք սահմանների վրա։ Եթե զենք տան՝ մենք էլ կարող ենք երկրորդ Ուկրաինա դառնել։ Ես հիշում եմ՝ 90-ականներին հրացաններով էին մեր տղաները դիրքերը պաշտպանում ռուսական ՍՈւ-երի ու ՄիԳ-երի դեմ։ Այն ժամանակ Ռուսաստանը թույլ էր, «կոլցո» օպերացիայով էլ ապացուցեց, թե ում կողմն է։ Մինչև ռուսական բանակը կհասներ՝ որքա՛ն մարդ կորցրեցինք Սումգայիթում ու Բաքվում։ Միթե՞ այս տարիների դասերը մեզ ոչինչ չտվեցին։ Հիմա նորից հայտարարում են՝ բա որ գազն ու Էլեկտրաէներգիան կտրեն․․․․ ժամանակին չվաճառեիք այդ ամենը, ո՞վ է մեղավոր։ Հինգերորդ շարասյունն էլ այսօր  շարունակում է այդ կեղտոտ  քարոզչական գործը։

-Մենք տեսնում ենք, որ չնայած շարունակվող ռազմական գործողությունների, Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին՝ հիմնավորելով, որ դա բիզնես գործարք է։ Համացանցում կան տեսնայութեր նույնիսկ այս օրերին զենքի փոխադրման վերաբերյալ։ Արդյո՞ք հնարավոր չէ զսպել այս ամենը, միայն բիզնես գործա՞րք է, թե՞ նաև քաղաքականություն։

– Իսրայելն ունի Ադրբեջանի հետ կնքած 44 մլրդ դոլարի նավթի պայմանագիր։ Մինչև 2018 թվականը հինգ միլիարդ դոլարի զենքն արդեն ստացել էր։ Դրանից հետո 700 միլիոնի ԱԹՍ-ներ գնեցին, հիմա էլ  ընդհանուր առմամբ 2 մլրդ  դոլարի գերժամանակակից զենքեր են գնելու։ Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել Իսրայելին։ Այսօր Իսրայելն Ադրբեջանից ստանում է իր նավթի 33 տոկոսը, որի փոխարեն էլ նրանք ստանում են զենք։ Մենք ի՞նչ կարող ենք առաջարկել Իսրայելին։ Մենք Իրանի բարեկամն ենք, ունենք բարիդրացիական հարաբերոթյուններ, ինչին Իսրայելը վատ աչքով է նայում։ Ինչու՞ Իսրայելն աջակցեց  Ադրբեջանին այս պատերազմի ժամանակ, որովհետև իրենց պետք էր, որ Ադրբեջանը հաղթեր պատերազմում ու այդ տարածքներից  իրենք կարողանան հետախուզական ԱԹՍ-ներն ուղարկել Իրան ու Իրանի խորը տարածքում իրենց հետախուզական  աշխատանքներն իրականացնել։ Ադրբեջանն իր տարածքը տրամադրել է Իսրայելին, այդեղից   Իրանի նկատմամբ լրտեսություն, հետախուզություն իրականացնելու համար․ ամեն ինչ շատ հստակ է։

Երկրորդ՝ իմ ունեցած տվյալներով, դեռ շատ վաղուց Իսրայելը մեզ զենք է առաջարկել, բայց մենք այդ հնարավորությունից չենք օգտվել, որովհետև Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարությունները կարծում էին, որ իսրայելական զենքը շատ թանկ է, մենք էլ Ռուսաստանի բարեկամն ենք,  Ռուսաստանն էլ չի թողնում ուրիշից առնենք, ուստի ավելի լավ է ռուսական հետամնաց, երբեմն չկրակող զենքն առնել։ Հրթիռը չի տրաքում, տաս տոկոս է պայթում, անորակ զիբիլ զենք է։ Ես ՀՀ ԶՈւ-երի զինծառայող եմ եղել, հիշում եմ՝ ինչեր էինք ուտում, ինչ էինք հագնում։ Հոկտեմբերի 27-ին հասարակ շոր չունեինք հագնեինք, որ գնայինք Ազգային ժողովի պատերի տակ կանգնեինք։

-Կա՞ հնարավորություն, որ գոնե ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելից այդ մատակարարումները տեղի չունենան։

– Ո՛չ, հնարավոր չէ։ Իսրայելը կարծում է, որ իր բարեկամ պետությանը, դաշնակցին զենք է տալիս։ Ունեն պայմանավորվածություն, երբ զենքը վերջանում է, արտադրում տալիս են։ Կամ արտադրած ունեն՝ տալիս են։ Կա խնդրի բարոյական պահը։ Պետությունները պատերազմի ժամանակ գոնե մի քանի օր զենք չեն մատակարարում։ Բայց սա Իսրայելին չի վերաբերում, նա  պարբերաբար զենք է ուղարկում։ Այստեղ արդեն ԱՄՆ հայկական լոբբիի խնդիրն է առաջ գալիս ։ ԱՄՆ-ում կան կառույցներ, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման համար էին պայքարում, հիմա էլ  մեր կառավարության դեմ են պայքարում։ Բայց դրա փոխարեն, թող կոնգրեսականներին ու սենատորներին ասեն, որ վերջիններս իրենց լծակներով Իսրայելի վրա ազդեցություն ունենան, որ գոնե պատերազմի ժամանակ իրար հետևից զենքով ինքնաթիռներ չուղարկեն Բաքու։

-Իսրայելի հետ ուղիղ աշխատանքն ինչքանո՞վ կարող է մեղմել իրավիճակը։ Վերջերս Իսրայելում նոր դեսպան նշանակվեց, կարծում եք դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի՞ հասնել հաջողության։

– Մենք երկում ցնծությամբ ընդունեցինք Հայաստանի դեսպանատուն բացելու լուրը։ Իսրայելահայերիս համար սա շատ կարևոր նորություն էր։ Առաջին դեսպանն Արմեն Սմբատյանն էր։ Նախքան դեսպանատունը կգործեր,օգոստոսին հայկական համայնքի ղեկավարները հանդիպումներ ունեցան դեսպանի հետ։ Իսկ  սեպտեմբերին պատերազմ սկսվեց, դեսպանին հետ կանչեցին, մնացինք առանց դեսպան։ Չնայած դեսպանատունը գործում էր՝ հյուպատոսական մակարդակով։ Հիմա նոր դեսպան ունենք, գոհ ենք նրա աշխատանքից, մեր համայնքը շատ ջերմ հարաբերություններ ունի։ Մարդիկ տասնյակ տարիներ չէին կարողանում անձնագրեր վերանորոգել, որովհետև մեր դեսպանը նստած էր Եգիպտոսում։ Իսկ հրեական անձնագրով Եգիպտոս գնալ-գալն այնքան էլ խրախուսելի  չէր Իսրայելի քաղաքացիների համար։ Այդ խնդիրը կարծես լուծվեց։

Իսկ դիվանագիտական գետնի վրա, ըստ իս, մերոնք շատ անելիքներ ունեն։ Մեր փոքրիկ համայնքի անունից կարող եմ ասել, որ մենք ավելի շատ բան ենք անում, քան արտաքին գերատեսչությունը կամ թեկուզ Ազգային ժողովը՝ Իսրայել-Հայաստան  խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելով, Իսրայել գնալ-գալով։ Արդյունքում այդ  ամենից ոչ մի բան էլ դուրս չեկավ։ Պատերազմ տեղի ունեցավ․․․

Բայց մենք  տեղում՝ քաղաքապետարանի հետ 20 տարունց ավել համագործակցում ենք և այդ համագործակցության արդյուքնում՝ Իսրայելի հողի վրա, մի երկրում, որը մինչ այսօր Հայոց Ցեղասպանությունը չի ճանաչել և չի ճանաչելու, տեղադրեցինք Ցեղասպանությանը նվիրված հուշարձան-կոթող։ Ողջ շինանյութը բերեցինք Հայաստանից, քաղաքապետարանն էլ ջրահեռացման, բոլոր հարցերով բավականին մեծ գումարներով օգնեց, որպեսզի կարողանաինք պատվանդանը, էլեկտրաէներգիայի ու այլ աշխատանքներն ավարտին հասցնել։ Այստեղ  տասնյակ համերգներ, ցուցահանդեսներ ենք անցկացնում։ Ամեն տարի տարի մի քանի միջոցառում ենք իրականացնում։ Այս տարի ապրիլի 24-ին, օրինակ,  քաղաքապետարանի աջակցությամբ, դիվանագետների, դեսպանի ու հյուպատոսի ներկայությամբ, մեծ համերգ կազմակերպեցինք՝ նվիրված  Հայոց Ցեղասպանությանը և հենց մեր հուշարձանի տեղադրման վայրում։ Մենք փաստորեն հրեաների հետ ավելի շատ աշխատանք ենք իրականացնում, քան հսկայական դիվանագիտական կորպուստը։ Սա փաստ է։ Իմ կարծիքով՝ հայ-հրեական հարաբերությունների ամրապնդման համար՝ սպորտի, մշակույթի ու տարբեր ոլորտներում շատ միջոցառումներ պետք է տեղի ունենան Իսրայելում։ Մեզ  այս հարցում պետք է Հայաստանի կառավարության աջակցությունը։

Պետք է հաճախակի դառնան փոխայցելություններն։ Իսրայելում նորից խորհրդարանական ընտրություններ են լինելու, երեք տարվա ընթացքում անընդհատ ընտրություններ են լինում, նորմալ խորհրդարան ձևավորված չէ։ Երրորդ ընտրություններից տարիուկես անց ամեն ինչ փուզվեց, առ այսօր չունենք Իսրայել-Հայաստան բարեկամության խումբ։ Նախկին ղեկավարը՝ Քնեսեթի փոխխոսնակը չընտրվեց պատգամավոր, նա մեր բարեկամն էր, և  ահա իր չընտրվելով խորհրդարանական խումբ այդպես էլ չձևավորվեց։

Սրան զուգահեռ Իսրայելում հսկայական հակահայական պրոպոգանդա է իրականացվում՝ առաջատար մամուլի էջերով։ Միջին թերթին վճարովի  հոդված տալը մոտ 2500 դոլար արժե։Պատկերացրեք ադրբեջանական լոբբին ինչ գումարներ է  ծախսում, որ ամեն շաբաթ  մեկ-երկու նման հոդված լույս տեսնի։ Մենք սրա փոխարեն գերադասում ենք այդ գումարը հավաքել տալ մեկ հայ զինվորի ընտանիքին կամ բաժանել 10 ընտանիքների միջև։ Մեր փոքրիկ համայնքը, որ  առավելագույնը  10 հազար է , հսկայական օգնություն է  ցուցաբերել  44-օրյա պատերազմի ժամանակ։ Մինչ այսօր էլ շարունակում ենք այդ ծրագրերն իրականացնել։

Աղբյուրը՝ Առաջին լրատվական