Իսրայելում կձևավորվի ծայրահեղ աջակողմյան կառավարություն

0
318
Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը կնոջ հետ ընտրատեղամասում
Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը կնոջ հետ ընտրատեղամասում

Նոյեմբերի 1-ին Իսրայելում անցկացված 25-րդ Քնեսեթի արտահերթ ընտրություններն մասնակցելու և ընտրելու իրավունք ունեին 6,788,804 Իսրայելի քաղաքացիներ, որոնցից ընտրություններին մասնակցեցին 70.6%, ընդհանուր՝ 4.793.641 իսրայելցի, 29.947 քվեաթերթիկ հայտարարվել է անվավեր տարբեր պատճառներով: Այս ընտրություններում ընտրական շեմը (ընտրողների թվի 3.25% -ը) կազմել է 154.820 ձայն: Մոտ 418,055 ձայն է տրվել այն կուսակցությունների օգտին, որոնք չեն հաղթահարել նվազագույն շեմը: Ինչպես օրինակ՝ «Մերեցն» (մոտ 150 000) և «Բալադ» – (մոտ 137 000) կուսակցությունները:

Սեպտեմբերի 15-ին ավարտվել էին այն կուսակցությունների և դաշինքների գրանցումը, որոնքմասնակցելու էին նոյեմբերի 1-ին Քնեսեթի ընտրություններին։ Ընդհանուր առմամբ իրենց ցուցակները ներկայացրել էին 40 կուսակցություն և դաշինք։ Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ընտրությունների արդյունքները՝

Մանդատների բաշխում.

«Լիքուդ» – 32

«Յեշ ատիդ» – 24

«Կրոնական սիոնիզմ» – 14

«Պետական ճամբար» – 12

«Շաս» – 11

«Յահադութ Հատորա» – 7

«Իսրայել Բեյտեյնու»– 6

«Խադաշ-Տաալ» – 5

«Ռաամ» – 5

«Ավոդա» – 4

Այսպիսով, Բենյամին Նեթանյահուի գլխավորած աջ կրոնական բլոկը ստացավ 64 մանդատ, ներկայիս կառավարական կոալիցիայի կուսակցությունները – 51, «Խադաշ-Տաալ» – 5, «Ռաամ» – 5:

Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը կհանձնարարի ընդդինության առաջնորդ, նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուին ձևավորելու նոր կառավարություն: Իսրայելի քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանված է 4 մասի աջակողմյան, կենտրոնամետ, ձախակողմյան և արաբական սեկտորը: Մնացածն այս կամ այլ կերպ ընդգրկված են որևէ մեկ ուղղության մեջ:

Նախ գլխավոր քաղաքական ուժն, որ միավորում է աջակողմյան ճամբարը Իսրայելի Ազգային ազատական ​​քաղաքական կուսակցությունն է՝ «Լիքուդը»: Թարգմանաբար նշանակում է միավորում, համախմբում: Այն ղեկավարում է նախկին վարչապետ, այժմ խորհրդարանում ընդիմության ղեկավար Բենիամին Նեթանյահուն: Այս կուսակցությունն տարիներ շարունակ կուալիցիա է կազմում աջակողմյան ուժերի ու օրթոդոքս ծայրահեղ կրոնականների կուսակցությունների հետ: Նրանց հիմնական գաղափարախոսությունն Իսրայել պետության հրեական պետության գաղափարն է, արաբների հետ ուժի դիրքերից խոսելն ու դեմ են երկու պետություն երկու ազգ սկզբունքին՝ ասել կուզի դեմ են Պաղեստին պետության ստեղծմանը: 2018 թվականի հուլիսին Քնեսետի կառավարող կուսակցությունը ընդունեց Ազգային օրենքն, որը երկիրը հռչակեց հրեական՝ այսպիսով արաբերենը դադարեց պետական երկրորդ լեզու լինելուց, իսկ ազգային փոքրամասնություններն էլ ճիշտ է որպես քաղաքացի համարվում են լիարժեք, բայց շատերի գնահատմամբ երկրորդ կարգի քաղաքացիներ դարձան:

Կենտրոնական ճամբարը ղեկավարում է «Յեշ Ատիդ» կուսակցությունը՝ ներկայիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յաիր Լապիդի ղեկավարությամբ: Թարգմանաբար – «Կա ապագա»: Նրանք հանդես են գալիս երկիրն ավելի դեմոկրատական դարձնելու, ուղղափառ ծայրահեղական հրեաների ֆինանսավորման մասնակի դադարեցման ու քաղաքացիական օրենքների ու իրավունքների պահպանման դիրքերից: Մեկ ու կես տարվա կառավարման արդյունքում միջազգային հարթակում բավականին լայն դիվանագիտական աշխատանքներ կատարվեցին, ու բարելավվեցին հարաբերությունները մի շարք արաբական երկրների, Թուրքիայի ու Լիբանանի հետ:

2-րդ ամենախոշոր կենտրոնամետ ուժը «Համախանե համամլախտի» նորաստեղծ դաշինքն է: Թարգմանաբար Պետական ​​ճամբար կուսակցությունը: Այն ղեկավարում է վարչապետի թեկնածու Բենի Գանցն, որը ներկայիս պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է:

«Կրոնական սիոնիզմ» – 14  մանդատ ստացած ու Նեթանյահուի բլոկի մեջ կոալիցիայի մաս կազմող այս քաղաքական միավորը նոր ձևավորված դաշինք է՝ այն անվանվում է «Հա-Ցիոնուտ հա-դատիտ վէ օցմա Յեհուդիտ» – թարգմանաբար «Կրոնական սիոնիստներ և հրեական հզորություն»:  Դաշինքի «Կրոնական սիոնիստներ» կուսակցությունը ղեկավարում է  ծայրահեղ կրոնական, օրթոդոքս Բեցալել Սմոտրիչը:

«Հրեական հզորություն» կուսակցութունը՝  ծայրահեղ կրոնական, օրթոդոքս, կրոնական ահաբեկչության մեջ մեղադրվող Իտամար Բեն-Գվիրն, որի մասին օրինակ նոյեմբերի 5-ին «Յեդիոտ ախրոնոտ» – ի մեկնաբան Իտամար Այխները գրում է, որ հնարավոր է ԱՄՆ բոյկոտի Իտամար Բեն-Գվիրի ներքին անվտանգության նախարար նշանակելու Նեթանյահուի մտադրությունն ըստ կոալիցիոն համաձայնության, քանզի ԱՄՆ ահաբեկչության մեջ երբևէ մեղադրված անձանց հետ չի աշխատում: Համացանցն ողողված է Բեն-Գվիրի իր համախոհների հետ միասին արաբների վրա կատարած հարձակումների ու ծեծկռտուքի տեսարաններով:

Ցավոք սրտի տնտեսական ու քաղաքական ճգնաժամը մեծամասամբ աշխարհիկ խավի մեջ ձևավորեց անտարբերություն, աշխարհում ամենաթանկ քաղաք հռչակված Թել Ավիվի ու մյուս աշխարհիկ բնակչություն ունեցող քաղաքների բնակիչները չցուցաբերեցին քաղաքացիական բավական ակտիվություն, որի պատճառով հեռուստացույց ու նույնիսկ տանը ռադիո չունեցող օրթոդոքսները մեկ մարդու նման գնացին ընտրատեղամասեր՝ իրենց հոգևոր առաջնորդների հորդորներով:

«Շաս»  և «Յահադութ Հատորա» –  կուսակցություններն ևս օրթոդոքս հրեաների կուսակցություններ են, որոնք ուղղափառ հրեաների միություններ են ու մաս են կազմելու նոր կառավարության:

Լապիդի կառավարությունն որդեգրել էր ուղղափառ հրեաների կուսակցությունների ու նրանց սոցիալական վճարումների կրճատման ծրագիրն, որը լայն հավանության արժանացավ ոչ կրոնական խավի կողմից: Ուղղափառ հրեաների մի ստվար զանգված չի աշխատում և ստանում է պետությունից յուրաքանչյուր երեխայի համար որոշակի սոցիալական օգնություն, իսկ ընդհանուր նրանց թիվը 1,5 մլն քաղաքացի է, ու նույնիսկ եթե 20 տոկոսն էլ չաշխատեն, դժվար չէ պատկերացնել, թե երկրի բյուջեի վրա ինչպիսի ծանր բեռ է նման խավերի սոցիալական վճարները ժամանակին փոխանցելը:

«Իսրայել Բեյտեյնու»– թարգմանաբար «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ 6 մանդատ է ստացել: Այս Լիբերմանի պաշտպանության նախարար եղած տարիներին, երբ նա Նեթանյահուի հետ նույն թիմում էր, կնքեց Ադրբեջանին գեր արդիական զինատեսակների վաճառքի պայմանգրերը:

«Խադաշ-Տաալ» և «Ռաամ» –ը արաբական սեկտորի կուսակցություններն են, որոնք այս ընտրություններում շատ քիչ պատգամավորական մանդատներ ունեցան ու նույնիսկ Յաիր Լապիդի կոալիցիային միանալու դեպքում կենտրոնական կուսակցությունները չկարողացան ձևավորել խորհրդարանական մեծամասնություն:

Ինչ վերաբերում է անցողիկ շեմը չհաղթահարած ձախակողմյան ու հայերի իրավունքները Քնեսետում պաշտպանող «Մերեց» կուսակցությանն, ապա նաև նրանց պասիվ աշխատանքի, գաղափարների չթարմացման ու տարիներ շարունակ հայերի համայնքային պատասխանատուների հետ հանդիպումներ չկազմակերպելն ու կոալիցիայի մեջ գոյություն ունեցող հակասությունները կատարեցին իրենց «սև գործը»: Առաջին անգամ իր ստեղծման պատմության մեջ այմ Քնեսետում չհայտնվեց:

Չափազանց հուզիչ էր կուսակցության ղեկավար Զահավա Գալոնի ելույթը: Նա խոստանում էր շարունակել պայքարը:

Նախկինում Իսրայելում տասնամյակներ գործում էր Հայ Դատի հանձնախմբի տեղի մասնաճյուղը: կատարվում էր լուրջ աշխատանք քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ՝ Հայոց Ցեղասպանության բանաձևը Քնեսետ բերելու և ճանաչման համար քվեարկություններ կազմակերպելու համար: 2019 թվականի հուլիսի 13-ին Հայ Դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղի ղեկավար Ժորժետ Ավագյանի մահից հետո փաստացի այս հանձնախումբը դադարեց գոյություն ունենալ: Մեկ տարի փորձեր եղան նոր երիտասարդներով համալրված հանձնախումբ ստեղծել, սակայն այն փաստացի չի գործում:

Հայկական համայնքի ձայները 3 մասի բաժանվեցին հիմնականում՝ «Մերեց», «Լիքուդ» և «Յեշ ատիդ»  կուսակցությունների օգտին քվեարկեցին:

Հայերն, որևէ լուրջ սպասելիքներ միշտ էլ չեն ունեցել ընտրություններից՝ Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչման հետ կապված: Իսկ որպես Իսրայելի քաղաքացի մյուս բնակիչների նման սպասում են նոր թանկացումներին: